Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել մայրաքաղաքի խանութներում պարենային ապրանքների անվտանգության հսկողությունը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 4, 2011 14:48

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը՝ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների հետ համատեղ, հերթական  ծրագրային հսկողական շրջայցերն են կազմակերպել պարենային ապրանքների վաճառքի առավել խոշոր 40 խանութներում` պիտանելիության ժամկետն անցած սննդամթերք հայտնաբերելու և դրանց վաճառքը բացառելու նպատակով:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շրջայցերի արդյունքում հայտնաբերված ժամկետանց ապրանքատեսակների շարքում գերակշռել են կաթնամթերքը, պատրաստի մսամթերքը, կիսապատրաստվածքներն ու զովացուցիչ ըմպելիքները: Սննդի վաճառքի օբյեկտների տնտեսվարողներին զգուշացվել է նաև ձեռնպահ մնալ կասկածելի՝ ոչ պարզորոշ  ժամկետնայնությամբ, ինչպես նաև օտարալեզու մակնշումով սննդամթերք վաճառելուց:

Արդյունքում, ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով տույժի են ներկայացվել 17 կազմակերպություն, ինչը ենթադրում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել մայրաքաղաքի խանութներում պարենային ապրանքների անվտանգության հսկողությունն ու ընդգծել, որ այն լինելու է մշտական ուշադրության կենտրոնում:

 

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  տեղեկատվության և

հասարակայնության հետ  կապերի վարչություն

 

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply