Գյուղնախարարը խոստանում է, որ 2011թ. Հայաստանում չգազաֆիկացված գյուղեր չեն լինելու

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 11, 2009 15:19

Գերասիմ Ալավերդյանը, բողոքում է, որ վատորակ սերմերի պատճառով գյուղացին է տուժում

Հայաստանի գյուղերի մեծ մասն ունենալու է ոչ միայն գազաֆիկացում, այլև խմելու և ոռոգման մշտական ջուր, վերնորոգվելու են միջհամայնքային ճանապարհները. այսօր պաշտոնավարման 100 օրվա ամփոփմանն ասաց գյուղատնտեսության նորանշանակ նախարար Գերասիմ Ալավերդյանը`ավելացնելով, որ համայքների զարգացման հիմախնդիրների մեջ առաջնային է համարում գյուղմթերքի իրացման հարցերը:

«Մեր խնդիրն է մթերումների անկորուստ կազմակերպումը. օրինակ` այս տարի մթերվել է 17 000 տոննա ծիրան, որից 14 000-ն արտահանվել է դուրս, ծիրանի ոչ մի չափաբաժին չի մնացել գյուղացու ուսերին, այսօր աշխատում ենք լոլիկի մթերման ճիշտ կազմակերպման ուղղությամբ, հանդիպում-քննարկումներ ենք ունեցել ոչ միայն տեղական վերամշակող կազմակերպությունների հետ, այլև արտահանողների, որպեսզի անսահմանափակ քանակությամբ լոլիկ ընդունեն»,-ասում է գյուղնախարարը:

Խաղողի բերքի իրացման հետ կապված ևս խնդիրներ չեն լինի.  նախարարն ասում է, որ այս տարի խաղողի բերքն անցած տարվա համեմատ շատ է` 18 500 տոննայի փոխարեն այս տարի` 30-35 000 տոննա: «Արարատ», «Նոյ», «Պռոշյան», «Շահումյան» գործարանների  հետ, ինչպես նախարարն է ասում,  պայմանագրերն ուժի մեջ են. գյուղացիները խնդիրներ չեն ունենա, քանի որ տարաների և գումարի հարցն արդեն կարգավորված է:

Այս տարի 1կգ խաղողը կարժենա 120-130դրամ, ինչը երեկ հաստատեց նաև Երևանի Կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:

Նախարարն առանձնացնում է Հայաստանում սերմնաբուծության զարգացման խնդիրները• «Մասնագետներ ենք հրավիրել Ռուսաստանից և այլ երկրներից` նոր և որակյալ սերմնացուներ ստանալու համար, քանի որ մեր գյուղատնտեսությունը տուժում է նաև վատ և ուժը կորցրած սերմնատեսակներից»:

Նախարարության տվյալներով` 2004թ. ցորենի բերքը կազմել է 124 000տոննա, 2008թ` 88 000 տոննա. այս պատկերը նախարարը կապում է նաև վատ սերմերի հետ, խնդիր կա նաև ցանքաշրջանառության չափաբաժնի կրճատման, ոռոգման համակարգի, որոշ տեսակի թունաքիմիկատների բացակայության պատճառով: «Ցորենի չափաբաժնի կրճատումը տանում է նրան, որ ամեն տարի մոտ 35 000 տոննա ցորեն ներմուծվում է դրսից»,-ասում է Ալավերդյանը:

Այս տարի Հայաստանում նախատեսվում է նաև 9-10մլն դրամի չափով  հակակարկտային կայանները հասցնել 250-ի: Այսօր հակակակտային կայաններ չկան Սյունիքում և Վայոց Ձորում, նախարարությունն աշխատելու է այս մարզերում ևս կայանների ունենալ. «1 հակակարկտային կայանը պաշտպանում է 80 հա տարածք, պետք է ունենալ նաև ռադալոկատորային կայան»,-ասում է նախարարը:

Անասաբուծությունը ևս կաղում է. նախարարն ասում է, որ 2009թ. հունվարին լուրջ մտահոգություն կար անասուների գլխաքանակի կրճատման հետ կապված, սակայն օգոստոսի տվյալներով` գրանցվել է աճ. անասունների գլխաքանակը 84 000-ից հասել է 169 000-ի:

Ալավերդյանը նշում է, որ «Հայաստանում մեքենատրանսպորտային կայանների անհրաժեշտություն կա, քանի որ մաշված գյուղտեխնիկայով և մասնավորի կամայականությունների պայմաններում գյուղացին չի կարողանում ցանկալի արդյունք ստանալ»:

Այս տարի նախատեսվում է 818 տրակտորների, այդ թվում`116 հացահատիկահավաքի ներկրում դրսից` մասնավորապես Ճապոնիայից:

Դիտվել է 1469 անգամ:
Print Friendly

Leave a Reply