Պատմական Տողի պատմական օրը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 7, 2011 7:00

Հոկտեմբերի 30-ին լրացավ պատմական Դիզակի մելիքանիստ Տող գյուղի ազատագրման 20-ամյակը:

Հադրութից հյուսիս-արևմուտք` Իշխանագետի միջին հոսանքի ավազանում` Տող բերդասարի լանջին է գտնվում Արցախի հնագույն բնակավայրերից մեկը` Տողը, որը գործուն դեր է ունեցել օտար բռնակալներից, հատկապես արաբների հարձակումներից Արցախ աշխարհը պաշտպանելու հարցում:  Գյուղը դարերի մշուշում թաղված անցյալ ունի, որի լուռ վկաները դեռևս VII դարից պահպանված պատմական բազմաթիվ հուշարձաններն են`  XIII դարի կառույց Ս. Ստեփանոս եկեղեցին, հնագույն գերեզմանոցը, Բերդասարի վրա գտնվող հուշարձանների պարիսպները: Ուշագրավ է նաև Դիզակի մելիքների դամբարանը:

Մեծանուն դերասան Վահրամ Փափազյանը  փառահեղ գնահատական է տվել Հադրութին. «Եթե Ղարաբաղը ոսկե մատանին է, ապա Հադրութը նրա ադամանդե ակն Է»:

43 բնակավայր ունեցողՀադրութի շրջանը  1988 թ. 14 հազար բնակիչ ուներ, որից 2500-ը` ադրբեջանցի: Գտնվելով Լեռնային Ղարաբաղի հարավային մասում և սահմանակից լինելով Ֆիզուլու, Ջաբրաիլի, Կուբաթլիի, Հորադիզի, ինչպես նաև Լաչինի շրջաններին, Արցախյան գոյամարտի տարիներին մեծ ավերածություններ է տեսել ու տեղահանության ենթարկվել: Թալանն ու անասնագողություններն արդեն սովորական էին դարձել: Այդ ամենն, իհարկե, Բաքվում էր ծրագրվում, հատուկ, որպեսզի հայ բնակչությանը հուսալքության հասցնեին:

Երբ 1991 թ. ապրիլի 30-ին խորհրդային զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի բռնությունների հետևանքով դատարկվեց Գետաշենի ենթաշրջանը, «Կոլցո» գործողությունը շարունակվեց Հադրութում: Մայիսի 13-ին նույն ձեռագրով դատարկվեց շրջանի 13 գյուղ` Առաքյուլ, Բանաձոր, Քարագլուխ, Ծամձոր, Սարիշեն… Անձնագրային ռեժիմի պատրվակով մտել են գյուղերը, շատ երիտասարդների տարել Ջաբրաիլ ու այնտեղ պահել երեք օր, որպեսզի դիմադրություն չլինի, ու նոր միայն արել են իրենց սև գործը: Հավաքել են ծերերին, կանանց ու երեխաներին և իրենց ինքնաթափ մեքենաներով տեղափոխել Կուբաթլի-Գորիս սահման: Նվաճել են այդ գյուղերը, արել այն, ինչ «վայել» է թուրքին:

Տարիներ առաջ Ծամձորում հանդիպեցի 80-ամյա Հովսեփ Մելքումյանին, որը կյանքի վերջին տասնամյակում երկու անգամ տնավեր է եղել: Առաջին անգամ` 1990 թ. հունվարին, երբ Բաքվից տեղահանված 200-հազարանոց քարավանի մեջ էր և բռնեց հայրենի գյուղի ճամփան: Կարող էր նաև այլ ճամփա  ընտրել, բայց որոշեց, որ անպայման իր հայրենի գյուղ` Ծամձոր պետք է գա: Ու եկավ: Դեռ չէր հասցրել նոր տունուտեղ դնել, երբ նորից հարկադրված բռնեց գաղթի ճամփան:

Նույն ճակատագիրը նաև պատմական Արցախի հարավային դարպաս հանդիսացող Տողին էր սպասում, եթե ոտքի չկանգնեին, քանի որ ադրբեջանցիները, միտումնավոր բնակեցնելով իրենց հայրենակիցներին, մի նպատակ էին հետապնդում` հետագայում հայաթափել այն: Դանակը ոսկրին հասավ, երբ կացնահարվեցին Միսաք Դանիելյանի ընտանիքի 5 անդամները: Տողը ադրբեջանցիներից մաքրելը  առաջնահերթ խնդիր դարձավ: Եվ պատմական Դիզակի նվիրյալները, նախնիների հերոսական անցյալից դասեր քաղած, ձեռնոց նետեցին իրենց հողին աչք դրած քոչվորին:

Սկզբում բնակչությունը փորձում էր սեփական ուժերով դիմակայել, ինքնապաշտպանություն կազմակերպել, բայց հետագայում համոզվեցին, որ սեփական ուժերը բավարար չեն, մայր հայրենիքի ուխտյալ զինվորներն էլ փորձության մեջ հայտնված իրենց հայրենակիցներին մենակ չթողեցին: Ծրագրվեց վնասազերծել գյուղում տեղակայված թշնամու կրակակետերը և հսկողություն սահմանել Ֆիզուլի-Տող ճանապարհահատվածում: Օգնության եկան նաև հետախույզները, որոնք 1991 թ. հոկտեմբերի 30-ը  Տողի համար պատմական դարձրին: Այդ և դրան հաջորդող Քարին տակի հերոսամարտը  մեր հետագա հաղթանակների հիմնաքարերը դարձան: Թերթենք այդ պատմության մի քանի դրվագ. դեռևս 1988 թ. փետրվարի 13-ին դաշնակցական Վիգենի նախաձեռնությամբ Տողասարի գագաթին առաջին անգամ ծածանվեց մեր եռագույնը: Հնարամիտ հայորդիները միմյանցից 800 մետր հեռավորություն ունեցող սարերից պարան  կապեցին ու մեր եռագույնը կախեցին, ինչն անչափ զայրացրեց ադրբեջանցիներին, իսկ ռուսներին զարմանք պատճառեց:

Ազատամարտի մեկ այլ նվիրյալ` Դավիթ Սարապյանը (Դև) Կարմիր Շուկայից (Շուշի-Շոշ-Մարտունի ճամփաբաժան) ոտքով Տող է հասել ու մասնակցել մարտական գործողություններին, իսկ հաջորդ օրը արմատներով տողեցի, մելիքների գերդաստանից սերված մորը լուր տվել, որ պապի ծննդյան օրը ազատագրեցին Տողը: Մայրը հետո է իմացել, որ որդին իր ձեռքով պայթեցրել է իր պապական տունը, որը թուրքը շտաբ էր դարձրել:

Տողի հաղթական գործողությունից հետո  Վարդան Ստեփանյանը (Դուշման), մի կողմ քաշվելով, կատակում է. «Այդ տղային պետք է բոլոր օպերացիաներին մասնակից դարձնել: Նա իր աղմուկ-աղաղակով այնպես վախեցրեց ադրբեջանցի ասկյարներին, որ բոլորը սրտապատառ փախան»: Խոսքը, իհարկե, տղաներից մեկի մասին էր, որը մարտի թեժ պահին գլորվել, ընկել էր մոշի թփուտների մեջ: Երբ տղաները փորձել են նրան հանել այդ «դժոխքից», ցավից այնպիսի վայնասուն էր բարձրացրել, որ չորսբոլորը լսելի է եղել: Կատակը կատակ, բայց իրականությունն այն է, որ Տողն ազատագրվեց և ամեն տարի այդ օրը գյուղում տոնախմբություն է: Դրա իրավունքը տողեցիներն արյան գնով են վաստակել:

Բացառություն չէր նաև այս տարին: 20-ամյա տոնախմբությանը մասնակցելու էր եկել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, որ երեք նվիրյալի պարգև հանձնեց: Գյուղում նոր մանկապարտեզ բացվեց: «Նման հանդիսավոր արարողությունները մեզ օգնում են պատկերացնելու մեր առաքելությունը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, հայ ժողովրդի առջև: Սա ևս մեկ միջոց է նաև նախանշելու մեր հետագա անելիքները»,- ասաց Բակո Սահակյանը:

Հիշեցնեմ, որ Հադրութի մյուս գյուղերի ազատագրման հերթը հասավ այն ժամանակ, երբ թուրքաթափ եղան Ֆիզուլին, Ջաբրաիլը, Կուբաթլին, Զանգիլանը, Լաչինը:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

Դիտվել է 2082 անգամ:
Print Friendly

Leave a Reply