Դուայթ Էյզենհաուեր

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 7, 2011 16:03

«Երբ պատրաստվում ես ճակատամարտի, պլաններն անիմաստ են, սակայն պլանավորելն անհրաժեշտ է»:

«Դիվանագետն այն մարդն է, ում շատ բարձր են վճարում ոչինչ չասելուց առաջ շատ մտածելու համար»:

«Այն մարդն է ինտելեկտուալը, ում ավելի շատ խոսքեր են հարկավոր, որպեսզի նա ասի ավելին, քան իրապես գիտի»:

Այս «խոստովանությունները» պատկանում են ԱՄՆ 34-րդ նախագահին` XX դարի ամենամեծ զորավարներից մեկին` Դուայթ Էյզենհաուերին:

ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը ծնվել է 1890 թ. հոկտեմբերի 14-ին, ԱՄՆ Տեխասի նահանգի Դենիսոն քաղաքում: Նա ընդամենը մեկ տարեկան էր, երբ հայրը` Դեյվիդ Էյզենհաուերը, աշխատանք գտնելու նպատակով իր բազմանդամ ընտանիքը տեղափոխեց Կանզասի Աբիլին քաղաք, ուր և անցավ Դուայթի մանկությունը:

Էյզենհաուերների ընտանիքը ծագումով գերմանացի էր: Դուայթի նախապապը` Հանս Նիկոլաուս Այզենհաուերը, լինելով մորմոնների աղանդի հետևորդ, խուսափելով կաթոլիկ եկեղեցու հետապնդումներից, 1741 թ. ընտանիքով հաստատվել է Ամերիկա մայրցամաքում: Աղանդավոր էր նաև ապագա նախագահի մայրը` Աիդան, որ անդամակցում էր Եհովայի վկաներին: Սակայն դա չէր խանգարում, որ Էյզենհաուերների տանը հավասարակշռված մոտեցում լիներ հոգևոր գործերին. ամեն առավոտ և իրիկուն մայրը երեխաների համար հատվածներ էր ընթերցում Աստվածաշնչից, իսկ Դեյվիդ Էյզենհաուերը որդիների համար պատմություններ էր կարդում մեծ զորավարների` Հաննիբալի, Նապոլեոնի կյանքից` ասես կողմնորոշելով իր զավակների ապագան դեպի զինված ուժեր:

Դուայթի հայրը խստաբարո մարդ էր և իր յոթ զավակներին դաստիարակում էր զինվորական կարգուկանոնով: Հետաքրքրական է մի դիպված նրա կյանքից: Մի անգամ պատանի Դուայթը, նեղսրտած հոր խիստ վերաբերմունքից, հայտարարում է, որ հեռանում է տնից: Ի պատասխան հայրը պահարանից հանում է հնամաշ, զինվորական ուսապարկն ու մեկնում որդուն. «Վերցրու, օտարության մեջ պետք կգա…»:

Պատանեկության տարիներին Դուայթը հրապուրվեց նախ ֆուտբոլով և բավական հաջողություն ունեցավ նահանգի պատանեկան առաջնություններում: Սակայն ոտքի կոտրվածքը Այկին (այդպես էին նրան կոչում շրջապատում) ստիպեց թողնել ֆուտբոլը և զբաղվել բռնցքամարտով: Շատ չանցած` նա իր տարիքային և քաշային կարգում ճանաչվեց առաջինը ողջ Կանզաս նահանգում:

1909 թ. Դուայթն ավարտեց Աբիլինի միջնակարգ դպրոցն ու երկու տարի անց ընդունվեց Վեստ Փոյնթի զինվորական ակադեմիան: 1917 թ. նա արդեն կապիտան էր և գլխավոր շտաբը ողողում էր զեկուցագրերով` խնդրելով իրեն ուղարկել Գերմանիա` գործող բանակ: Շուտով նրա խնդրանքը հարգվեց, բայց վրա հասավ պատերազմի ավարտի մասին լուրը: Էյզենհաուերին մխիթարեց միայն իր հերթական` մայորի զինվորական կոչումը:

Հետպատերազմյան տարիներին Էյզենհաուերը ծառայում էր Պանամայի ջրանցքի շրջանում, իսկ 1930-ական թթ. գեներալ Դուգլաս Մակարթուրի գլխավորած բանակային զորամիավորման շտաբի պետն էր: Ինչպես հետագայում նա կխոստովանի, գեներալ Մակարթուրն իր իսկական ուսուցիչը դարձավ:

1939 թ. Էյզենհաուերը, որպես 3-րդ բանակի շտաբի պետ, ծառայության անցավ Ֆիլիպիններում: Այստեղ նա ստացավ բրիգադի գեներալի, իսկ

1944 թ.` բանակի գեներալի զինվորական կոչում:

Կյանքում երբևէ մասնակցած չլինելով ընտրությունների` Էյզենհաուերը 1953 թ. հունվարի 20-ին ընտրվեց ԱՄՆ 34-րդ նախագահ և պաշտոնավարեց մինչև 1961 թ. հունվարի 20-ը:

Դուայթ Էյզենհաուերը ողջ կյանքում ապրեց որպես զինվորական և պաշտոնավարեց որպես հմուտ դիվանագետ:

Պատերազմը նա դիմավորեց հենց Ֆիլիպիններում: Երբ գերմանացիները ռմբակոծեցին ու հողին հավասարեցրին Պոլ Հորբախը, Էյզենհաուերը ծառայում էր գեներալ Ջորջ Մարշալի գլխավորած բանակում: Շուտով նա ուղևորվեց գործող բանակ և Հյուսիսային Աֆրիկայում գլխավորեց դաշնակից զորքերի էքսպեդիցիոն կորպուսները, Թեհրանի կոնֆերանսից հետո նաև ստանձնեց Դաշնակից զորքերի ընդհանուր հրամանատարությունը: Գերմանական հրամանատարությունը, օգտվելով առիթից, ցանկացավ պառակտում մտցնել դաշնակիցների շարքերում և հայտարարեց, որ Գերմանիայի դեմ պատերազմելու են ուղարկել ծագումով գերմանացու:

Սակայն գերմանական ծագումը չխանգարեց Էյզենհաուերին, որ 1944 թ. փայլուն կազմակերպի և իրականացնի անգլո-ամերիկյան զորքերի ափհանումը Նորմանդիա, որից հետո Գերմանիան, հայտնվելով աքցանի մեջ, անձնատուր եղավ: Իսկ մինչ այդ` 1943 թ. սեպտեմբերի 23-ին, նա «Նելսոն» ռազմանավի վրա ընդունել էր Իտալիայի կապիտուլյացիան:

Էյզենհաուերը հաղթանակը դիմավորեց բանակի գեներալի ուսադիրներով:

Պատերազմի ժամանակ առիթ ունենալով շփվելու խորհրդային զինվորականության հետ` նա միշտ դրվատանքով է խոսել խորհրդային բանակի, հատկապես մարշալ Գ.Կ Ժուկովի մասին, որի հետ պահպանում էր բարեկամական հարաբերություններ:

1950 թ. նախագահ Տրումենի առաջարկով Դուայթ Էյզենհաուերը գլխավորեց նոր կազմավորված Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը և փաստորեն ՆԱՏՕ-ի այսօրվա եվրոպական սպառազինությունների համակարգի հիմքը դրեց:

Էյզենհաուերը ՆԱՏՕ-ն գլխավորեց մինչև 1952 թ.: Նա այս աշխատանքը զուգակցեց գիտական գործունեության հետ. 1948-1952 թթ. նա համատեղության կարգով Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի ռեկտորն էր: 1948 թ. նա հրատարակեց իր «Խաչակրաց արշավանք դեպի Եվրոպա» հուշագրությունը, որում արժեքավոր տեղեկություններ կան Երկրորդ աշխարհամարտի առանձին դրվագների վերաբերյալ: Իր հուշերում Էյզենհաուերը անդրադարձել է 1945 թ. մարշալ Գ. Կ. Ժուկովի հրավերով Մոսկվա այցի մասին: Նա զարմացած պատմում է, թե ինչպես Ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված շքերթի ժամանակ հինգ ժամ շարունակ կանգնել է Լենինի դամբարանի գլխին` Ստալինի կողքին, և ինչպես ԽՍՀՄ անվրդով առաջնորդը դույզն-ինչ հոգնածության նշան ցույց չի տվել:

Էյզենհաուերը հետաքրքրական տեղեկություն է հաղորդում նաև խորհրդային բանակի մարտավարության մասին: Երբ նա հարցնում է մարշալ Ժուկովին, թե ինչպես է խորհրդային բանակը հաղթահարում ականապատված դաշտը, իրենք` ամերիկացիները շատ կորուստներ են այնտեղ ունենում, ի զարմանս նրա, մարշալը պատասխանում է. «Ուղղակի հետևակը գրոհում է ականապատված դաշտով, կարծես թե այնտեղ ոչ մի ական էլ չկա: Կորուստները չեն գերազանցում այն կորուստները, որ պատճառում է թշնամին գնդացրային կամ հրանոթային կրակով»:

Էյզենհաուերը երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել և իր կյանքում գեթ մեկ անգամ չի մասնակցել ընտրությունների: Սակայն նրա հարաճուն հեղինակությունը կամա թե ակամա նրան մղում է դեպի քաղաքականություն: ԱՄՆ գործող Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններն իրենց քաղաքական ծրագրերում տեսնում էին միայն մեկ գործչի` Դուայթ Էյզենհաուերին: Ի վերջո, գեներալն ընտրեց Հանրապետական կուսակցությունը և նրա հետ գնաց նախագահական ընտրությունների:

1952 թ. հունվարին ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո նրա առաջին ձեռնարկումներից մեկը եղավ Կորեայում ծավալված պատերազմի դադարեցումը, ինչն ավելի ամրապնդեց նրա դիրքերն ու հեղինակությունը երկրում: Իհարկե, միաժամանակ հարուցեց ԱՄՆ բանակի գեներալների և ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը: Նրա կառավարման տարիներին ԱՄՆ-ում ամրապնդվեց ազատության և ժողովրդավարության ներկայիս մոդելը:

Էյզենհաուերը  աշխարհին հայտնի է որպես սպառազինությունների մրցավազքի ջատագով, սակայն իրականում հենց նրա նախաձեռնությամբ 1955 թ. Ժնևում և 1959 թ. Քեմփ Դեյվիդում կայացան ամերիկյան և խորհրդային կողմերի բազմաբնույթ հանդիպումները` միտված աշխարհում լարվածության լիցքաթափմանը: Բացի այդ, Կարիբյան ճգնաճամի տարիներին հենց Էյզենհաուերի հեռատեսությունը կանխեց Երրորդ համաշխարհային պատերազմը, որ սանձահարում էր խորհրդային վարչակարգը` Կուբայի օպերացիայով: Անսալով ամերիկյան հրամանատարության պահանջը` խորհրդային ռազմածովային նավատորմը ճեղքեց ամերիկյան զինված ուժերի շղթան ու մոտեցավ Կուբային: Միայն հեռատես Էյզենհաուերը կարողացավ ժամանակին զսպել ամերիկյան հրամանատարությանը, որպեսզի կրակ չբացի խորհրդային նավերի վրա, ինչն էլ որոշիչ եղավ խաղաղության հարցում: Ով ով, բայց գեներալ Էյզենհաուերը լավ էր պատկերացնում նոր պատերազմի սպառնալիքներն ու հետևանքները համայն աշխարհի համար:

Սակայն զգուշավոր քաղաքականության հետ մեկտեղ Էյզենհաուերը խորհրդային կարգերի մոլի թշնամի էր և իր արտաքին քաղաքականության գաղափարաբանության հիմքում կոմունիզմի առաջընթացը կասեցնելն էր:

1960 թ. հեռանալով նախագահական պաշտոնից (նրան փոխարինեց Ջոն Քենեդին)` Էյզենհաուերը հեռացավ նաև քաղաքականությունից և հանգստի անցավ: Նրա առողջությունը լավ չէր. դեռ 1955 թ. Կոլորադոյում սրտամկանի ինֆարկտ էր տարել: 1968 թ. աշնանը նա չորրորդ անգամ ինֆարկտ տարավ: Նրան հոսպիտալացրին, սակայն առողջությունն այդպես էլ չվերականգնվեց:

Դուայթ Էյզենհաուերը մահացավ 1969 թ. մարտի 28-ին Վաշինգտոնում: Աճյունն ամփոփվեց հայրենի Աբիլինում:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

 

Դիտվել է 1509 անգամ:
Print Friendly

Leave a Reply