Տիգրան Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ տնտեսական համաժողովին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 8, 2011 11:37

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային երկօրյա այցը Բրյուսել: Այցի առաջին օրը ՀՀ կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Եվրոպայի ժողովրդական կուսակցության կազմակերպած «Ապահովելով եվրոյի ապագան առավել խորը տնտեսական ինտեգրման միջոցով» խորագիրը կրող համաժողովին, որին մասնակցել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տնտեսագետներ և այլն:

Քննարկումների առանցքում միասնական արժույթի պաշտպանության հիմնախնդիրներն են, քաղաքական առավել սերտ ինտեգրումը, եվրոպական կառուցակարգային բարեփոփոխումները, բանկային կապիտալիզացիայի, հանրային պարտքի և միասնական արժույթի կայունության միջև առկա կապը, մակրոտնտեսական կայունությունն ու այլ խնդիրներ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցի երկրորդ օրը կմեկնարկի Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների հետ աշխատանքային նախաճաշով:
Նոյեմբերի 8- -ին վարչապետը կմասնակցի ԵԺԿ քաղաքական վեհաժողովին: Այցի ավարտին վարչապետը կհանդիպի «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության անդամների հետ:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը , ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը և այլ պաշտոնատար անձինք:

 

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply