ԼՂՀ զորամասում զինվորի նկատմամբ բռնություն են գործադրել, որ նա իր վրա վերցնի մեկ այլ զինվորի սպանությունը. փաստաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 4, 2011 14:53

Ստեփանակերտի ռազմական ոստիկանության մեկուսարանում Աշոտ Կոստանդելյանի նկատմամբ բռնություններ են գործադրել, որպեսզի նա մարտի 17-ին, Ասկերանում մահացած զինծառայող Ահարոն Հայրապետյանի սպանությունը վերցնի իր վրա: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Ստեփան Ոսկանյանը` հավելելով, որ իր պաշտպանյալը 4 անգամ ցուցմունք է փոխել:

Սկզբնական ցուցմունքում նա ընդունել է, որ անզգույշ կրակոցով մահ է պատճառել իր ծառայակից ընկերոջը: Այնուհետեւ  նա 2 անգամ պնդել է, որ այդ խոստովանական ցուցմունքը տվել է ծեծի ազդեցության ներքո:

«Առանձնատեսակցությունից հետո Աշոտի մոտ են մտնում նրա ծնողները եւ դուրս գալու ժամանակ հայտնում են, որ Աշոտը մեզ տարբեր ձեւերով փորձում էր հասկացնել, որ ինքը կապ չունի այդ սպանության հետ եւ ստիպված է այդ ցուցմունքները տվել: Նույն օրը փորձում եմ եւս մեկ անգամ մտնել Աշոտի մոտ, սակայն  թույլ չեն տալիս` նշելով, որ պահանջագիրը, որով ես պետք է ներս մտնեմ, չունի կնիք: Միայն Շուշիի բանտում ես պարզեցի, որ պահանջագիրը, որով ես պետք է ներս մտնեմ, պիտի ունենա փաստաբանի կնիք»,- ասաց Ստեփան Ոսկանյանը` հավելելով, որ մյուս օրը առանձին տեսակցել է իր պաշպանյալին, ով իրեն հայտնել է, որ իր անվտանգությունը վտանգված է, ցուցմունքները փոխել է վախի ազդեցությամբ, քանի որ Շուշիի  բանտի աշխատակիցները սպառնում են իրեն:

Նրա խոսքով` տարբեր ատյաններ դիմում-բողոքներ ուղարկելուց հետո, քննչական բաժնի պետն օգտագործելով իր լծակները (հոգեբանական, չի բացառում նաեւ` ֆիզիկական ճնշումներ է գործադրել), որպեսզի նա պնդի իր սկզբնական ցուցմունք, որ իր արձակած կրակոցից է մահացել զինծառայողը:

Փաստաբան Ստեփան Ոսկանյանի խոսքով` եթե չլիներ Աշոտի ցուցմունքը, միակ վարկածը պաշտոնականն էր մնալու` մահացել է հակառակորդի կողմից արձակված գնդակից, միայն թե բոլորը պնդում էին, որ կրակոցը եղել է մոտ տարածությունից: Նրա ներկայացամբ, մեղադրանքը հիմնված է հենց Աշոտի ցուցմունքի վրա, բացի այդ ապացույցից ուրիշ ապացույց գոյություն չունի: Իսկ թե ինչու է թիրախում հայտնվել հենց Աշոտը, նա նշեց, որ Ահարոն Հայրապետյանի մահվան ժամանակ միայն ինքն է եղել նրա մոտ, այլ զինծառայողներ չեն եղել:

«Մինչ վարույթն իրականացնող քննչական աշխատակիցների ժամանելը, բարձրաստիճան սպաները եկել են ստուգել զենքերը եւ պարզել են, որ որեւէ զենքից կրակված չի եղել: Հետագայում պարզվել է, որ որեւէ զենքով կրակոց է եղել: Ներկայումս նա պնդում է, որ որեւէ կապ չունի այդ մեղադրանքի հետ եւ չի կարող ասել, թե ում կողմից է արձակված եղել այդ կրակոցը, որովհետեւ կրակոցը եղել է թիկունքից»,- նշեց նա` հավելելով, որ մինչեւ նոյեմբերի վերջ տեղի կունենա առաջին դատական նիստը, իսկ այժմ Աշոտը պահվում է Շուշիի բանտում:

Հիշեցնենք, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում մարտի 17-ին ժամը 17:30-ի սահմանում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 18:59-ին մահացել է: «Այն, որ ադրբեջանական բանակի կողմից ձեռնարկված հերթական նախահարձակ գործողությունն իրականացվել է մարտի 5-ին Սոչիի եռակողմ պայմանավորվածության շրջանակում տեղի ունեցած գերիների փոխանակումից ընդամենը մեկ ժամ հետո  եւ, գրեթե նույն պաշտպանական հատվածի դիրքերից մեկում, խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հրադադարի պահպանման ռեժիմը, այլեւ միտումնավոր կերպով փորձում է շրջանցել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած առաքելություն: Հանգամանք, որը անտարակույս պետք է իր արժանի գնահատականը ստանա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից»,- նշված է ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ:

 

News.am

Դիտվել է 775 անգամ:
Print Friendly

Leave a Reply