Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Վրաստանի արտգործնախարարի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 7, 2011 18:46

Նոյեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երեւան ժամանած իր վրացի գործընկեր Գրիգոլ Վաշաձեին:

Ողջունելով Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին`  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց հայ-վրացական ակտիվ եւ կանոնավոր քաղաքական երկխոսությունը եւ նշեց, որ դա ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար:

Բանակցությունների ժամանակ քննարկեցին հայ-վրացական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, երկու պետությունների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Կողմերն անդրադարձան առաջիկա երկկողմ փոխայցելությունների ժամանակացույցին, նոյեմբերի 18-19-ին  նախատեսված միջկառավարական հանձնաժողովի նիստին, հայ-վրացական քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտին, վիրահայությանն առնչվող հարցերին:

Հանդիպմանը երկու երկրների արտգործնախարարները կարեւորեցին համագործակցության զարգացումը ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ միջգերատեսչական եւ ապակենտրոնացված ձեւաչափերում:

Նախարարներ Նալբանդյանն ու Վաշաձեն մտքեր փոխանակեցին Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

Երկու երկրների արտգործնախարարները խոսեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացից: Այս առումով ընդգծվեց, որ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

 

Դիտվել է 929 անգամ:
Print Friendly

Leave a Reply