Վարչապետն ընդունել է Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 7, 2011 18:23

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը, խորացումն ու ընդլայնումը: Նկատելով, որ այժմ հայ-հնդկական տնտեսական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է դեղագործության, քիմիական արդյունաբերության, մեքենաշինության և տեղեկավական տեխնոլոգիաների ոլորտներում, Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը նաև զբոսաշրջության ոլորտում, որին մեծապես կարող է նպաստել երկկողմ ավիաչվերթերի կազմակերպումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սաչին Պիլոտը նշել է, որ երկու երկրների միջև պատմական հաարբերությունների լավ հիմքի վրա պետք է ստեղծել նոր տնտեսական կապեր, ընդլայնել երկկողմ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Վերջինս հավաստիացրել է, որ Հնդկաստանի կառավարությունը ևս շահագրգռված է այս հարցում և կանի ամեն ինչ՝ տարբեր ուղղություններով երկկողմ ծրագրերի իրականացման համար:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է պետությունների միջև առևտրաշրջանառության զարգացումը և այդ գործում մասնավոր հատվածի ներգրավումը: Դրանում, վարչապետի խոսքով, մեծ ծավալի աշխատանք պետք է իրականացնի հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, մասնավորապես, Հայաստանի՝ Հնդկաստանից գյուղտեխնիկայի հնարավոր ձեռքբերմանը, մշակութային և գիտակրթական ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցերի:

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply