Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել «Ժառանգություն»-ից իրեն հեռացնելը. նա խոսեց հայ-թուրքական արձանագրությունների մտահոգիչ կողմերից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 11, 2009 16:36
vardan-xachatryan

Վարդան Խաչատրյան

«Եթե ճանաչում ենք Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղի հետ կայուն ցամաքային սահմանը դնում ենք հարցականի տակ: Այս պարագայում Ղարաբաղը կվերածվի Ադրբեջանի կողմից կլանված կղզյակի»,-այս մասին այսօր հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մասին կլոր-սեղան քննարկման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը` կտրականապես հրաժարվելով պատասխանել որևէ հարցի` «Ժառանգություն» կուսակցությունից իր հեռացման մասին:

Պատգամավորը դեմ է նաև հայ-թուրքական պատմական հանձնաժողողովի ստեղծմանը, քանի որ այդ դեպքում կարելի է անվերջ երկարացնել ցեղասպանության քննարկումները և ձգձգել դրա ճանաչումը: «Որևէ գործ մարելու լավագույն միջոցը հանձնաժողով ստեղծելը և տարբեր վարկածներ քննարկելն է»,- ասում է Խաչատրյանը:

Նման հանձնաժողովի ստեղծումը, ըստ Խաչատրյանի, ոչ միայն նսեմացուցիչ է հայերի համար, այլև հիմար կարգավիճակում են հայտնվում ցեղասպանությունը ճանաչած պետությունները: «Այդ երկրները հավատացել են հայկական կողմի փաստարկներին և ճանաչել ցեղասպանությունը, մինչդեռ այսօր հայերը կարծես թե վստահ չեն, որ ցեղասպանություն է եղել և համաձայնում են հանձնաժողով ստեղծել»:

Հայերը պատմության ընթացքում դառը փորձեր ունեցել են, երբ նրանց թիկունքում ուրիշները որոշումներ են կայացրել և վերջում այն պարտադրել հայկական կողմին. «Արդյո՞ք այս անգամ էլ գերտերությունները Հայաստանի թիկունքում առևտրային համաձայնության չեն եկել և այժմ պարտադրում են Հայաստանին»,- ասում է Խաչատրյանը:

Այսօր, ըստ Խաչատրյանի, արևմուտքը կարևորում է Եվրոպան էներգոռեսուրսներով ապահովելը, դրանց համար համապատասխան տարանցիկ ուղիների մշակումը, հետևաբար չի բացառվում Հայաստանի վրա ճնշումների գործադրումը`Ղարաբաղի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու համար:

manvel-sargsyan

Մանվել Սարգսյան

«Այս արձանագրությունները ոչինչ չասող պրոտոկոլներ են, որ նախաստորագրել են դիվանագիտական հարաբերություններ սկսել ցանկացող 2 պետություններ»,- ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը, ով եղել է 1988-ին ստեղծված Ղարաբաղ կոմիտեի առաջին անդամներից մեկը:

Սակայն քանի որ այս որոշումը, ըստ Սարգսյանի, թելադրված է դրսից, ապա հայաստանյան իշխանությունն էլ հաճախ ամբողջությամբ չի պատկերացնում այս գործընթացը. օրինակ` հստակ ոչ ոք չի կարողանում պատասխանել, թե ինչու է ստեղծվելու և ինչ է քննարկելու միջկառավարական պատմական հանձնաժողովը:

Ըստ Սարգսյանի` նախաստորագրված արձանագրությունների վտանգն այն է, որ ոչինչ չեն ասում, այսինքն` որոշիչ է դառնում այդ փաստաթղթերն ուղեկցող քաղաքականությունը· «Փաստորեն, անորոշ վիճակ է, մենք չենք կարող իմանալ, թե որն է լինելու հաջորդ փաստաթուղթը այս ոլորտում, քանի որ որոշողը մենք չենք»:

Քաղաքագետն ասում է, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար ստիպված ենք ճանաչել այդ պետության սահմանները· «Քանի դեռ չկա սահմանների ճանաչում, չկան և միջպետական հարաբերություններ»:

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply