Պետության և քաղաքացիների «ԱՊՊԱ-հարզանը»

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 7, 2011 14:08

ԱՊՊԱ համակարգը ավտոքաղաքացիական պատասխանատվությունը վերածել է գերշահութաբեր բիզնեսի: Ընդ որում, բիզնեսի այս տեսակում պետության կողմից հասարակ քաղաքացիներին ստիպողաբար վճարել պարտադրելու եղանակով ընդամենը 1 տարվա ընթացքում հնարավոր է ստանալ այնքան եկամուտ, որ ապահովագրող ընկերության ակտիվներն աճեն մոտ 1.5 անգամ, այսինքն` 150 տոկոսով:

Օրինակ` ԱՊՊԱ ոլորտում առաջատար ընկերություններից մեկը` «Ինգո Արմենիա» ընկերությունը, 2011 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում կնքել է ավելի քան 63 հազար ԱՊՊԱ պայմանագիր, ընդ որում` ընկերության կողմից ԱՊՊԱ գծով հավաքված վճարները 2011 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում կազմում են մոտ 2.2 միլիարդ դրամ, որը ընկերության տարեկան ապահովագրավճարների մոտ 55 տոկոսն է: Նշված ժամանակաշրջանի համար, ինչպես տեղեկացրեց ընկերության PR մենեջեր Գայանե Դավթյանը, «Ինգո Արմենիա» ընկերությունը ԱՊՊԱ գծով վճարել է մոտավորապես 634 միլիոն դրամ փոխհատուցում: Ընկերության ակտիվները, նախորդ տարվա համեմատ, ավելացել են մոտ 1.5 անգամ` մոտ 150 տոկոսով, և կազմում են ավելի քան 5.81 միլիարդ դրամ: Սա այն պարագայում, երբ ապահովագրական ընկերությունների ղեկավար անձինք հավաստիացնում են, որ այս ոլորտում շահութաբերությունը կազմում է մոտ 15 տոկոս:

«Շատ դեպքերում նայում են, թե ապահովագրական ընկերությունն ինչքան ապահովագրավճար է հավաքել, ինչքան փոխհատուցում է վճարել ու տարբերությունը համարում են եկամուտ: Բայց այդպես չէ, քանի որ կան այնպիսի ծախսեր, ինչպիսիք են, օրինակ, նոր գրասենյակների ձեռքբերման և կազմավորման ծախսերը, ավտոապահովագրողների բյուրոյին մուծվող գումարները, որոնք կազմում են եկամտի 0.5 տոկոսը, գործակալներին վճարվող 15 տոկոս գումարները և հարկերը` շահութահարկի տեսքով` շահույթի 20 տոկոսի չափով: Արդյունքում` ապահովագրական ընկերություններն աշխատում են մոտ 15 տոկոս շահութաբերությամբ»,- պարզաբանեց «Կասկադ ինշուրանս» ապահովագրական ընկերության փոխտնօրեն Լևոն Մամիկոնյանը:

Նույն «Կասկադ ինշուրանս» ընկերությունը, որը չի մտնում ավտոապահովագրողների առաջատար քառյակի մեջ և համարվում է այս ոլորտում համեստ դիրքեր ունեցող ընկերություն, այս տարվա հունվար ամսից մինչև հիմա ապահովագրել է մոտ 31 հազար մեքենա, որից այս պահին գործում է մոտ 23 հազար պայմանագիր: Գումարային տեսքով դա կազմում է մոտավորապես 818 միլիոն դրամ: Հոկտեմբերի 31-ի դրությամբ ընկերությունն ունեցել է պատահարի վերաբերյալ 1590 ծանուցում, որից կարգավորված դիմումների քանակը 1027 է: Այդ կարգավորված դիմումներից 989-ի համար արդեն վճարել է, որի գումարը մոտավորապես կազմում է 235 միլիոն 255 հազար դրամ: Ընկերության ակտիվները կազմում են 1.5 միլիարդ դրամ, որի կեսից ավելին, ինչպես նկատեցինք, հենց ԱՊՊԱ գծով գոյացած միջոցներն են: Ընկերության փոխտնօրենի նշած բոլոր հանգամանքներն ու վճարվելիք գումարները, հարկերն ու տուրքերը հաշվի առնելով, ինչպես նաև մինչև տարվա ամփոփումը` դեկտեմբերի 31-ը, հնարավոր համարվող փոխհատուցումներն ընդունելով այնքան, ինչքան կազմել է հունվարից մինչև հոկտեմբերի 31-ը, էլի արդյունքում կմնա 100-200 միլիոն դրամի կարգի գումար, որը, կարծում ենք, այնքան էլ փոքր թիվ չէ: Այս թիվը կարող է ստացվել փոքրիկ համարվող «Կասկադ Ինշուրանս» ընկերության համար, իսկ առաջատար ընկերությունների դեպքում պատկերն առավել հետաքրքիր է դառնում: Արդեն նշել ենք «Ինգո Արմենիա» ընկերության տվյալները, առաջատար քառյակի մեկ այլ ներկայացուցչի` «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության դեպքում ստացվում է, որ 2011 թ. հունվարից մինչև ներկա պահը «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը կնքել է մոտ 90 հազար ԱՊՊԱ պայմանագիր, որի արդյունքում  սեպտեմբերի 1-ի դրությամբ գոյացել է մոտ 1 միլիարդ 700 միլիոն դրամ ապահովագրավճար: Որպես փոխհատուցում այս գումարներից, էլի սեպտեմբերի 1-ի դրությամբ, վճարվել է 448 միլիոն 761 հազար դրամ գումար:

«Բայց դա չի նշանակում, թե միայն այդքան գումար է կազմելու, քանի որ դեռ տարին չի ավարտվել, բացի այդ, հաջորդ տարվա սեպտեմբերի 1-ին, նոր կլինեն ամբողջական արդյունքներ, որովհետև, օրինակ, եթե մարդը օգոստոս ամսին է պայմանագիր կնքել, ապա նրա պայմանագրի ժամկետը շարունակվում է մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի 1-ը, և մինչ այդ հնարավոր են այլ փոխհատուցումներ ևս»,- հայտնեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության սպասարկման բաժնի ավագ աշխատող Լիաննա Հակոբյանը:

Եթե նույնիսկ այդ գումարները կազմեն այնքան, ինչքան որ արդեն վճարել է ընկերությունը փոխհատուցման ձևով, դրանից հանենք 20 տոկոս հարկերը, 15 տոկոս գործակալներին վճարվող գումարները, բյուրոյին մուծվող գումարները, էլի արդյունքում կմնա մոտ 500-600 միլիոն դրամ գումար: Վատագույն դեպքում:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը կնքել է 123 հազար 510 ԱՊՊԱ պայմանագիր, որը դրամային տեսքով կազմում է մոտ 4 միլիարդ 514 միլիոն դրամ: Այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերությունը փոխհատուցման տեսքով վճարել է մոտ 1.5 միլիարդ դրամ: Այս դեպքում, բնականաբար, ավելի ահռելի գումար կմնա:

Այս պատկերը ընդհանուր է և որոշ փոփոխություններով տարածվում է բոլոր ընկերությունների վրա, որոնք աշխատում են ԱՊՊԱ ոլորտում: Իհարկե, բերված տվյալներից  շատերը մոտավոր են,  մի քանիսն էլ չափազանցված, բայց հօգուտ ավտոապահովագրողների, որի արդյունքում էլ եկամտի չափը շեղումներով է ստացվում: Բայց այդ շեղումները էլի հօգուտ ապահովագրական ընկերությունների են: Եվ նույնիսկ այս դեպքում, նրանց եկամուտները պատկառելի են: Եվ սա այն դեպքում, երբ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանն իր տված հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ ապահովագրողներն այս ոլորտում կունենան շահութաբերության ցածր` 2-5 տոկոսանոց մակարդակ, ապահովագրական ընկերության ղեկավարներց մեկը նշում է 15 տոկոս շահութաբերության մակարդակ, իսկ իրականում այդ շահութաբերության մակարդակն ավելի բարձր կլինի, քան 15 տոկոսը` գոնե նախնական տվյալներից դատելով:

Հուսով ենք, որ պետությունը կվերանայի ԱՊՊԱ համակարգին վերաբերող իր մոտեցումները և ՀՀ շարքային քաղաքացիների հաշվին չի շարունակի ապահովագրական ընկերությունների քսակը հաստացնել կամ, քաղաքավարի ասած, ակտիվ միջոցները մեծացնել:

 

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

 

Դիտվել է 1381 անգամ:
Print Friendly

Leave a Reply