«Ուզում ենք Հայաստանում ապրել, բայց նաև գոհ լինել մեր սոցիալական վիճակից»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | November 4, 2011 10:00
Պահանջում էին աշխատավարձի 50 տոկոսի բարձրացում, ստացան 10 տոկոս. Մեծամորի ատոմակայանի օպերատիվ անձնակազմի` 158 աշխատակիցների պայքարն այսպիսի ավարտ ունեցավ: Ամիսներ տևած պայքարի արդյունքում Ատոմակայանի աշխատակիցներն ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ի վերջո որոշ ընդհանուր հայտարարի եկան. օպերատիվ անձնակազմի աշխատավարձը կբարձրացվի ատոմակայանի ներքին ռեզերվների հաշվին:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ հայտարարեց, որ պետք է հնարավորություն ստեղծել ատոմակայանի աշխատակազմի բարեկեցիկ ապրելու և ատոմակայանի տեխնիկական սպասարկմանն ուղղված խնդիրների լուծման համար: Այդ նպատակով եկող տարի ապրիլի 1-ին արդեն կքննարկվի էլեկտրաէներգիայի սակագնի հարցը, ինչպես նաև լուծում կարող է լինել արտահանման հնարավորությունների ընդլայնումը: «Այսօր Իրանի հետ երկու գծերի թողունակությամբ ամբողջ հզորությամբ աշխատում ենք, բայց սա դեռևս քիչ է»,- ասել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Չնայած ատոմակայանի աշխատակիցները ի վերջո չհասան իրենց նպատակին և բավարարվեցին 10 տոկոսով, սակայն հայաստանյան իրականությունում աշխատողների` իրենց իրավունքների համար պայքարելու նոր ուղու հիմքը դրեցին:
Ատոմակայանի բոլոր աշխատակիցների աշխատավարձը որոշ պայքարից հետո 20-25 տոկոսով բարձրացվել էր դեռ 2009-ին. միջին աշխատավարձը 200 հազար դրամից բարձր է: «Պայմանավորվել էինք, որ ամեն տարի աշխատավարձերը 10 տոկոսով պիտի բարձրանան` կոմպենսացնելու գների աճը: Աշխատավարձը մնաց նույնը, իսկ ինֆլյացիան կատաղի առաջ էր գնում, ու անձնակազմի մեջ աստիճանաբար դժգոհություններ առաջացան: Դրան գումարվեց նաև այն, որ աշխարհում, հաշվի առնելով ռիսկը, գիտելիքների պահանջը, մեզ պես մասնագետները բարձր են վարձատրվում,- պատմում է ռեակտորային արտադրամասի հերթափոխի պետ Գարիկ Խանգելդյանը:
Մարտին ատոմակայանի աշխատակիցները նամակ են ուղարկել ՀՀ նախագահին, որից հետո սկսվել է հարցի քննարկման փուլը: Սակայն վրա հասած միջազգային ստուգումը ատոմակայանում պատճառ է դառնում, որ ներքին հարցերը մի պահ սառեցվեն ու բոլորը կենտրոնանան միջազգային ստուգող խմբին հավուր պատշաճի ընդունելու վրա: «Երբ շիկացած երկաթը սառչում է, ժամանակ է հարկավոր, որ նորից տաքանա»,- ասում է Խանգելդյանը` բացատրելով, թե ինչու են աշխատավարձի մասին մեկ էլ սեպտեմբերին ձայն հանել:
Հաջորդ նամակը աշխատակիցները գրել են սեպտեմբերի 5-ին` խնդրելով իրենց խնդրին որոշակի լուծում տալ, իսկ իրենց մտադրությունների լրջությունը ապացուցելու համար ողջ օպերատիվ անձնակազմը սեպտեմբերի 20-ին աշխատանքից հեռանալու դիմում է գրել:
Էներգետիկներին որևէ պատասխան չի տրվում անգամ դիմումին հաջորդող մեկ ամսվա ընթացքում: Ժամկետը լրանալուց հետո նրանք այլևս աշխատանքի չեն գնում, ինչից հետո նոր միայն բոլորի ուշադրությունը սևեռվում է վերանորոգման փուլում գտնվող ատոմակայանի վրա, որը չէր կարող վերագործարկվել առանց հեռացած աշխատակիցների: «Երևի լուրջ չէին ընդունում, որ մեր իրականությունում այդքան մարդ պատրաստ է հրաժարվել իր աշխատանքից, չէին կարծում, որ մինչև վերջ կգնանք»,- ասում է Խանգելդյանը:
Հոկտեմբերի 24-ին ատոմակայանի աշխատակիցները հանդիպում են Արմեն Մովսիսյանի հետ, որից հետո աշխատավարձի 10 տոկոսով բարձրացման շուրջ են համաձայնության գալիս:
«Արդյունքներից գոհ չենք: Մենք 50 տոկոս բարձրացում էինք պահանջում` հաշվի առնելով սղաճը և այն, որ մեր նման պերսոնալը նորմալ, սոցիալապես ապահովված կյանքով ապրի: Մեզ վրա շատ մեծ պատասխանատվություն է դրված` միջուկային, ռադիացոն, էներգետիկ անվտանգություն, նման պարտականություններ ունեցողները պետք է նորմալ կյանքով ապրեն, ոչ թե բավարարվեն միայն հացով,- ասում է ռեակտորային արտադրամասի հերթափոխի պետ Բենիամին Քոչարյանը:- Մենք հանգիստ կարող ենք արտերկիր մեկնել, այնտեղ շատ բարձր աշխատավարձ և ապահովված կյանք ունենալ, բայց նման ցանկություն չունենք, ուզում ենք մեր հայրենիքում` Հայաստանում ապրել, օգտակար լինել, բայց նաև գոհ լինել մեր սոցիալական վիճակից: Աշխատակիցների մի մասը կրեդիտային պարտքեր ունի, հազիվ կարողանում է դրանք վճարել: Շատերը ձգտում են երկրորդ աշխատանք գտնել, մեծամորցի աշխատակիցները բացը փորձում են գյուղատնտեսական աշխատանքներով լրացնել, այդ ամենը բերում է լրացուցիչ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ինչը չի կարող չանդրադառնալ աշխատանքի որակի վրա»:
2001-ից մինչ օրս, ըստ Քոչարյանի և Խանգելդյանի, ատոմակայանի 50-100 աշխատակից մեկնել է աշխատելու Իրանի Բուշերում. «Այնտեղ մասնագետներին 2,5-3 անգամ ավելի են վճարում, մինչդեռ Բուշերի ատոմակայանը դեռ չի շահագործվում, ռադիացիա և վտանգ չկա»: Նշում են, որ հայ մասնագետներից աշխատում են նաև ռուսական և չինական ատոմակայաններում, այնպես որ ցանկության դեպքում արտերկրում աշխատանք գտնելը հեշտ կլինի:
Այն հարցին, թե ինչու համաձայնեցին 10 տոկոսով բարձրացմանը, երբ 50 տոկոս էին պահանջում, Քոչարյանը պատասխանում է. «Հնարավոր բոլոր տարբերակներով ճնշում էին գործադրում մեզ վրա: Շատերը ատոմակայանում աշխատող բարեկամներ ունեն, նրանց սպառնում էին, որ բարեկամներին էլ աշխատանքից կազատեն, եթե շարունակեն պայքարել: Մարդիկ կային, որոնք բարոյապես քիչ-քիչ հանձնվում էին, ու դժվար էր պատասխանատվություն վերցնել ու այդ մարդկանց համոզել պայքարել: Ժամանակը մեր օգտին էր գործում, միայն թե այդ մարդիկ էլ չէին կարող դիմադրել ճնշմանը: Ուստի որոշեցինք կոմպրոմիսի գնալ»:
Խանգելդյանն էլ հավելում է, որ ստեղծված իրավիճակում 10 տոկոսն էլ է ձեռքբերում համարում, քանի որ այդպիսով «կարծես դուրս եկան անտեսված, արհամարհված վիճակից»: «Բացի այդ, տվյալ պահին նժարի վրա երկու արժեք էր` սեփական բարօրությունը և ընդհանուրի բարօրությունը: Մեզ մոտ գերակայեց երկրորդը: Որպեսզի ազգը չկորցնի ատոմակայանը, մենք համաձայնեցինք»:
Աշխատակիցներն իրենց ունեցածը համարում են ժամանակավոր լուծում և նշում են, որ պայքարը շարունակելու են. «Կպայքարենք ոչ թե հանուն պայքարի, այլ հանուն այն բանի, որ մեր աշխատակիցները սոցիալապես ապահով պայմաններում ապրեն, ինչը կհանգեցնի ավելի անվտանգ, ավելի ապահով աշխատանքի ատոմակայանում»:
Հետագայում, սակայն, ատոմակայանի աշխատակիցները պատրաստվում են իրենց պահանջները տեղ հասցնել օրենքով սահմանված կարգով` արհմիության միջոցով, որը առաջիկայում կստեղծեն, չնայած ատոմակայանում այժմ էլ արհմիություն կա: «Մեր դեպքում չգիտեմ էլ, թե ինչով էր զբաղված արհմիությունը: Ի՞նչ կարող է անել արհմիությունը, այն դեպքում, երբ դրա ղեկավարի մի քանի բարեկամներ ատոմակայանում են աշխատում, և նա ուղղակիորեն կախում ունի տնօրինությունից»:
«Անկախը» փորձեց պարզել, թե ինչպես են «էլեկտրաարհմիությունում» վերաբերվում ատոմակայանի աշխատակիցների քայլերին ու ինչ են առաջարկում: «էլեկտրաարհմիություն» արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության նախագահ Կարինե Ալոյանը «Անկախի» հետ զրույցում նշեց. «Ատոմակայանի այդ աշխատակիցները արհմիության անդամ չեն և մեզ չեն դիմել, սակայն մենք որոշեցինք, որ որևէ կերպ հարկավոր է նրանց իրավունքները պաշտպանել և հոկտեմբերի 21-ին նամակ հղեցինք վարչապետին, որում խնդրել ենք օրենքով սահմանված կարգով հանրապետական մակարդակով բանակցություններ վարել գործատուի և արհմիության մասնակցությամբ: Նամակը հասցեագրվել է նախարարությանը, և սպասում ենք պատասխանին: Այստեղ կարող են լինել միայն բանակցություններ, այսպիսին է օրենքի պահանջը և կարգը»:
Ալոյանը նշում է, որ ատոմակայանի աշխատակիցների` աշխատավարձի բարձրացման հասնելու միջոցներն անընդունելի են. «Գուցե անփոխարինելի են, չեմ հերքում, բայց շեշտը դնել դրա վրա, թե մենք անփոխարինելի ենք, ուզած-չուզած 50 տոկոսով պիտի բարձրացնեք աշխատավարձը, սխալ է: Իսկ ինչպե՞ս համաձայնեցին 10 տոկոսին: Որքանո՞վ է նրանց խիղճը ներում, որ մյուս աշխատակիցների աշխատավարձերը չեն բարձրացվի, այլ միայն իրենցը: Աշխատողը, որ վերանորոգման վրա է աշխատել, արժանի չէ աշխատավարձի բարձրացման, չէ որ նա էլ իր աշխատանքն էր անում, եթե չաներ, չէր վերանորոգվի»:
Ալոյանը նշում է, որ ատոմակայանի աշխատակիցների համար օրենքը այլ բան է նախատեսում. աշխատանքային օրենսգրքի 75-րդ հոդվածը սահմանում է. «Արգելվում է գործադուլ հայտարարել ոստիկանությունում, զինված ուժերում (դրան հավասարեցված այլ ծառայություններում), պահպանության ծառայություններում, ինչպես նաև կենտրոնացված էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման կազմակերպություններում, անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններում: Նման կազմակերպությունների և ծառայությունների աշխատողների առաջադրած պահանջները քննարկվում են սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում` համապատասխան արհեստակցական կազմակերպության և գործատուի մասնակցությամբ»:
«Չեմ կարծում, որ իրենց գործելաոճը ճիշտ է, ճիշտը աշխատանքային օրենսգրքի համաձայն բանակցություններ վարելն է, ոչ թե փողոց դուրս գալը: Միջազգային փորձն էլ է դա ասում,- նշում է Ալոյանը:- Միտինգները, որ տեսնում եք, կոչված չեն պարտադրելու օրենքին հետևել, այնտեղ ուզած-չուզած օրենքը գործում է, այնտեղ փողոց են դուրս գալիս, երբ օրենքով սահմանվածից բացի, լրացուցիչ այլ բան են ուզում»:
Ալոյանի կարծիքով` նման խնդիր չէր առաջանա, եթե կառավարությունն ընդուներ ինդեքսավորման մասին օրենք. երբ ինֆլյացիա լիներ, աշխատավարձի ինդեքսավորում կանեին: «Քանի անգամ այդ հարցը բարձրացրել ենք, բայց կառավարությունն այդ մասին չի ուզում լսել, ինչպես և նվազագույն աշխատավարձի, սպառողական զամբյուղի մասին: Նվազագույն աշխատավարձը չգիտես ոնց է որոշված, հենց այնպես մի թիվ է: Եթե կառավարությունն այս հարցերը լուծի, նման խնդիրներ էլ չեն լինի»:
Իսկ թե որքանով են արհմիությունները կատարում իրենց գործառույթը, Ալոյանը հրաժարվում է պատասխանել` նշելով, որ իր աշխատանքի գնահատականն ինքը չի կարող տալ:
Այն նկատառմանը, թե ատոմակայանի աշխատակիցների դժգոհության պատճառներից մեկն էլ այն է, որ զուրկ են սոցիալական արտոնություններից, Ալոյանը նշում է. «Էս հանրապետությունում ո՞ր մասնագետներն ունեն արտոնություններ»,- և հավելում, թե ընդհակառակը` ատոմակայանում աշխատակիցները բավականին շատ սոցիալական արտոնություններ ունեն, 10-ից մեկն ամեն տարի առողջարանի ուղեգիր է ստանում, վճարում են վիրահատության գումարը և այլն:
Անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես կմեկնաբանի ատոմակայանի աշխատակիցների արարքը, դա օրինական թե ոչ օրինական կհամարվի, տեղի ունեցածը լավ նախադեպ էր հայաստանյան իրականությունում, որպեսզի մարդիկ հասկանան` պայքարողը հասնում է նպատակին, իսկ խոնարհ սպասողն այդպես սպասելով էլ մնում է: Սա նաև ազդակ է գործատուներին, որ քաղաքացիական հասարակությունն աստիճանաբար կայանում է, աշխատողն այլևս տեր է իր իրավունքներին, ու հեշտ չի լինի առավելագույն աշխատանքի դիմաց վճարել նվազագույն գումար:






Facebook
Tweet This
Email This Post
