“Համերաշխություն” կուսակցությունը դեռ չի կողմնորոշվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 6, 2011 8:33


Իջեւանում տեղի ունեցավ “Համերաշխություն” կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի հանդիպումը Տավուշի մարզի լրագրողների եւ բնակչության հետ: Սահմանամերձ մարզ այցելելու հիմնական նպատակը կուսակցության ծրագրերը ներկայացնելն էր: Եղավ նաեւ ներքաղաքական հարցերին, առաջիկա ընտրություններին և նախընտրական պայքարին վերաբերող քննարկում:

Քննարկման ընթացքում հարց հնչեց այն մասին, թե նախորդ ընտրությունների ժամանակ “Համերաշխություն” շարժումը ՀՀԿ-ին էր աջակցում, իսկ այս անգամ նու՞յն դիրքորոշումն է ունենալու: Սարգիս Ավետիսյանն ասաց, որ իրենք աջակցել են  ՀՀԿ-ին, բայց միաժամանակ նաև պահանջներ առաջադրել: “Մենք իրենց ասել ենք` եթե դուք կոնկրետ համերաշխության թեմայով գաղափարները չիրականացնեք, մենք հաջորդ ընտրություններին ձեր հետ գործ չունենք: Հիմա արդյո՞ք նրանք իրականացրել են մեր ծրագրերն ու գաղափարները` ոչ”,-նշեց նա: Կուսակցության ղեկավարն այդպես էլ կոնկրետ չասաց` ՀՀԿ-ին կաջակցեն, թե ոչ: Նա տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս տեղի կունենա կուսակցության համագումար, որի ժամանակ էլ որոշում կկայացվի` կամ ընտրություններին գնալ միայնակ, կամ` ինչ-որ մեկի հետ պայմանավորվածության արդյունքում, կամ էլ` ընտրություններն ընդհանրապես բոյկոտել:

Մյուս հարցին` պետության ներսում միասնականությանը խանգարում են ներքի՞ն, թե՞ արտաքին ուժերը, “Համերաշխության” ղեկավարը պատասխանեց, որ “դրանք միևնույն բաներն են”: «Ներքին ուժերն էլ դրսից են սնվում»,-ասաց Սարգիս Ավետիսյանը:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

 

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply