Ինչո՞ւ է Թուրքիան ցանկանում փակել Մեծամորի ատոմակայանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | November 3, 2011 16:00

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը լուրջ վնաս հասցրեց թուրք ժողովրդին` դառնալով մոտ 700 հոգու մահվան և բազմաթիվ մարդկանց անապաստան մնալու պատճառ: Այս աղետալի վիճակում Թուրքիային նույնիսկ Հայաստանը մարդասիրական օգնություն ցույց տվեց: Հայաստանի` Թուրքիային օգնություն ցույց տալու խորապատկերում, սակայն, ուշագրավ է Թուրքիայի` Հայաստանի ատոմակայանը փակելու պահանջը:

Թուրքիան ոչ մի առիթ բաց չի թողնում, որ աշխարհով մեկ հայտարարի, թե  ՀԱԷԿ-ը լուրջ վտանգ է նրկայացնում ոչ միայն Թուրքիայի,  այլև ողջ Եվրոպայի համար: Թուրքական իշխանությունները,  փոխանակ իրենց կրած վնասը հաշվարկելու և աղետի պատճառած վնասները  վերացնելու, հերթական անգամ հայտարարեցին, թե  վնասվել է նաև Մեծամորի ատոմակայանը, և նկատվում է ռադիոակտիվ նյութերի արտահոսք: Ըստ Թուրքիայի ատոմային էներգիայի հաստատության (ԹԱԷՀ-TAEK )` «հետևանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում»: Միաժամանակ պնդում են, որ արտահոսքը վտանգավոր չափերի չի հասնում և որևէ սպառնալիք չի ներկայացնում մարդկանց ու շրջակա միջավայրի համար։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, իհարկե, հերքեց այդ լուրերը, սակայն գոնե թուրք պաշտոնյաներին հաջողվեց գոնե կարճատև խուճապային տրամադրություն ստեղծել: Թեև դա արվեց հետագայում վերստին ատոմակայանի դեմ հայտարարությունների համար պարարտ հող ստեղծելու համար, թուրք բնակչության շրջանում խուճապ առաջացավ:

Թուրքիան վերջին շրջանում, մասնավորապես` վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար խոսում է ՀԱԷԿ-ի մասին` պահանջելով փակել այն:

Էներգետիկ ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը դեռևս մարտ-ապրիլ ամիսներին  հայտարարեց, որ Մեծամորի ատոմակայանը «Հայկական Չեռնոբիլ» է:

Ճապոնիայի երկրաշարժը և ապա «ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիացիոն տարրերի արտահոսքը հերթական առիթներն էին ՀԱԷԿ-ը փակելու մասին խոսելու համար:

Ավելի վաղ` հունվար-փետրվար ամիսներին,  թուրքական լրատվամիջոցները սկսեցին տեղեկատվություն տարածել, թե արձանագրվել է ՀԱԷԿ-ից ռադիացիոն հոսք, ինչի պատճառով Թուրքիային սահմանակից տարածքում առաջացել են ռադիոակտիվ փոշու ամպեր: Թուրքական լրատվամիջոցները նաև, վկայակոչելով տարբեր մասնագետների, հայտարարում էին, թե Հայաստանին սահմանակից շրջաններում  մեծացել է քաղցկեղով հիվանդացողների և այն հիվանդությունների թիվը, որոնք  պայմանավորված են ատոմակայանից արտանետված ռադիացիոն նյութերի արտահոսքով:

Ապրիլ ամսին ԹԱԷՀ-ն արձագանքեց լրատվամիջոցների տարածած այս տեղեկությանը: Ըստ ԹԱԷՀ-ի տարածած հաղորդագրության` Թուրքիայում օդի ռադիացիայի չափաբաժինը չափելու նպատակով հիմնված «Ռադիացիայի վաղ նախազգուշացման համակարգի» (ՌՎՆՀ-RESA) շրջանակներում գործում են 24 չափորոշիչ կայաններ Մեծամորի հարևանությամբ գտնվող Թուրքիայի նահանգներում: «Հիշյալ չափորոշիչ կայաններում արձանագրված ռադիացիայի մակարդակը չի դիտվում որպես արտակարգ իրավիճակ»,-  ասված է ԹԱԷՀ-ի հաղորդագրությունում:

Այնուամենայնիվ, թուրքական կողմը պարբերաբար հայտարարում է Մեծամորի ատոմակայանի վտանգավորության մասին:

Հարկ է նշել, որ Թուրքիան Մեծամորի դեմ  պայքարում գործի է դնում ոչ միայն սեփական, այլև ադրբեջանական լծակները: Ադրբեջանը միացել է Թուրքիային` պահանջելով փակել ատոմակայանը: Այս իմաստով  տեղին է հիշել Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի խոսքերը, որ դարձյալ ապրիլ ամսին հայտարարեց. «Մեծամորի ատոմակայանի շահագործման շարունակությունը «լուրջ սպառնալիք» է ստեղծում ողջ տարածաշրջանի և առաջին հերթին Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի ու Վրաստանի համար: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և ԵՄ-ի տվյալներով` այդ ատոմակայանն «ամենապայթյունավտանգ» և «տեխնիկապես անհուսալի» ատոմակայաններից է»,-ասել է նա:

Ադրբեջենական տարբեր աղբյուրներ Թուրքիային զուհագեռ խոսում էին այն մասին, որ  ամեն տարի ՀԱԷԿ-ում մեծանում է աղետի առաջացման վտանգը, և միջազգային կազմակերպությունները պետք է միավորեն իրենց ջանքերը Մեծամորի ատոմակայանը փակել տալու համար:

Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները նշում են, որ ատոմակայանը կառուցված է «սեյսմիկ անկայուն» Հայաստանում, որտեղ արդեն իսկ տեղի են ունեցել ավերիչ երկրաշարժեր:

Ադրբեջանի վարչապետի  հայտարարությունից  մի քանի օր անց ադրբեջանական պատվիրակությունը  ԵԽԽՎ բյուրո է ներկայացրել Մեծամորի ատոմակայանի փակման մասին մի նախագիծ: Դրանում պահանջվում է Մեծամորի ատոմակայանի «վտանգավոր» գործունեության հետազոտման համար նշանակել հատուկ զեկուցող և ստեղծել հատուկ հետաքննիչ հանձնաժողով:

Այս առնչությամբ հիշեցնենք, որ 1995 թ. ի վեր Հայաստանը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի բոլոր դիտարկումների հաշվետվությունները բաց են աշխարհի ցանկացած երկրի, այդ թվում` իր հարևանների համար: Այնպես որ, այս  առումով Ադրբեջանի ու Թուրքիայի «մտահոգությունները» զուտ քաղաքական բնույթ ունեն:

Հիշեցնենք, որ Վանում արձանագրվել էր 7.3 մագնիտուդ հզորության  երկրաշարժ: Մեծամորի  ատոմակայանի տարածքում գրանցվել էր 3 – բալանոց երկրաշարժ: Մինչդեռ հայկական ատոմակայանը կարող է դիմակայել մինչև 8 բալանոց երկրաշարժի, քանի որ այն սովորական ատոմակայանների սեյսմակայուն տարբերակով է կառուցված:

Այս իմաստով ապահով է նաև մեր ատոմակայանի վայրը` այն  գտնվում է երկրաշարժային խզվածքներից հեռու, որտեղ այդ ուժգնությամբ երկրաշարժ գրեթե հնարավոր չէ:  ՀԱԷԿ-ն ունի նաև խորը էշելոնացված պաշտպանություն, գոյություն ունեն արգելքներ, իսկ 3-րդ արգելքը հերմետիկ  գոտին է: Դրանից արտահոսքը սովորական պայմաններում պարզապես բացառվում է:

Հիշեցնենք նաև, որ  ՄԱԳԱՏԷ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը մի քանի ամիս առաջ աշխատանքային խմբով, որի մեջ ընդգրկված էին  9 երկրների ատոմային էներգետիկայի լավագույն մասնագետներ, ուսումնասիրություն են կատարել Մեծամորի ատոմակայանում և եկել այն եզրակացության, որ ատոմակայանը վտանգ չի ներկայացնում:

Նշենք նաև, որ ԱԷԿ-ի աշխատանքի ժամանակ մթնոլորտն աղտոտող նյութեր չեն արտանետվում, ինչպես հաղորդում է թուրքական կողմը, արտանետված նյութերն էլ բացասաբար չեն ազդում մարդու առողջության վրա, մառախուղի պատճառ չեն դառնում, որը կործանարար ազդեցություն կունենար օզոնային շերտի վրա, և չեն նպաստում  գլոբալ տաքացմանը:

Մարդու առողջության համար ավելի վնասակար են բետոնե շինությունները, որոնք, ի դեպ,  պարունակում են ռադոն գազ, ինչն ավելի վնասակար է մարդու համար, քան սովորական աշխատող ԱԷԿ-ը:

Ի՞նչ է ուզում Թուրքիան

Պարզվում է` Թուրքիան խիստ մտահոգված է իր երկրի սահմանամերձ գոտում բնակվող քաղաքացիների առողջությամբ,  բայց ցանկանում է առաջիկա տարիներին միանգամից 3 ԱԷԿ կառուցել. միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում, սևծովյան Սինոպում և եվրոպական հատվածում գտնվող Իղնեադա վայրում (Թրակիա): Աքքույուի ԱԷԿ-ը պետք է կառուցի Ռուսաստանը, որն ամենևին էլ չի փայլում տվյալ ոլորտում:

Սինոպի բնակիչները բողոքի մեծ ակցիա անցկացրին, ձկնորսներն իրենց հերթին նշեցին, որ ոչ ոք չի ցանկանա ատոմային ռեակտորի մոտ բռնած իրենց ձկից ու ծովամթերքից օգտվել:

Իսկ երբ Թուրքիան ու ԱՄՆ-ն համաձայնագիր ստորագրեցին երկրի արևելյան հատվածում գտնվող Մալաթիա նահանգի Քյուրեջիք վայրում` թուրք-իրանական սահմանից 540 կմ հեռավորության վրա,  Իրանի, Սիրիայի, մասամբ նաև Ռուսաստանի հարավի դեմ ուղղված ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայան (ՌՏԿ) տեղակայելու մասին,  Քյուրեջիքի բնակչությունը սկսեց բողոքել այդ ՌՏԿ-ի տեղակայման դեմ` նշելով, որ կայանի գործունեությունը վտանգի տակ է դնում իրենց առողջությունը: Սակայն Սինոպի նման, այս անգամ էլ նրանց լսող չեղավ, և ՌՏԿ-ն տեղակայվեց:

Այս ամենը ցույց է տալիս, որ իրականում թուրքական կողմն ուզում է միայն Հայաստանին տնտեսական հարված հասցնել. «Թուրքական կողմը քաջ գիտակցում է, որ Մեծամորի ԱԷԿ-ի փակումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության և էներգետիկայի դիվերսիֆիկացիայի վրա»,-համոզված է թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:

Սա նշանակում է, որ խոսքը Հայաստանին բացառապես քաղաքական և տնտեսական իմաստով  ճնշելու մասին է:

Գաղտնիք չէ, որ ԱԷԿ-ը, որպես գազի այլընտրանք,  ցանկացած երկրի հարևան եկրներից կախվածության մեջ չլինելու հնարավորություն է տալիս: Թուրքիային  ձեռնտու կլիներ  Հայաստանին տեսնել  հնարավորինս կախյալ վիճակում այլ երկրներից:

Այս պահին Հայաստանը շարունակում է հայտնել իր պատրաստակամությունը` օգնելու Թուրքիային երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում, թուրքական կողմն իր հերթին հարաբերական լռություն է պահպանում: Սակայն սպասելի է, որ առաջիկայում, երբ երկրաշարժի հետ կապված աշխատանքներն ավարտվեն, Թուրքիայի` Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջները նոր թափով վերսկսվեն:

 

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

 

Դիտվել է 2162 անգամ:
Print Friendly

Leave a Reply