Գրված օրենք` չգրվածին հավասար

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 9, 2011 7:00

Հայաստանի Հանրապետության «Կենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքը, որ ընդունվել է դեռևս 2004 թ.` մնացել է լուսանցքում:

Չնայած այն հանգամանքին, որ այդ օրենքը չափազանց կարևոր է, հատկապես` ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերը սահմանելիս, այսօր հանրապետությունում փաստացի, կառավարության կողմից հաստատված նվազագույն սպառողական զամբյուղ գոյություն չունի:

«Կենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածում ամրագրված է. «1. Հայաստանի Հանրապետությունում կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար: 2. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների, սոցիալական այլ վճարների չափերի և կենսապահովման նվազագույն բյուջեի մեծության միջև համամասնությունները յուրաքանչյուր տարի արտացոլվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում»:

Հետևաբար, հարց է առաջանում, ի՞նչն է մինչև հիմա հիմք հանդիսացել այս նվազագույն աշխատավարձերի, կենսաթոշակների, կրթաթոշակների, նպաստների և սոցվճարների համար:

«Հաստատված նվազագույն սպառողական զամբյուղ, որպես այդպիսին, մենք չունենք: Ունենք գնահատված երկու տարբեր զամբյուղներ` ներկայացված առողջապահության նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության կողմից: Մեր երկիրը կառավարության կողմից հաստատված նվազագույն սպառողական զամբյուղ չունի, կա միայն ազգային վիճակագրական ծառայության կողմից հաշվարկված զամբյուղ»,- հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Խաչատրյանը:

Իսկ Ազգային վիճակագրական ծառայության կայքում հրապարակված տվյալներով` նվազագույն սպառողական զամբյուղը` 2011 թ. երկրորդ եռամսյանկի միջին ընթացիկ գներով, ամսական կազմում է մոտ 62300 դրամ:

«Այդ տվյալները պաշտոնական չեն, և եթե հարցադրում է լինում, մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես հաստատված նվազագույն սպառողական զամբյուղ չկա, քանի որ 2004 թ. օրենք կար նվազագույն սպառողական զամբյուղի մասին, բայց երբևիցե այդպիսի տվյալներ` պաշտոնապես հրապարակված, չեն եղել: Այդ բացը լրացնելու համար Ազգային վիճակագրական ծառայությունն իր վիճակագրական նպատակների համար երկու տարբեր ձևերով հաշվարկված զամբյուղներ է առաջարկում, որոնք իմիջիայլոց երկրում լավ էլ օգտագործում են: Օրինակ` ալիմենտ նշանակելիս մեզ շատ են դիմում, և մենք տալիս ենք մեր հաշվարկած այդ ոչ պաշտոնական նվազագույն սպառողական զամբյուղների տվյալները, և  նրանք դա են օգտագործում»,- ասաց Ազգային վիճակագրական ծառայության տնային տնտեսությունների հետազոտության բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան:

Ըստ այդ չարաբաստիկ օրենքի` Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը, սկսած 2004 թվականից, հաշվարկվում են ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ՝ՀՀ կառավարության սահմանած կարգով մշակվող և ՀՀ կառավարության հաստատած մեթոդական հանձնարարականների հիման վրա: Իսկ այն հարցին, թե ինչու նվազագույն սպառողական զամբյուղը չի հաստատվում կառավարության կողմից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Արմինե Մաթևոսյանը պատասխանեց. «Նվազագույն սպառողական զամբյուղը հաշվարկելը կառավարության վրա դրված էր մինչև 2007 թվականը, իսկ դրանից հետո պետք է սահմանվեր օրենքով: Բայց օրենքով այն չի սահմանվում, և պաշտոնապես ոչ ոք չի հաշվարկում»:

Տվյալ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետում իրոք նշվում է. «Հայաստանի Հանրապետությունում կենսապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը սահմանվում են օրենքով:Մինչև սույն կետով նախատեսված օրենքի ընդունումը առաջին երեք տարվա համար կենսապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Հենց սա էլ հիշատակում է Արմինե Մաթևոսյանը, սակայն այդ նույն օրենքի 6-րդ հոդվածը (կենսապահովման նվազագույն բյուջեի չափի, դրա հաշվարկման պարբերականության և հաստատման կարգի մասին) սահմանում է. «1. Հայաստանի Հանրապետության սոցիալժողովրդագրական հիմնական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսապահովման նվազագույն բյուջեի չափը հաշվարկվում է առնվազն տարին մեկ անգամ՝մինչև հունիսի 30-ը՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի կազմում ներառված պարենային, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների սպառողական գների վերաբերյալ պաշտոնական վիճակագրության տվյալների հիման վրա… 2. Հայաստանի Հանրապետության սոցիալժողովրդագրական հիմնական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսապահովման նվազագույն բյուջեի չափը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հիմա արդեն պարզ է, թե ինչպես է լինում, որ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 10 900 դրամ է կազմում, իսկ ուսանողները ստիպված են ամսական 5000 դրամով «յոլա գնալ»: Եվ այդ ամենը համապատասխան մարմինները նորմալ են համարում:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

 

Դիտվել է 2570 անգամ:
Print Friendly

Leave a Reply