Կներդրվի քաղծառայողների սոցապահովության փաթեթը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 3, 2011 17:29

«Ազգային ժողովին ներկայացված պետական բյուջեի նախագծով նախատեսվում է շուրջ 18 մլրդ դրամ հատկացնել պետական ծառայողների համար սոցիալական ապահովության փաթեթի ստեղծմանը։ Հայաստանում մենք այսպիսի ծրագիր առաջին անգամ ենք իրականացնում, և բազմաթիվ հարցեր են առաջանում ինչպես պատգամավորների, այնպես էլ պետական ծառայողների մոտ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ սոցիալական ապահովության փաթեթը»,- այսօր կառավարության նիստին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը և խնդրել, որ ֆինանսների նախարար Վաչե  Գաբրիելյանը  պարզաբանումներ ներկայացնի, թե ինչպիսին է փաթեթը, և ինչպես են  քաղծառայողներն օգտվելու դրանից։

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան – Պարոն վարչապետ, փաթեթը յուրաքանչյուր աշխատակցի համար հանդիսանում է անկանխիկ գումար։ Քաղծառայողը կարող է չորս ուղղություններով օգտագործել այդ փաթեթը, իսկ նրա համար համապատասխան վճարումներ կկատարի համապատասխան հիմնարկի ֆինանսական կամ հաշվապահական վարչությունը։ Եթե աշխատակիցը գնում է բժշկական ապահովագրություն, ապա դրանով նա լուծում է իր և իր ընտանիքի բժշկական անվտանգության հարցերը։ Երկրորդ ուղղությունը, որն առաջարկվում է փաթեթով, հիփոթեքային վարկերի համար տոկոսադրույքների վճարումն է։ Ընդ որում, հիփոթեքային վարկերը վերաբերում են ոչ միայն բնակարանի ձեռքբերմանը, այլև վերանորգման ընթացիկ վարկերին։ Երրորդ ուղղությունը կրթությունն է, չորրորդը՝ հանգիստը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Բոլոր դեպքերում մշակված են մեխանիզմներ, որոնք նվազագույնի կհասցնեն բյուրոկրատիան։ Մասնավորապես, նախարարությունում կամ հիմնարկությունում որևէ մեկը չի որոշի` արժե այդ վճարումը կատարել, թե՝ ոչ։ Կլինեն ստանդարտ ծրագրեր, մասնավորապես, կրթության ոլորտում նշված կլինեն բոլոր այն հաստատությունները, որոնք փաթեթի համաձայն հաստատել է կրթության նախարարությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը կհաստատի ծրագրի համապատասխան բոլոր այն հանգստյան տների, հյուրանոցների և առողջարանների ցանկը, որոնցից կօգտվեն քաղծառայողները։ Բժշկական ապահովագրությունից կօգտվեն Կենտրոնական բանկի կողմից արտոնագրված բժշկական ապահովագրություն տվող ընկերությունների ծառայություններից։ Չորրորդ ուղղության համապատասխան՝ եթե բանկը հաստատի, որ քաղծառայողի վարկը համապատասխանում է փաթեթով նախատեսված և Ազգային հիփոթեքային ընկերության ստանդարտներին, ապա անմիջապես վարկի տոկոսները կվճարվեն։ Մեխանիզմը ենթադրում է քաղծառայողներին հնարավորին չափ զերծ պահել բյուրոկրատիայից։ Ծրագրերն ուղղված են լինելու սոցիալական ապահովության ծախսերին։ Այժմ ճշտում ենք վերջնական շահառուների քանակը։ Փաթեթն առնվազն կտարածվի պետական համակարգի 100 հազար աշխատակիցների վրա։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Հարգելի գործընկերներ, սա նշանակում է, որ այդ 18 մլրդ դրամը, որ մենք հատկացնում ենք, հավասար չափով հասնում է շուրջ 100 հազար պետական ծառայողների: Այսինքն` մենք հավասարաչափ ենք բաշխում` անկախ նրանից, թե նրանք ինչ պաշտոնական դիրք են զբաղեցնում և ինչ աշխատավարձ են ստանում, բոլորին հավասարաչափ հասնելու է այս սոցիալական փաթեթը: Դա նշանակում է, որ պաշտոնական աստիճանի ավելի ցածր մակարդակի վրա գտնվողների և ավելի ցածր եկամուտ ստացողների համար այս սոցիալական փաթեթն ունենալու է էական նշանակություն, նրանց համար էական փոփոխություն է տեղի ունենալու:Հարգելի գործընկերներ, կա երկրորդ կարևոր առանձնահատկությունը, որի վրա ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում մենք ունեինք մի խումբ չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում մենք կարող ենք ակնկալել, որ նաև նոր ծրագիր կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետությունում: Այդտեղ մենք ունեինք խնդիրներ առողջապահության, կրթության ֆինանսավորման հետ, թե մեկ շնչին ընկնող տեսակետից մենք ինչքան գումար ենք ծախսում, և այդ տեսակետից էլ այս սոցիալական ապահովության փաթեթի ներդրումը թիրախավորում է այն առաջնահերթությունները, որ առաջ են քաշում մեր քաղաքացիները: Մասնավորապես, նաև Համաշխարհային բանկի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիներն առաջին տեղում դնում են առողջապահության ֆինանսավորման խնդիրը, երկրորդ տեղում` կրթությունը, երրորդ տեղում` չունևորներին օգնություն ցույց տալը, չորրորդ տեղում` կենսաթոշակների աճը և հինգերորդ տեղում` բնակարանային ապահովումը: Դա նշանակում է, որ 2012 թվականի պետական բյուջեի նախագծով մենք այս 5 թիրախներն էլ մեզ համար ֆիքսում ենք որպես նպատակ, քանի որ բյուջեի նախագծով մենք ավելացնում ենք և՛ թոշակները, և՛ սոցիալական նպաստները, իսկ այս սոցիալական ապահովության փաթեթով մենք առողջապահական ապահովագրական փոլիսներ ենք տրամադրում, ինչպես նաև կրթության համար վճարումներ իրականացնելու հնարավորություն: Այս սոցիալական փաթեթի երրորդ կարևորագույն առանձնահատկությունը և դրական կողմը կայանում է նրանում, որ այն չի բերում գնաճային ճնշումներ:Չորրորդը` պետության կողմից զանգվածային փոլիսների գնման պարագայում մենք իրականացնում ենք նաև խնայողություններ, որովհետև կարողանում ենք էժան ձեռք բերել այդ սոցիալական ապահովագրական փոլիսները, և դա նաև իր մեջ պարունակում է տնտեսական աճի մեծ ներուժ: Այսինքն` այս սոցիալական փաթեթի բոլոր ուղղությունները, մի կողմից, խթանելու են տնտեսական աճը, մյուս կողմից` կրճատելու են ստվերային տնտեսությունը և նվազեցնելու են կոռուպցիոն ռիսկերը: Այս առանձնահատկությունները հաշվի առնելով` մենք առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում ներդնում ենք այսպիսի նոր ինստիտուտ: Հասկանալի է, որ երկրորդ, երրորդ տարիների ընթացքում այն ավելի կկատարելագործվի, և մեր քաղաքացիների և ծառայություն մատուցողների կողմից այս մեխանիզմները կլինեն առավել արդյունավետ: Սա նոր ինստիտուտ է, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մանրակրկիտ մեր պետական ծառայողներին բացատրենք, թե ինչպես նրանք կարող են օգտվել այս հնարավորություններից, որ ընձեռում է այս փաթեթը: Այն կխթանի տուրիզմի զարգացումը և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Լեռնային Ղարաբաղում: Դուք հիշում եք` մենք Լեռնային Ղարաբաղում տուրիզմը խթանելու համար ձևավորել էինք տուրիստական փաթեթներ, որը ներառում էր տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, երեք անգամ սնունդ օրվա ընթացքում, տուրիստական ծրագիր, և այդ ամենը տեղավորվում էր մինչև 120 հազար դրամի մեջ յոթ օրվա հաշվարկով: Նմանատիպ տուրիստական ուղեգրերը կարող են ֆինանսավորվել այս փաթեթի շնորհիվ: Հարգելի գործընկերներ, ես կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել մեր Կայուն զարգացման ազգային խորհրդի անդամներին, մասնավորապես, Կարինե Դանիելյանին, ինչպես նաև «Բուրգ» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Արման Վերմիշյանին, ովքեր շատ հետևողական են իրենց աշխատանքներում և արդյունավետ համագործակցում են մեզ հետ բնապահպանական խնդիրները լուծելիս: Դուք հիշում եք, որ նախորդ հարցը, որ նրանք բարձրացրել էին, վերաբերում էր Խոսրովի անտառների տարածքներին, և այնտեղ նույնպես կառավարության որոշում ընդունելու անհրաժեշտություն կար, որպեսզի մեր բնապահպանները վստահ լինեին, որ այդ պահպանվող հողատարածքներին վտանգ չի սպառնում: Սա էլ երկրորդ քայլն է, որը մենք մեր գործընկերների առաջարկությամբ իրականացնում ենք: Կարծում եմ` այս համագործակցությունից մենք բոլորս շահում ենք:

Դիտվել է 1519 անգամ:
Print Friendly

Leave a Reply