Ի՞նչ է ռեգրեսային պարտավորությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | November 10, 2011 12:00

Քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվում է նաև պարտավորության մի հատուկ տեսակ, որը կոչվում է ռեգրեսային պարտավորություն: Այն առաջանում է ինչպես քաղաքացիների, այնպես էլ իրավաբանական անձանց հարաբերություններում:

Ռեգրեսային են կոչվում այնպիսի պարտավորությունները, որոնց ուժով պարտապանի մեղքով երրորդ անձին դրամ վճարած կամ այլ գույք հանձնած անձն իրավունք ունի պարտապանից պահանջելու վճարած գումարը կամ հանձնած գույքը:

Ռեգրեսային պարտավորությունները ծագում են որպես մեկ այլ պարտավորության կատարման հետևանք և ածանցյալ բնույթ ունեն: Այդ պարտավորություններն առաջանում են այն դեպքերում, երբ որևէ անձ ուրիշի փոխարեն կամ նրա պատճառով որևէ գործողություն է կատարում` դրամ է վճարում, գույք է հանձնում և այլն: Այդ իսկ պատճառով, չնայած ռեգրեսային պարտավորությանը մասնակցում է երկու անձ, դրա առաջանալու համար անհրաժեշտ է երրորդ անձանց հետ գոյություն ունեցող իրավահարաբերություն: Օրինակ` համապարտ պարտավորությունների պարագայում պարտատերն իրավունք ունի պարտավորության կատարումն ամբողջությամբ պահանջելու համապարտ պարտապաններից որևէ մեկից:  Եթե պարտապաններից մեկն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունը, ապա իրավունք ունի իր կատարածի դիմաց, պարտավորության իր բաժինը  հանելով, կատարում պահանջել մյուս պարտապաններից: Հենց պարտքը մարած պարտապանի և մյուս պարտապանների միջև առաջացած պարտավորությունն էլ կհանդիսանա ռեգրեսային պարտավորություն:

Ռեգրեսային պահանջի ածանցյալ բնույթով էլ որոշվում է այդ պահանջի ծավալը: Այդ պահանջը չի կարող գերազանցել այն չափը, ինչ չափով որ պարտատիրոջ կողմից բավարարվել է երրորդ անձի պահանջը: Օրինակ` իրեն հումք չմատակարարելու հետևանքով պատվիրատուներին արտադրանքը թերի մատակարարելու համար տուժանք վճարած մատակարարն իրավունք ունի ռեգրեսիվ հայց ներկայացնել հումք մատակարարող ձեռնարկությանը և պահանջել իր վճարած գումարները միայն այն չափով, որչափով իրականում վճարել է:

Ռեգրեսային պարտավորություններն առաջանում են ինչպես պայմանագրային, այնպես էլ արտապայմանագրային պարտավորություններով: Օրինակ` եթե կազմակերպության ավտոմեքենան բախվել է մեկ այլ մեքենայի, որի հետևանքով վնաս է պատճառվել քաղաքացուն, ապա քաղաքացին հայց է հարուցում ոչ թե վարորդի, այլ մեքենան տիրապետող կազմակերպության դեմ: Կազմակերպությունը, հատուցելով քաղաքացու վնասը, ռեգրեսային պահանջի իրավունք է ձեռք բերում մեքենան վարող վարորդի նկատմամբ:

Ռեգրեսի իրավունքը սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց է: Այն հնարավորություն է տալիս առաջացած վնասները փոխհատուցելու այն անձի հաշվին, որի մեղքով դրանք առաջացել են:

Ռեգրեսի իրավունքը լայնորեն օգտագործվում է նաև ապահովագրությունում: Ռեգրեսի իրավունքը ծագում է հետևյալ փաստակազմի առկայության դեպքում. ապահովագրական ընկերությունը կատարում է ապահովադրի կողմից երրորդ անձին պատճառված վնասի հատուցումը և ձեռք է բերում պահանջ ապահովադրի նկատմամբ: Այսպիսով, ռեգրեսային պարտավորությունը ածանցվում է նշված հիմնական պարտավորությունից, սակայն ծագում է հիմնական պարտավորության դադարից հետո և հանդիսանում է ինքնուրույն պարտավորություն:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Դիտվել է 4113 անգամ:
Print Friendly

Leave a Reply