Տարվա ընթացքում բանակում արձանագրված մահվան ելքով դեպքերով չբացահայտված գործ չկա. Գևորգ Կոստանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 5, 2011 17:00

Բանակում մահվան ելքով բոլոր դեպքերով հարուցված քրեական գործերով քննությունն ընթանում է սահմանված կարգով: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, առկա են ձերբակալված անձիք, մեղադրյալներ. նախաքննության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ պարբերաբար տեղեկություններ են տրամադրվում: Յուրաքաչյուր գործով ծնողների և փաստաբանների հետ քննարկումներ են լինում և պարզաբանումներ են տրվում, քննության առարկա է դառնում նրանց կողմից առաջ քաշվող ցանկացած հարց, որը որևէ առնչություն ունի գործի հետ: «Կառուցողական փուլում ենք որոշ գործերով ծնողների և հարազատների հետ»,- ասաց զինդատախազը:

Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ այս տարվա ընթացքում արձանագրված մահվան ելքով դեպքերով չբացահայտված գործ չկա. բոլոր դեպքերով ամբողջությամբ բացահայտված պատկերն առկա է: Դեռ շատ գործեր դատարաններ ուղարկված չեն, քանի որ պարզաբանման ենթակա որոշ հարցեր կան, մեղադրյալներից յուրաքանչյուրի մեղքի աստիճանի հստակեցմանն ուղղված աշխատանքներ են տարվում: Այս տարի կատարված հանցագործությունների և մահվան ելքով գործերի չբացահայտվածություն չկա: Նախորդ տարիների դեպքերի առնչությամբ որոշ մասով քննությունը դեռ ընթանում է, որոշների հետ կապված հաղորդագրություններ կտարածվեն, այդ թվում` մի շարք գործերով գործի ավարտ կհայտարարվի, մի դեպքում` գործը դատարան ուղարկելու եղանակով, մյուս դեպքում` գործը կարճելու կամ կասեցնելու հնարավորություններով: «Հանրային պահանջի դեպքում ցանկացած գործ կարող է հանրային քննարկման առարկա դառնալ ցանկացած կառուցողական ֆորմատով»,- ասաց Գևորգ Կոստանյանը` չցանկանալով մանրամասնել, թե կոնկրետ որ դեպքով է գործը կասեցվելու:

Դիտարկմանը, որ կան գործերով ձերբակալված անձիք, ովքեր իրենց մեղքը չեն ընդունում, զինդատախազն արձագանքեց, որ ձերբակալությունները ֆորմալ պրոցեսներ չեն: Ցանկացած ձերբակալում, կալանավորում կամ խափանման այլ միջոցի ընտրություն տեղի է ունենում համապատասխան հիմքերի առկայության դեպքում: «Որևէ անհիմն ձերբակալման կամ կալանավորման մասին ես այժմ չեմ կարող խոսել, քանի որ ես դա սկզբունքորեն բացառում եմ: Եթե կա որևէ մեկը, ով կարծում է, որ իրեն անհիմն են ձերբակալել կամ կալանավորել, միշտ բողոքարկման հնարավորություն ունի, այդ թվում` դատական կարգով»,- հայտարարեց զինվորական դատախազը:

 

 

Tert.am

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply