ՀՀՇ ու ՀՀԿ անդամները «Ժառանգության» տրոհումը չեն կապում ՀԱԿ-ի կամ ՀՀԿ-ի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 11, 2009 18:09

16«Ժառանգություն» կուսակցությունում մարդիկ համախմբվել են վառ լիդերի շուրջ: Սակայն երբ նա ժողովրդավարական սկզբունքներից ելնելով` փորձեց զիջել որոշ պաշտոններ, պարզվեց, որ կուսակցությունում 2-րդ վառ լիդեր չկա, որի հետևից կգնային բոլորը· այսպես մեկնաբանեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը`  «Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցող իրադարձությունները:

Ցանկացած քաղաքական ուժ կարող է ընդդիմություն ձևանալ, բայց իրական ընդդիմությունը, ըստ Իգիթյանի, բնորոշում են համարձակ քայլերը, որ կատարում է քաղաքական ուժը` իր երկրում ժողովրդավարության հասնելու և մարդու իրավունքները պաշտպանելու համար: «Ժառանգությունն այդպիսի քաղաքական ուժ է»,- ասում է Իգիթյանը:

ՀՀՇ վարչության անդամը հերքեց լուրերը, թե «Ժառանգություն»-ից հեռացված անդամները ՀԱԿ-ի օգտին են աշխատել· «Եղել է միայն համագործակցություն նախընտրական շրջանում»:

ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն էլ ասում է, որ Հայաստանում ներկուսակցական խմորումները և կուսակցությունների պառակտումը սովորական երևույթ է: «Հայաստանում կուսակցություններն այնքան հզոր չեն, որ կարողանան միահամուռ հանդես գալ: Միշտ որոշակի շրջանում տարաձայնություններ են առաջանում»: Պետրոսյանը «Ժառանգության» պառակտման պատճառ է համարում այն, որ կուսակցության ղեկավարը քիչ է լինում Հայաստանում, ուստի և «չկարողացավ ստեղծել և ձևավորել միահամուռ թիմ»:

Պետրոսյանն ու Իգիթյանը նշեցին, որ ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ էլ իշխանությունները կապ չունեն «Ժառանգություն»-ում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply