«Կինոաշունն» այս տարի ավելի բուռն էր. նախաձեռնությունը հաջողված է

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | November 3, 2011 15:31

Հոկտեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Կինոաշուն-2011 ազգային կինոյի ամիս» ծրագիրն ամփոփեց աշխատանքները:

Արդեն երկրորդ տարին անցկացվող և ավանդական դառնալու միտում ունեցող ծրագիրը նպատակ ունի վերականգնել ազգային կինոյի մոռացված ավանդույթները, վերականգնել կինոդիտումների մշակույթը և, ինչպես նշեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, «կինոն վերադարձնել տերերին»:

«Կինոաշունը փառատոն չէ, այն ծրագիր է, որը հայկական կինոն վերականգնելու, տարածելու, հայ հանդիսատեսին դեպի կինո բերելու, երիտասարդների մեջ հայկական կինոյի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակ ունի, ինչը մենք հաջողությամբ իրականացնում ենք,-ասաց Գևորգյանը,-բայց դա իր հետ բերում է նոր խնդիրներ ու նոր նպատակներ, որոնցից մեկն էլ կինոցանցերի վերականգնումն է, որի առաջին ծիլերն արդեն կան»:

Գևորգյանի խոսքով` տարբեր մարզերից արձագանքել են այս նախաձեռնությանը` ցանկություն հայտնելով մշտական կինոդահլիճներ ունենալ և կինոկենտրոնի հետ համագործակցելու միջոցով  պարբերաբար ֆիլմեր ցուցադրել:

Հաջողության մասին է վկայում նաև այն իրողությունը, որ ՀՀ մշակույթի նախարարությունը որոշել է  եկող տարվա իր բյուջեից գումար հատկացնել «Կինոաշուն» ծրագրին:

Հիշեցնենք, որ այս տարի «Կինոաշունը» մեկնարկեց սեպտեմբերի 24-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Այնուհետև Հայաստանի բոլոր մարզերում` զորամասերում, ուսանողական հաստատություններում, սահմանամերձ գյուղերում, ինչպես նաև երևանյան կինոդահլիճներում ու զբոսայգիներում ցուցադրվեցին հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն և մանկական ֆիլմեր:

Պատասխանատուների խոսքով, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի բավականին հագեցած են եղել կինոդահլիճներն ու սրահները, հատկապես ակտիվ է եղել մարզային հանդիսատեսը: Հաջորդ տարիներին ևս  նախատեսվում է ծրագրի մեկնարկը տալ որևէ մարզից:

Ծրագրի շրջանակներում ցուցադրվել են ոչ միայն խորհրդային շրջանի հարազատ ու սիրված, այլև անկախության շրջանում արտադրված ֆիլմեր, տեղի են ունեցել նաև պրեմիերաներ: Բացի ֆիլմերի ցուցադրությունից, իրականացվել են գրքի շնորհանդեսներ, ավանդական դարձած հոբելյանական միջոցառումներ և գրախոսականների մրցույթ: Միջոցառման փակման օրը հայտնի դարձան գրախոսականների հաղթողների անունները, և նրանց դրամական պարգևներ ու դիպլոմներ հանձնվեցին: Եթե նախորդ տարի գրախոսականների մրցույթին ներկայացվել էր ընդամենը 14 աշխատանք, այս տարի դրանց թիվը կրկնակի ավելացել էր:

Ծրագրի փակման արարողության ժամանակ ցուցադրվեց մի ֆիլմ, որի սյուժեն հայկական սիրված ֆիլմերի դրվագների, արդեն թևավոր խոսքեր դարձած արտահայտությունների, երաժշտության և երգերի հիման վրա ստեղծված մի յուրօրինակ տեսաժապավեն էր, դա «հայ կինոն» էր, որ խոսում էր իր հանդիսատեսի հետ անցյալի հին և բարի ժամանակներից, ներկայի խնդիրներից ու նաև խրատ տալիս նորօրյա կինոգործիչներին` ապագայի համար:

Ֆիլմի հեղինակը երիտասարդ կինոռեժիսոր Արամ Սուքիասյանը, «Անկախի» հետ զրույցում խոստովանեց, որ շատ է սիրում խորհրդային տարիների ֆիլմերը և դրանք համարյա անգիր գիտի: «Բովանդակային առումով շատ ավելի հայեցի են, քան այսօր նկարահանվողները, և ես այդ ֆիլմում հենվել եմ արդեն սիրված, կշիռ ունեցող, գնահատված, համուհոտով և մեր կենցաղ մտած ֆիլմերի դրվագների վրա,- ասաց նա,-բայց նախ և առաջ ինձ համար կարևոր էր սյուժեն, այսինքն` այն, որ և՛ խոսողն էր հայ կինոն, և՛ հրավիրողը, և՛ մեկնաբանողը»:

Դահլիճից դուրս գալուց հետո իր տպավորությունները մեզ հայտնեց դերասան Միքայել Պողոսյանը.  «Ամենամեծ տպավորությունն ինձ վրա թողեց ֆիլմում մեր մեծերի ներդրումների մասին պատմող հատվածը, վաղուց կարոտախտի նման զգացում չէի ունեցել,- ասաց նա,- վերջիվերջո, գալիս ես այն եզրակացության, որ առաջ մեծեր կային, իսկ այսօր չկան: Հասկացա, որ մենք բոլորս` անխտիր, պետք է սատար կանգնենք մեր կինոյին»:

Ըստ Պողոսյանի` հայկական կինոյի ավանդույթներն անհետացել են, որովհետև անուշադրության են մատնված եղել, սակայն նա լավատես է, քանի որ այսօր տեսնում է  երիտասարդ կինոգործիչների, որոնք ավելի առողջ են մտածում և կարող են ճգնաժամից հանել մեր մշակույթն ու կինոն:

 

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply