Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի ընտրանին է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 4, 2011 9:01

Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթեց Ավստրիայի ընտրանուն: Լևոն Արոնյանի բացակայության պայմաններում առաջին խաղատախտակի առջև հանդես եկած Սերգեյ Մովսիսյանը խաղաղ դաշն կնքեց մրցակցի հետ: Իսկ ահա,Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության մատնեցին իրենց հակառակորդներին:

Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց մրցամարտը Չեխիայի ներկայացուցիչների հետ: Մեր թիմին պարտությունից խուսափել օգնեց Էլինա Դանիելյանը, որը դժվարին պայքարում հաղթեց Եվա Կուլիկովային: Մրցակիցները վերջինն ավարտեցին իրենց հանդիպումը, կատարելով 128 քայլ: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան ոչ-ոքի  էին ավարտել իրենց հանդիպումները: Իսկ ահա, Լիլիթ Գալոյանը պարտվել էր:

Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Եվրոպայի ներկայիս չեմպիոն Ադրբեջանի հավաքականի հետ: Հիշեցնենք, որ մերոնք աշխարհի չեմպիոն են: Հայաստանի  շախմատիստուհիների հավաքականը կխաղա Խորվաթիայի թիմի հետ:

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply