Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները սխա՞լ են թարգմանվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 11, 2009 16:55

Աջից` Ռաֆիկ Պետրոսյան, Հովհաննես Իգիթյան

Աջից` Ռաֆիկ Պետրոսյան, Հովհաննես Իգիթյան

«Հայաստանի և Թուրքիայի` օգոստոսի վերջին նախաստորագրած արձանագրությունները սխալ են թարգմանվել հայերեն. անգլերեն տարբերակում նշվում է սահմանների հաստատման մասին, մինչդեռ հայկական կողմը թարգմանել է վերահաստատում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Սակայն ՀՀԿ ներկայացուցիչ, պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն էլ հակադարձեց նրան, թե «սահմանները վաղուց են ճանաչված և վերահաստատում արտահայտությունն ավելի ճիշտ է»:

Այսօր գոյություն ունեցող սահմանները չճանաչելը, ըստ Պետրոսյանի, նշանակում է հայտարարել հարձակման պատրաստ լինելու մասին, ինչն էլ առիթ կտա Թուրքիային Հայաստանի վրա հարձակվելու համար:

Պետրոսյանն ասում է, որ այս արձանագրությունները պետք է ընդունվեն խորհրդարանների կողմից, իսկ հետագայում հանձնաժողովներ կստեղծվեն, և արձանագրություններում ներառված յուրաքանչյուր կետ առանձին-առանձին կքննարկվեն:

Իգիթյանն էլ մատնանշում է, որ հենց Թուրքիայի պահանջով է փաստաթղթում ներառվել խորհրդարանի կողմից արձանագրությունները հաստատելու կետը:

«Սահման բացել-չբացելու որոշումը նախագահի լիազորությունն է, պարզապես սա Թուրքիային թույլ կտա ճկուն քայլերի դիմել և հասնել իր ուզածին»,-ասում է Իգիթյանը: Ըստ նրա` թուրքական խորհրդարանը կձգձգի այս փաստաթղթերի ընդունումը, մինչև որ Ղարաբաղի հարցում որոշակի լուծումների հասնի հօգուտ Ադրբեջանի: «Հենց Ղարաբաղի հարցում հասնի իր ուզածին, հաջորդ օրն արձանագրությունները կհաստատվեն թուրքական խորհրդարանի կողմից»,- ասում է Իգիթյանը:

Սահմանը, ըստ Իգիթյանի, պետք է բացվի առանց նախապայմանների, մինչդեռ «այս դեպքում գործընթացն անիջականորեն կապված է Ղարաբաղի հարցի լուծման հետ»:

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply