«Աղբ եթերից» մրցանակաբաշխության 4-րդ հաղթող է ճանաչվել ATV –ի «Արի ամուսնանանք» հաղորդաշարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 5, 2011 13:19

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության չորրորդ հաղթող է ճանաչվել ATV հեռուստատեսությամբ ցուցադրվող «Արի ամուսնանանք» հաղորդաշարը` հայ մարդուն անգիտակցորեն ծաղրի առարկա դարձնելու և ռուսական համանուն հաղորդաշարը խայտառակ անճաշակ կրկնօրինակելու համար:

Փոստի միջոցով «Արի ամուսնանանք» հեռուստահաղորդման ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ ATV հեռուստաընկերությանը փակ ծրարով առաքվել է 100 դրամ` աղբահանության գումար: «Չենք լռելու»-ն խնդրում է հեռուստաընկերության ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային:

Հիշեցնենք, որ «Աղբ եթերից»-ի առաջին մրցանակակիրը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Աննա» սերիալն էր` սյուժեն տարիներով արհեստականորեն ձգձգելու և հեռուստադիտողի ճաշակի վրա ակնհայտ բացասական ազդեցություն ունենալու համար:

Երկրորդ հաղթողը «Շանթ»-ի «Բանակում» սերիալն էր` զինված ուժերում առկա ոչ կանոնադրական հարաբերությունները փայլուն և հումորային փաթեթավորումով որպես նորմա ներկայացնելու համար, ինչը մեծ խոչընդոտ է առողջ և կանոնադրական հարաբերությունների վրա հիմնված բանակ ստեղծելու ընդհանուր նպատակի իրականացման հարցում:

Երրորդ մրցանակակիրը «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալն էր` ամենօրյա եթերային լացուկոցի և կանանց հանդեպ որպես սովորական երևույթ ներկայացվող բռնության տեսարանների համար:

Դիտվել է 1485 անգամ:
Print Friendly

Leave a Reply