ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան օրվա կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 7, 2011 12:41

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց,

Վեհափառ Տեր,
Լիահույս եմ, որ Աստված կլսի մեր աղոթքներն ու Հայոց Հայրապետին կշնորհի քաջառողջություն և ավյուն՝ իր հոտին իմաստաբար առաջնորդելու համար: Այսօր, առավել քան երբևէ, Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը հոգևոր սննդի կարիք ունի: Վստահ եմ, որ Ձեր աստվածատուր իմաստնությամբ կառաջնորդեք Ձեր հոտին քրիստոնեական արժեքները հայոց մեջ առավել ամուր արմատավորելու համար:
Արագ փոփոխվող այս աշխարհում, տեղեկատվական մեծ հոսքերի, զարգացումների հետևանքով այսօր համայն մարդկությունն ինքնության ճգնաժամ է ապրում: Ճգնաժամ, որը մեզ՝ հայերիս համար հաղթահարելի է, քանի որ դարեր շարունակ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եղել, մնում է և կմնա հայի ինքնության այն ուղենիշը, որն առաջնորդում է ամենքիս, աշխարհի որ ծեգում էլ որ մենք լինենք:
Ձեր գահակալության տասներկու տարիները մեր պետության և եկեղեցու համար ունեցել են բացառիկ նշանակություն: Պետություն-եկեղեցի զորակցությունը որակապես նոր փուլ է թևակոխել: Այս համագործակցության կարևորագույն դրսևորումներից մեկն այն է, որ դպրոցներում այսօր մենք դասավանդում ենք եկեղեցու պատմություն առարկան, որի նկատմամբ մեր աշակերտների հետաքրքրությունը բավականին մեծ է:
Առավել խորացվել են եկեղեցի-բանակ փոխհարաբերությունները: Ընդլայնվել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր սպասավորների գործունեությունը Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում, որոնց հպարտ քայլվածքին կարելի էր ականատես լինել անկախության քսանամյա հոբելյանին նվիրված զինվորական շքերթի ընթացքում:
Այս ժամանակահատվածը եղել է բացառիկ նաև եկեղեցաշինության տեսանկյունից: Կառուցվել կամ նորոգության են ենթարկվել բազմաթիվ եկեղեցիներ, մատուռներ, եկեղեցական շինություններ:
Հայրենիք-սփյուռք կապի պահպանության կարևորագույն հիմնաքարը հանդիսանալով, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր շարունակում է մնալ մեր միլիոնավոր հավատացյալ զավակների հայապահպանության և կրոնապահպանության գրավականը: Ձեր հայրապետական այցելությունները հայկական գաղթօջախներ գոտեպնդում են Ձեր հոտին և նոր ուժ հաղորդում եկեղեցի-հավատացյալ հաղորդակցությանը:
Չափազանց կարևոր է նաև քարոզչության գործոնի ընդլայնումը Հայաստանի Հանրապետության մարզերում և հեռավոր գյուղերում, ինչը հնարավորություն է տալիս Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն լինել իր հոտին առավել մոտ և հասանելի: Սրա վառ ապացույցն է տեղերում եկեղեցիների նորոգությունը և հոգևոր սպասավորների գործուղումը:

Վեհափառ Տեր,
Մեր աղոթքներն ենք հղում առ Աստված, Ձեզ համար խնդրելով քաջառողջություն: Թող, որ Ամենափրկիչը պահպանի Ձեզ երևելի և աներևույթ փորձություններից՝ պարգևելով երկար տարիների կյանք՝ ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայության:
Շհորհակալություն:
04.10.2011թ.
ՀՀ Վարչապետ
Տիգրան Սարգսյան

 

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply