Վրացի նախարարը հիացած է «Զվարթնոց» օդանավակայանով

Պաշտոնական, Օրվա լուր | | November 8, 2011 18:36

Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրավերով Երևանում գտնվող Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան այսօր հայաստանցի իր գործընկերոջ հետ հանդիպեց լրագրողներին:
Վարդանյանը նախ ներկայացրեց հանդիպման ընթացքում քննարկված հարցերը` ներկայացվել են միջազգային բեռնափոխադրումների ներկա վիճակը, միջազգային ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների հեշտացման հարցը, միջազգային ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների համար պահանջվող տեխնիկական ստանդարտները:

Կողմերը փորձի փոխանակում են կատարել միջազգային բեռնափոխադրումների լիցենզավորման, վտանգավոր բեռների փոխադրման հարցերի շուրջ, խոսել են Հայաստանում և Վրաստանում ներդրումային ծրագրերի իրականացման մասին: Տեղեկատվություն է փոխանակվել երկու երկրներում թվային տախոգրաֆների ներդրման ընթացքի վերաբերյալ:
Մ. Վարդանյանը հայտարարեց, որ երկու երկրների քաղաքական ղեկավարությունները, ունենալով ջերմ, բարիդրացիական հարաբերություններ, ունեն պայմանավորվածություններ, որոնց մի մասն այս նախարարությունների հետ պետք է իրականացվեն: Հայ ու վրացի գործընկերները քննարկել են նաև կապի ոլորտում առկա խնդիրները:

Ասուլիսում վրացի երիտասարդ նախարարն ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում, հետաքրքիր հանդիպումներ է ունեցել: Հույս հայտնեց, որ կկարողանան իրականացնել հետաքրքիր ծրագրեր: «Ծրագրեր ունենք տրանսպորտի զարգացման ոլորտում»,-ասաց Վերա Կոբալիան, ավելացնելով, որ Մանուկ Վարդանյանն արդեն վաղն իր հետ կլինի Վրաստանի մայրաքաղաքում, խնդիրների քննարկումները կշարունակվեն այնտեղ:

Վրացի նախարարը հայտնեց, որ իրեն դուր է եկել «Զվարթնոց» օդանավակայանը: Այն դասեց աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայանների ցանկը, նշեց, որ հնարավոր է Հայաստանի փորձը կիրառվի նաև Վրաստանի քաղաքներից մեկում:
Մի քանի օրից հայ-վրացական կառավարական հանձնաժողովի նիստ է լինելու: Մ. Վարդանյանն ասաց, որ հարցերի լուրջ քննարկումը կշարունակվի այդ նիստի ընթացքում, չբացառեց համաձայնագրերի ստորագրումը:

 

Panorama.am

 

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply