Ոստիկանապետը հանդիպումներ է անցկացնում անձնակազմի հետ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 4, 2011 13:44

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անցած երկու օրերին աշխատանքային հանդիպումներ է ունեցել ոստիկանության կոլեգիայի անդամների, կենտրոնական ապարատի ստորա-բաժանումների ղեկավարների և ծառայողների, մի շարք ծառայությունների անձնակազմերի հետ. այս մասին հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հանդիպումների ընթացքում ոստիկանության պետն ընդգծել է, որ անհրաժեշտ է սեղմ ժամկետում ավարտին հասցնել բարեփոխումները և արմատական բեկում արձանագրել հատկապես հասարակության հետ աշխատանքում:
Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության գերխնդիրը համարում է քաղաքացու իրավունքների պաշտպանությունը և օրենքի գերակայության հաստատումը: Մարդը ոստիկանի մեջ պետք է տեսնի իր անվտանգության ու ապահովության երաշխավորին, իսկ իրենց օրենքից վեր դասողներն ու համակեցության կանոնները խախտողները` անզիջում իրավապահին, որը ապօրինությունների դեմ պայքարելու է օրենքով իրեն վերապահված բոլոր միջոցներով:
Հանդիպումների ընթացքում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անձնակազմից պահանջել է ջանադիր ու հետևողական աշխատանք, ոստիկանների մարդկային ու քաղաքացիական որակների, մասնագիտական պատրաստվածության կատարելագործում, պահանջկոտ, բայց և հոգատար վերաբերմունք շարքայինների, կրտսեր սպայակազմի ու երիտասարդ կադրերի հանդեպ, և հույս հայտնել, որ ոստիկանությունը կկատարի առաջադրված խնդիրն ու կարդարացնի քաղաքացիների ակնկալիքները:
Դիտվել է 737 անգամ: