Կառաջարկվի քննարկել Երևանն ու Կահիրեն քույր քաղաքներ ճանաչելու հնարավորությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 7, 2011 13:54

Նոյեմբերի 4-ից 11-ը Հայաստանում եգիպտական մշակույթի օրերի անցկացման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալ Հուսամ Նասսարի հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրերին Վանո Վարդանյանը նախ կարևորել է հայ-եգիպտական հարաբերությունների համատեքստում Երևանի ու Կահիրեի միջև ձևավորված ջերմ և բարեկամական գործակցությունը, այդ թվում նաև մշակութային փոխգործակցության առումով: Փոխքաղաքապետը նաև իր գոհունակությունն է հայտնել Եգիպտոսում Հայաստանի մշակույթի օրերն անցյալ տարի բարձր մակարդակով կազմակերպելու համար և վստահեցրել, որ Երևանն էլ է արել  հնարավորը, որպեսզի եգիպտական մշակույթի օրերն անցնեն հավուր պատշաճի, ինչը նաև մեր մայրաքաղաքների բարեկամությունը ամրապնդելու նոր խթան կհանդիսանա: Նշվել է, որ նախատեսվում են օպերային ներկայացումներ, գրքերի շնորհանդեսներ և այլ մշակութային միջոցառումներ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալ Հուսամ Նասսարին ընդգծել է, որ Եգիպտոսի հայ համայնքը ծանրակշիռ դերակատարում ունի երկրի մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքում` հավելելով, որ ինքն անձամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Հուսամ Նասսարին կիսվել է նաև Երևանից ստացած իր տպավորություններով ու ընդգծել, որ բավականին տպավորված է մայրաքաղաքի քաղաքաշինական լուծումներով և բարեկարգման նկատելի աշխատանքներով: Հուսամ Նասսարին վստահեցրել է, որ Եգիպտոս վերադառնալուց հետո Կահիրեի քաղաքապետին կներկայացնի Երևանի հետ համագործակցության նոր առաջարկներ` ինչպես  մշակութային, այնպես էլ քաղաքաշինության, զբոսաշրջության և այլ բնագավառների մասով: Հյուրը նաև կարծիք է հայտնել երկու երկրների արտգործնախարարությունների մակարդակով քննարկել Երևանն ու Կահիրեն քույր քաղաքներ դարձնելու հեռանկարը, ինչին փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը նույնպես դրական  է արձագանքել:

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են առաջիկայում մշակել համագործակցության կոնկրետ ծրագրեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply