Թվով 6 անձինք հանցավոր են ճանաչվել` զինված բանդա ձեւավորելու համար եւ դատապարտվել երկարատեւ ազատազրկման

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | November 4, 2011 16:58

Դատարանը հիմնավորված է համարել զինված բանդա ձեւավորելու եւ մի քանի հարձակումներ նախապատրաստելու համար Գ. Մաթեւոսյանին, Ռ. Մատումյանին, Ա. Ղուկասյանին, Վ. Կարապետյանին, Ա. Ոսկանյանին եւ Գ. Գրիգորյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:

Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Գագիկ Մաթեւոսյանը, 2006թ. կեսերից սկսած, ձեռնամուխ է եղել քաղաքացիների, պաշտոնատար անձանց եւ կազմակերպությունների վրա հարձակվելու եւ այլ հանցագործություններ կատարելու նպատակով կազմակերպված կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, ստեղծելուն: Գ. Մաթեւոսյանը, հանդիսանալով «Չղջիկներ» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարներից մեկը, օգտագործելով դիվերսիոն եւ հետախուզական գործունեության հմտությունները, որոնք ձեռք է բերել Հայաստանի սահմանամերձ շրջանների եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանն ուղղված մարտական գործողությունների ընթացքում, բանդայի կազմում հավաքագրել է քիմիայի, տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի բնագավառների գիտելիքներով օժտված մարդկանց՝ Արտակ Ղուկասյանին, պատերազմի մասնակից, ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին սպա Վազգեն Կարապետյանին, ինչպես նաեւ` իր մարտական ընկերներ Արայիկ Ոսկանյանին եւ Գրիգոր Գրիգորյանին։

Դատաքննությամբ պարզվել է նաեւ, որ Գ. Մաթեւոսյանը այլ անձանց պատվերով ծրագրել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ, մշակել է դրանց իրագործման պլաններ եւ բանդայի անդամների ներգրավմամբ իրականացրել անհրաժեշտ նախապատրաստական գործողություններ ու միջոցառումներ, բանդայի անդամների միջեւ կատարել է դերաբաշխում` որոշելով նրանցից յուրաքանչյուրի դերակատարումն ու մասնակցությունը:

Բանդայի կազմում ընդգրկված անձինք մասնակցել են հանցագործություններ կատարելուն ուղղված գործողություններին, անձամբ ձեռք են բերել կամ պատրաստել են կոնկրետ հանցագործությունների կատարման համար անհրաժեշտ պարագաներ, ապօրինի կերպով իրենց մոտ պահել եւ կրել են հրազեն ու ռազմամթերք:

Իրենց նպատակներն իրագործելու համար Գ. Մաթեւոսյանը ապօրինի ձեռք է բերել, պահել եւ ըստ անհրաժեշտության փոխադրել եւ կրել է հրազեն հանդիսացող «ՌՊԿ» մոդելի 1980 ԱՎ 8723 ձեռքի գնդացիր, ինքնաշեն եղանակով պատրաստված եւ ձեռնափայտի տեսքով քողարկված ակոսավոր հրազեն, 5.45 մմ տրամաչափի ինքնաշեն ակոսավոր դիպուկահար հրացան, 7.62 մմ տրամաչափի «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, ինչպես նաեւ` ռազմամթերք հանդիսացող «ԱԿ-47» եւ 7,62 մմ տրամաչափի այլ զենքերից կրակ արձակելու համար նախատեսված 329 փամփուշտ, «ԱԿ-74», «ՌՊԿ» եւ 5.45 մմ տրամաչափի այլ զենքերից կրակ արձակելու համար նախատեսված 30 փամփուշտ, «Ֆ-1» տեսակի մարտական բեկորային ձեռքի 3 նռնակ եւ դրանց համար նախատեսված «ՈՒԶՌԳՄ» եւ «ՈՒԶՌԳՄ-2» տեսակի 2 պայթուցիչներ, «ԿԴ-8Ա» տեսակի հրապատիճ-դետոնատոր, «Զարյա-Մ» տեսակի լուսաձայնային նռնակ, «ՍՄ» տեսակի 10 ազդանշանային ական, միանգամյա օգտագործման խորհրդային եւ արտասահմանյան արտադրության մեկական նռնականետ, «ՕՇՊ» տեսակի հրահաղորդ լար, գործարանային արտադրության դետոնացնող 48 ռելե, 25.709 գրամ քաշով «պլաստիդ» տեսակի ինքնաշեն պայթուցիկ նյութ եւ փշրող գործողության պայթուցիկ նյութի՝ տրոտիլի 200 գրամ եւ 400 գրամ քաշով 68 պայթաղյուսներ:

Գ. Մաթեւոսյանը կուտակել է նաեւ մեծ քանակությամբ սառը եւ նետողական զենքեր, հատուկ նշանակության հանդերձանք եւ միջոցներ՝ զրահաբաճկոններ, դիմակ-գլխարկներ, հետապնդումը դժվարեցնելու եւ անվադողերը ծակելու համար նախատեսված ցցեր՝ «ոզնիներ», քողարկման եւ անճանաչելի դառնալու համար նախատեսված թատերական շպարման պիտույքներ՝ կեղծամներ, բեղեր եւ այլն։

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դտարանի` 2011թ. հոկտեմբերի 14-ի դատավճռով.

Գագիկ Մաթեւոսյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման՝ 14 տարի ժամկետով` ողջ գույքի բռնագրավմամբ:

Ռաֆայել Մասումյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով եւ 329-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտել ազատազրկման՝ 14 տարի ժամկետով:
Ռ. Մասումյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի` 2011թ. մայիսի 26-ի որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետը և պատժաչափի չկրած մասը կրճատվել է մեկ քառորդով:

Արտակ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 10 տարի 9 ամիս  ժամկետով:

Վազգեն Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման՝ 12 տարի ժամկետով:

Արայիկ Ոսկանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման՝ 11 տարի ժամկետով:

Գրիգոր Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով:
Դատավճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:

Մեղադրանքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ` այցելելով ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքի «Օրվա լրահոս» բաժին

 

Քրեական գործով մեղադրական ճառն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ

 

Դիտվել է 1419 անգամ:
Print Friendly

Leave a Reply