Ամփոփվել են “Նոր անուններ” միջտարածաշրջանային բարեգործական հասարակական հիմնադրամի լսումների արդյունքները
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | November 3, 2011 15:37Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի աջակցությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունը Ռուսաստանի Դաշնության “Նոր անուններ” միջտարածաշրջանային բարեգործական հասարակական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպած հատուկ լսումներին նոյեմբերի 1-3-ը մասնակցել են քաղաքապետարանի ենթակայության երաժշտական եւ արվեստի 25 դպրոցների 10-ից 18 տարեկան 25 պատանի երաժիշտներ:
Մոսկվայի տանը կայացած եզրափակիչ համերգի և լսումների արդյունքում լավագույնը ճանաչված վեց մասնակիցներ պարգեւատրվել են դիպլոմներով եւ միանվագ կրթաթոշակով, ինչը հնարավորություն կտա պատանի երաժիշտներին մեկնել ՌԴ եւ վարպետության դասեր ստանալ լավագույն մասնագետներից:
“Բոլոր մասնակիցներն էլ տաղանդավոր են ու, ըստ այդմ, բավականին դժվար էր ընտրություն կատարելը: Ցավոք, բոլորին չէ, որ հնարավորություն ունենք պարգեւատրելու, բայցև շատ կցանկանայի, որ նրանք բոլորն էլ մնային ուշադրության կենտրոնում: Համոզված եմ այս երաժիշտներին սպասվում է մեծ ապագա: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Երեւանի քաղաքապետարանին եւ հատկապես Տարոն Մարգարյանին` ցուցաբերած աջակցության եւ պատրաստակամության համար”,-նշել է ՌԴ “Նոր անուններ” միջտարածաշրջանային բարեգործական հասարակական հիմնադրամի փոխնախագահ Էդուարդ Բարզովը:
Կարեւորելով ԱՊՀ երկրների միջեւ մշակութային հաղորդակցության անհրաժեշտությունը, Էդուարդ Բարզովը նշել է, որ հիմնադրամը շահագրգիռ է նմանատիպ միջոցառումների անցկացմամբ եւ, հնարավորության դեպքում, դրանք կկազմակերպվեն ավելի հաճախակի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն