Բռնաբարությունը հայերի աչքերով

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 8, 2011 12:00

Անչափահասների, կույս տատիկների ու հարսների բռնաբարության դեպքեր միշտ էլ եղել են

Վերջին շրջանում այն թերթերն ու ամսագրերը, որոնք հրապարակում են սկանդալային տեղեկություններ բռնաբարության դեպքերի մասին, անկասկած վաճառվում են տաք կարկանդակների պես: Այդ հրապարակումները հիմնականում սկսվում են այսպես. հայրը բռնաբարել է հարազատ աղջկան, թոռը` տատին, եղբայրը` քրոջը, սկեսրայրը` հարսին

Ու այս ամենը մեզ է հրամցվում թե՛ միջազգային,  թե՛ մեր երկրի լրահոսից: Այնպիսի տպավորություն է, որ հայերի սեռական ցանկություններն անկառավարելի են դարձել, հայ տղամարդիկ սկսել են բռնաբարել ում պատահի, երբ պատահի ու ոնց պատահի:  Օրինակ` Գորիսում լուրեր տարածվեցին, որ հայրը բռնաբարել է իր 14-ամյա աղջկան, ու աղջիկը հղի է, հետո տեղեկացանք, որ այդ լուրն այնքան էլ ճիշտ չէր կամ էլ ճիշտ էր: Ասում են` ընտանիքը, շրջապատից անվերջ ամոթանքներ լսելուց հոգնած, ցանկանում էր հերքել տեղեկությունը:

Երևանում էլ դեպքերը հաջորդում են իրար: Լրատվամիջոցները պարզապես հեղեղվեցին հայտարարություններով, որ ընտանիքի հայրն անառակաբարո գործողություններ է կատարել իր 7 տարեկան դստեր նկատմամբ: Թարմ է նաև Արարատի մարզի Արբաթ գյուղում տեղի ունեցած նմանօրինակ դեպքը, երբ մի տղամարդ բռնաբարել էր 21 տարեկան մանկամտություն ունեցող աղջկա: Բացի այդ, նշենք, որ այս ընթացքում տարբեր երկրներում հայերը դատապարտվում են բռնաբարության հոդվածով:

Հիշեցնենք, որ  Մինսկում 41-ամյա հայ տղամարդը բռնաբարել էր իր երեխայի մանկապարտեզի 25-ամյա դաստիարակչուհուն: Կամ մյուս դեպքը. Ռուսաստանում 23-ամյա մի հայ տղա դատապարտվեց 6 տարի ազատազրկման` բուսաբանական այգում օրը ցերեկով մի աղջկա ծեծելու ու բռնաբարելու համար, Յակուտիայում էլ մի հայի դատապարտեցին ընկերուհուն մեքենայում բռնաբարելու և մերկ վիճակում մեքենայից դուրս շպրտելու համար:

Բայց այս ամբողջ շարքում ամենահետաքրքրականը Լոռու մարզում ալավերդցի 22-ամյա  երիտասարդի պատմությունն էր: Այն հայկական լրատվամիջոցների թոփ 10-ի առաջին պատվավոր հորիզոնականում էր: Այս 22-ամյա երիտասարդը թալանել ու բռնաբարել էր 82-ամյա միայնակ մի տատիկի: Ամենահետաքրքիրն այս պատմության մեջ այն էր, որ պարզվեց` տատիկը կույս էր:

Ըստ տարածված լուրերի` այդ տղան սկզբում տատիկից միայն ոսկեղեն ու փող է պահանջել, հետո մտափոխվել է ու «չբավարարվելով» ստացած ոսկեղենով` դիմադրություն ցույց տվող ծեր կնոջը կյանքի մայրամուտին բռնաբարել:

Հաշվի առնելով, որ այս և նմանօրինակ անոմալ երևույթների մասին արդեն լսում ենք գրեթե ամեն օր, զրուցեցինք հոգեբանների հետ` ճշգրտելու և իմանալու, թե որոնք են հայերի սեռական ագրեսիայի պատճառները, և արդյոք հայե՞րն են այդ առումով ավելի անբռնազբոս ու անկառավարելի դարձել, թե՞ տեղեկատվությունն է ավելի մատչելի մատուցվում:

Հոգեբանական գիտությունների թեկնածու Վահրամ Բաբայանը կարծում է, որ  նման երևույթներ միշտ էլ եղել են, պարզապես մենք չենք իմացել: «Ասեմ, որ սեռական նման դրսևորումները մարդուն բնորոշ են և եղել են տարբեր մշակույթներում: Ընդհանրապես գիտական հոգեբանությունն արդեն ապացուցել է, որ այսօրինակ միջադեպերը համարվում են «ագրեսիվ վարքագծով» դեպքեր, որոնք ենթակա են խորը հետազոտությունների»,- ասում է Վահրամ Բաբայանը:

Հնարավո՞ր է, որ նման բռնաբարությունները մարդիկ սովորեն էկրաններից, ասենք` ֆիլմերից: «Անկախի» այս հարցին հոգեբանական գիտությունների թեկնածու Վահրամ Բաբայանը պատասխանեց. «Այո, հիմա ինչ ասես, որ ցույց չեն տալիս: Նույնիսկ եթե չմեղադրենք հեռուստատեսությանը, ապա ինտերնետը կա ու կա: Իսկ ինչքան էկրաններից մատուցվում է վարքի տվյալ ձևը, այնքան դառնում է մոդելային: Գիտեք, մեր հեռուստաընկերություններն էլ են հետաքրքիր, ասում են, թե այդ ֆիլմերի պահանջարկը կա: Երևի դրա համար էլ ցուցադրում են դեռահասության տարիքում կին-տղամարդ հարաբերությունները, որոնք ագրեսիվությամբ են ընկալվում: Իսկ ինտերնետային ֆիլմերը` ագրեսիվության թիվ մեկ տեղում են»:

Հոգեբան Նվարդ Գրիգորյանի կարծիքով էլ ոչ թե բռնաբարության դեպքերն են շատացել, կամ դրսևորումներն են ավելի ագրեսիվ, այլ հասարակությունն այնքան է հասունացել, որ կարող ենք հրապարակել, քննարկել, խոսել նման իրավիճակների մասին: «Այն, որ երիտասարդ տղան բռնաբարում է ծեր տատիկի, խոսում է սեռական այլասերվածության մասին: Դա հոգեբանական տեսանկյունից շեղում է համարվում: Համոզված եմ, որ փոքր ժամանակ այդ տղան ինքն էլ բռնության զոհ է դարձել կամ ինչ-որ խնդիրներ է ունեցել, երևի սեփական աչքով է տեսել, չգիտեմ: Ես կարծում եմ, որ մարդիկ չեն կարող ֆիլմ դիտել ու սովորել բռնաբարել: Ինտերնետը, հեռուստատեսությունը ուղղակի խթանիչներ են, բայց հաստատ անձի ներսում պետք է պատճառները որսալ ու գտնել»,- վստահեցնում է հոգեբան Նվարդ Գրիգորյանը:

Նա հիշում է, որ տարիներ առաջ նման մի հարցում է իրականացրել հասարակության տարբեր տարիքային խմբերում:  Հարցաթերթիկի բովանդակությունն այս էր. «Ո՞ւմ բռնաբարել, ե՞րբ և ինչո՞ւ [նշել դեպքերը]»: Հոգեբանն ու իր աշխատակիցները անակնկալի են եկել: «Հասարակության տարբեր շերտերին էին ուղղված այս հարցերը: Հետաքրքիրն այն է, որ հարցված երիտասարդների մոտ կեսը, հիմա ստույգ թիվը չեմ հիշում, կարծեմ` 1200 հոգի, պատրաստ էր բռնաբարել անգամ տարիքով մեծ կանանց: Նման մի հարցման արդյունքում  էլ պարզեցինք, որ տարիքով կանայք էլ երբեմն չեն մերժում երիտասարդներին: Այնուամենայնիվ, նման դեպքերը ազդակ են` հասկանալու մեր երիտասարդների, տղամարդկանց և կանանց սեռական խնդիրների ու ցանկությունների մասին»,-  ասում է Նվարդ Գրիգորյանը:

Ասենք, որ բռնաբարության կամ սեռական ոտնձգությունների աղմկահարույց դեպքեր գրանցվում են հիմնականում Հայաստանի հեռավոր շրջանների գյուղերում, երբ սկեսրայրը տղայի հետ հավասարապես «օգտագործում» է հարսին կամ հայրը սեռական կյանքով է ապրում կնոջ ու սեփական երեխայի հետ:

Հոգեբույժ Գևորգ Սարգսյանից էլ հետաքրքրվեցինք, թե նման շեղումներ ունեցող շա՞տ հիվանդներ կան: «Գիտեք, դրանք վարքի խանգարման ձևեր են, որոնք միշտ էլ եղել են ու կլինեն, պարզապես այդ դեպքերը գաղտնի են պահվել: Խորհրդային ժամանակահատվածում մենք հնարավորություն չունեինք հայտնելու այդ մասին, թույլ չէին տալիս: Օրենքը խիստ էր, իսկ հիմա ասում ենք, որ հասարակությունն իմանա»,-ասում է հոգեբույժը:

Հետաքրքիր էր իմանալ այս շեղումների հիմնական պատճառը: Հոգեբույժը նախ ժպտաց, հետո էլ ասաց. «Պատճառները կարող են տարբեր լինել` հոգեկան շեղումներ, սեռական հակումների աղավաղման խնդիրներ, նույնիսկ սոցիալական խնդիրներ»:

Մեր զրուցակիցներն ասացին, որ իրականում նման դեպքերի շատ հաճախակի են հանդիպում, պարզապես քչերն են բողոքում: Պարզվում է` շատերը ամաչում են բարձրաձայնել այս մասին:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է 2357 անգամ:
Print Friendly

Leave a Reply