Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 7, 2011 19:36

Նշելով, որ հայ-վրացական ավանդական և պատմականորեն արդարացված բարեկամական հարաբերությունները երկու ժողովուրդների միջև զարգանում են համագործակցության ոգով, Նախագահն ընդգծել է, որ երկկողմ կապերին հատուկ դինամիկա է հաղորդում բարձր մակարդակով կանոնավոր քաղաքական երկխոսությունը: Հանրապետության ղեկավարի խոսքով, դա հնարավորություն է տալիս օպերատիվորեն լուծել հայ-վրացական հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց:

Սերժ Սարգսյանը կարևորել է առաջիկայում տեղի ունենալիք միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, վստահություն հայտնելով, որ ինչպես նախկինում` այս դեպքում ևս այն զգալիորեն կխթանի Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ՀՀ Նախագահի Վրաստան կատարելիք պաշտոնական այցից առաջ, քննարկել են նաև այցի հետ կապված հարցեր: Նախարար Վաշաձեն նշել է, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարություններն աշխատում են այցը պատշաճ նախապատրաստելու ուղղությամբ և ընդգծել, որ ամեն ինչ կնախապատրաստվի երկու պետությունների միջև եղած հարաբերություններին հարիր մակարդակով:

 

 

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply