ԵԱՀԿ-ն և ԱԻՆ-ը մոտեցնում են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 7, 2011 21:01

Նոյեմբերի 7-ին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` «Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի գնահատման հետազոտություն» ծրագրի իրականացման վերաբերյալ:

Ծրագրի նպատակն է`
• իրականացնել Նուբարաշենի տեղանքի տեխնիկական  հետազոտում և գնահատում.
• իրականացնել Նուբարաշենի գերեզմանոցի տարածքում գտնվող գյուղերում առողջապահական ռիսկերի գնահատում.
• աշխատել պետական պաշտոնյաների հետ` գնահատման հետազոտության մշակման հետ կապված նրանց կարողությունները հզորացնելու համար.
• արդյունքները ներկայացնել դոնորներին` Նուբարաշենի տեղանքը վնասազերծելու ու բացահայտված առողջապահական ռիսկերը լուծելու նպատակով գումար հավաքելու համար:

Հուշագրի ստորագրումից հետո ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան և ԱԻ նախարար Արմեն Երիցյանը պատասխանեցին լրագրողների հարցերին։

***
1982 թ. Երևանի Նուբարաշեն թաղամասում գտնվող բլուրում թաղվել են մոտ 500 տոննա ժամկետանց պեստիցիդներ և կայուն օրգանական աղտոտիչներ, այդ թվում` ԴԴՏ: 2010 թ. տեղանքը բացվել է, ինչը բնապահպանական արտակարգ իրավիճակ է ստեղծել, քանի որ ԴԴՏ-ն ներթափանցել է շրջակա միջավայր: ԵԱՀԿ-ն արձագանքել է ՀՀ կառավարության խնդրանքին և վարձել փորձագետի, որը տեղացի մասնագետների հետ կազմել է տեղանքի արտակարգ իրավիճակի գործողությունների ծրագիր:

Ծրագրի համաձայն տեղանքը փակվել է կառավարության կողմից, սակայն տեղանքից այլ արտանետումների վտանգը շատ մեծ է, քանի որ այն գտնվում է բլրի ակտիվ սողանքային գոտում, որը շատ մոտ է բնակավայրերին ու գյուղատնտեսական գոտիներին:

ՀՀ կառավարությունը խնդրել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակին շարունակել հաջորդ փուլի իրականացումը, այն է` գնահատման հետազոտության իրականացում: Այս ուսումնասիրությամբ կորոշվեն տեղանքից շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող ռիսկերը, լցոնված նյութերի բաղադրությունն ու գեոֆիզիկական իրավիճակը և կառաջարկվեն տեղանքի վերջնական վնասազերծման մի քանի տարբերակներ:

Ծրագիրն իրականացնող կազմակերպության ընտրության համար ԵԱՀԿ-ն հայտարարելու է միջազգային մրցույթ:
ՀՀ ԱԻՆ կողմից իրականացվելու է ծրագրով նախատեսված աշխատանքների համապարփակ աջակցություն և ՀՀ կառավարման այլ մարմինների հետ տարվելիք աշխատանքների համակարգում:

 

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply