Հնդկաստանի կապի եւ ՏՏ պետնախարար Սաչին Պիլոտին շնորհվել է ՀՊՃՀ ոսկե հուշամեդալ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 8, 2011 18:25

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտը նոյեմբերի 8-ին այցելել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) եւ արժանացել համալսարանի ոսկե հուշամեդալի:

Համալսարանից հայտնում են, որ ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ Ճարտարագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից երախտիքի եւ շնորհակալության խոսքեր ուղղել նախարարին ու Հնդկաստանի կառավարությանը` հայ-հնդկական կենտրոնի հիմնադրման առիթով:

«Կենտրոնի բացումը Երեւանում էապես կօժանդակի կրթական հաստատություններին` ՏՏ ոլորտում գործող` մասնագիտական պատրաստվածության առումով խստապահանջ ձեռնարկությունների համար բարձրորակ կադրեր պատրաստելու գործում»,- նշել է ռեկտորը:

Հանդիպման ընթացքում ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանը պետնախարար Սաչին Պիլոտին է հանձնել համալսարանի բարձրագույն պարգեւը` ՀՊՃՀ Ոսկե հուշամեդալ:

Սաչին Պիլոտն ասել է, որ իրեն անչափ գոհացնում է այն փաստը, թե հայերը հին դարերից մինչ այժմ որքան են կարեւորում գիտելիքը եւ կրթությունը: «Ներկայիս արագ զարգացող ՏՏ ոլորտը խիստ պահանջներ է դնում համապատասխան մասնագիտություններ ունեցող բուհերի եւ ուսանողների առջեւ: Ուստի պետք է օգտագործել բոլոր միջոցները եւ հնարավորությունները` երիտասարդներին գիտելիքներով զինելու եւ մրցունակ դարձնելու համար: Կարծում եմ` այս հարցում հայ-հնդկական կենտրոնը կծառայի նաեւ այդ նպատակին»,- ասել է պետնախարարը:

 

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply