ARMFOOD-ի մանրէներով լի կաթը բացահայտվել է քաղաքացու ահազանգի շնորհիվ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 4, 2011 15:54

Ընթանում է ARMFOOD ապրանքանիշի կաթի` շուկայից դուրսբերման գործընթացը, ընկերությունում արտադրանքը կասեցված է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը:

Նոյեմբերի 2-ին նշված ապրանքանիշի այծի կաթում լաբորատոր փորձաքննության միջոցով գտնվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ստաֆիլակոկի բակտերիաներ:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, կաթնամթերքից տուժածներ չկան. բակտերիաները կարող էին աղիքային հիվանդությունների պատճառ դառնալ:

Պիպոյանը նշում է, որ լաբորատոր փորձաքննություն իրականացվել է այն բանից հետո, երբ մի քաղաքացի դիմում-բողոք է ներկայացրել` հայտնելով, որ կաթից դառնահամ է զգացել: Քաղաքացին ներկայացրել է նաև 2 տուփ կաթ` մեկը բացված վիճակում, մյուսը` փակ, որոնք գնել է «Երևան սիթի» խանութներից մեկից:

Լաբորատորիայում  աղիքային ցուպիկի խմբի մանրէների և ստաֆիլակոկի բակտերիաների բացահայտումից հետո ԶԼՄ-ներով բնակիչներին ահազանգվել է, որ ARMFOOD-ի այծի կաթը չգնեն, մինչև ապրանքի խմբաքանակը դուրս կբերվի շուկայից:

Պիպոյանը նշեց, որ վարչական վարույթ է բացվել, լաբորատոր փորձաքննության են ուղարկվել ընկերության արտադրած մյուս կաթնամթերքները, արդյունքների պարզվելուց հետո արդեն ստուգումներ կիրականացվեն նաև արտադրամասում: Ստուգումներ են իրականացվում նաև կաթնամթերք արտադրող մյուս ընկերություններում:

«Սպառողների միություն» հկ նախագահ Արմեն Պողոսյանը կոչ արեց ստուգումները շուտ սկսել, քանի որ մինչ այդ ընկերությունը կարող է վերացնել արտադրամասում առկա շատ թերություններ և հնարավոր չի լինի պարզել խնդրի իրական պատճառը: Ի պատասխան, Պիպոյանը նշեց` եթե ընկերությունը կարողանա մինչ այդ խնդիրը վերացնել ու որակյալ արտադրանք տալ, այդ մասին էլ իրազեկող հաղորդագրություն կտարածի, որ մարդիկ առանց վախենալու ընկերության արտադրանքն օգտագործեն:

Ստուգումների արդյունքում ընկերությունը կարող է տուգանվել մինչև 300 հազար դրամ գումարով: Սակայն, ըստ Պիպոյանի, կորուստները որ կրում է ընկերությունը արտադրանքի խմբաքանակը ոչնչացնելով, նաև արտադրությունը կասեցված է, խաթարված է սպառողների վստահությունը, անհամամետելի մեծ են և տուգանքի մեծությունն այս դեպքում էլ կարևոր չէ:

Արմեն Պողոսյանն էլ նշում է, որ կարևոր է ոչ թե պատժի դաժանությունը, այլ անվրեպությունը:

 

 

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply