Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերա Կոբալիային

Պաշտոնական, Օրվա լուր | | November 7, 2011 13:04

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիային: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ Տիգրան Սարգսյանն ուրախությամբ է նշել, որ երկկողմ հանդիպումները մշտապես անցնում են ջերմ մթնոլորտում, որոնք էլ նպաստում են գտնել հայ-վրացական բոլոր խնդիրների լուծումները: 

 

Բարձր գնահատելով Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների ներկա մակարդակը՝ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում Թբիլիսիում կայանալիք հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը ևս մեկ քայլ կհանդիսանա երկկողմ հարաբերությոնների զարգացման և ամրապնդման գործում: «Հայաստանը և Վրաստանը մենք դիտարկում ենք որպես մեկ միասնական տնտեսական դաշտ: Մեր միջև առևտրափոխադրումների բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, քանի որ այն բխում է մեր ժողովուրդների շահերից: Այս առումով, առաջիկա երկու տարիների ընթացքում Եվրամիության օժանդակությամբ շուրջ 42 մլն եվրո է ներդրվելու մեր երկրի երեք սահմանային անցակետերը եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ ժամանակակից անցակետերը հնարավորություն կտան ավելի հեշտ իրականացնել մաքսազերծման գործընթացները և քաղաքացիներին մատուցել բարձր մակարդակի ծառայություններ: Կառավարության ղեկավարը նշել է, որ առաջարկվելու է վրացական կողմին միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգ ներառել նաև միասնական մաքսային կետերի ստեղծման գաղափարը, որը հնարավորություն կտա դյուրացնել մաքսազերծման գործընթացը, երկկողմ սահմանի հատումը և այլն:
Իր հերթին, Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հույս է հայտնել, որ տարբեր ուղղություններով նոր համատեղ ծրագրերի իրականացման հարցերը ևս կդառնան նոյեմբերի 17-18-ին Թբիլիսում անցկացվելիք միջկառավարական հանձնաժողովի նիստի քննարկման առարկա:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Մեղրիից Բաթումի ավտոճանապարհի կառուցմանը, որը 180 կիլոմետրով կկրճատի Իրանից դեպի Սև ծով ընկած ճանապարհի երկարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցերի:

 

 

 

 


Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply