Եկեղեցին գույքահարկո՞վ, թե՞ առանց գույքահարկի. այս է խնդիրը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 3, 2011 17:00

Վերջին շրջանում բուռն քննարկումների թեմա դարձավ կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «Գույքահարկի մասին» և ՀՀ ևս երկու օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքի նախագծով նախատեսվում է գույքահարկից ազատել Հայ առաքելական եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր, մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինությունները:

Տարաբնույթ քննարկումների տեղիք տվեց հատկապես հարկից ազատվելու համար ներկայացված գույքացանկը: Շուրջ 286 շինությունների ցուցակում  նշված էին նաև բնակելի տներ, կինոթատրոն, խանութ և տաղավար, պուրակ, արհեստական լիճ և լճի տակ գտնվող մառան, սեղանատուն, սրճարան, պանսիոնատներ, առողջարան, ֆուտբոլի մարզադաշտ և այլն: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեցին օրինագծին` պայմանով, որ հաջորդ քվեարկության ժամանակ ցանկը «քրիստոնեական տեսքի բերվի»:

«Այդ ցանկը մինչև վերջ էլ խիստ նախնական է լինելու, որովհետև մեր եկեղեցական գույքի մի ահռելի ծավալը դեռևս գույքագրված չէ,- հայտարարեց օրինագծի հիմնական զեկուցող, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:- Մենք ունենք հարյուրավոր եկեղեցիներ, որոնք ֆիզիկապես կան, մենք դրանց տեղը գիտենք, սակայն դրանք ո՛չ որպես պետական, ո՛չ համայնքային, ո՛չ էլ եկեղեցական  սեփականություն, հաշվառված չեն»:

Ցուցակի հարցը փակվեց, բայց պատգամավորների մտահոգությունները չփարատվեցին, քանի որ օրինագիծն այլ խնդիրներ էլ էր առաջ բերում: Շատ խորհրդարանականների կարծիքով` օրենքն ընդունվելուց հետո Հայաստանում գործող մյուս կրոնական կառույցները, այդ թվում և այսպես կոչված աղանդավորական, նման պահանջ կներկայացնեն: «Հակառակ դեպքում կնշանակի, որ մենք Սահմանադրության շրջանակներում արտոնություն ենք վերապահում Մայր Աթոռին` մոռանալով, որ նույն Սահմանադրության համաձայն և նաև միջազգային փաստաթղթերի հիման վրա երաշխավորել ենք այլ կրոնական կազմակերպությունների իրավունքը Հայաստանում, իսկ դա նշանակում է, որ մենք բախվելու ենք միջազգային իրավունքի այդ հիմնարար սկզբունքի գործադրմանը»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Օրինագծի պատասխանատուները հավատացրին, թե այդ հարցն ուշադրության կենտրոնում է:

Հետո առաջ քաշվեց հարցի տնտեսական կողմը. պատգամավոր  Արծվիկ Մինասյանն օրինագիծն անվանեց տնտեսապես ոչ մտածված: Նրա կարծիքով, օրենքի ընդունումից հետո  եկեղեցին դուրս կմնա Հայաստանի տնտեսական զարգացման գործում մասնակից լինելուց, մինչդեռ պետության հիմնական դերակատարությունը պետք է լինի եկեղեցուն առավելագույնս ներառելը տնտեսական աճի գործընթացում ։

Խորհրդարանական քննարկումներից պարզ դարձավ, որ օրինագիծը նաև ԱԺ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի սրտով էլ չէ: Նա հայտարարել էր, որ դեմ չէ եկեղեցուն արտոնություն տալուն, բայց ոչ համայնքների հաշվին. «Չի լինի, որ ես մեկի հաշվին մյուսին լավություն անեմ»:

Այս փաստարկի վերաբերյալ, սակայն, շատերը նկատեցին, որ եկեղեցին այսպես թե այնպես գույքահարկ չէր վճարում, ուստի օրենքի ընդունումը տնտեսության կամ  համայնքների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա: «Առաքելական եկեղեցին մեր  նորանկախ պետականության շրջանում երբեք գույքահարկ չի վճարել,-ԱԺ վերջին ճեպազրույցի ժամանակ հիշեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը,-ուղղակի հիմա բերում ենք օրենքի դաշտ»:

Խորհրդարանականների քննարկմանը հետևեց եկեղեցականների վրդովմունքը. «Մի շարք երկրներում, այդ թվում և իսլամական, Հայ առաքելական եկեղեցին ազատված է հարկերից, իսկ հայրենիքում դա ոմանց համար դեռևս վիճարկման առարկա է,-մամուլում հայտարարեց Խորեն վարդապետ Հովհաննիսյանը:- Ազգային ժողովի բարձր ամբիոնից այն նույնիսկ բնութագրվեց իբրև «լավություն եկեղեցուն», և ինչպես շատ հաճախ, «մասնագետներն» առիթը բաց չթողեցին անհիմն մտահոգություն հայտնելու, թե այս օրենքի ընդունումը կծանրացնի ժողովրդի սոցիալական վիճակը, և այլն»:

Վարդապետը հիշեցնում էր, որ Արևելյան Եվրոպայի երկրներում խորհրդային համակարգի փլուզումից հետո, որպես իրենց անկախությանը և պատմությանը վերադառնալու առաջին քայլ, եկեղեցիներին վերադարձրեցին այն ամենը, ինչ խլվել էր նրանցից կոմունիստական վարչակարգի հաստատումից հետո. «Այսօր ՀՀ կառավարությունը արդարությունը վերականգնելու միտումով փորձում է շտկել անցյալի սխալները` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին վերադարձնելու նրանից բռնագրավածն ու խլվածը, որն անաստված ռեժիմի գողացածի ընդամենը չնչին մասն է: Բայց արի ու տես, որ դարձյալ այս քայլը ոմանց դուր չի գալիս»:

Այս հարցի վերաբերյալ «Անկախին» իր տեսակետը հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: «Կարող են Հայ առաքելական եկեղեցուն որոշ արտոնություններ տրվել, բայց ոչ այն աստիճանի, ինչը նախատեսում է այդ օրինագիծը,- ասաց նա,- հսկայական տնտեսություն ունեցող եկեղեցին, փաստորեն, դառնում է մի օլիգարխ կառույց` հարկերից պաշտոնապես ազատված»:

Իշխանյանն օրինագիծը անարդարացի է համարում նաև կրոնական մյուս կազմակերպությունների հավասարության տեսանկյունից. «Այո, միջազգային չափանիշներով որոշակի արտոնություններ նախատեսվում է հիմնական եկեղեցուն, բայց եթե դրանք չեն ազդում մյուսների վրա: Իսկ իմ կարծիքով` այդ արտոնությունը չափից դուրս շատ է և խաթարում է մյուսների հավասար գործունեությունը: Այնպես որ, եթե մյուսներն էլ հարկերից ազատվելու պահանջ ներկայացնեն, դա լրիվ արդարացված կլինի»:

Իշխանյանը հատկապես չի ընդունում այն, որ մյուս կազմակերպություններին մեղադրում են տասանորդների միջոցով ֆինանսական համալրումներ կատարելու մեջ, բայց մյուս կողմից` հսկայական արտոնություններ են  տալիս Հայ առաքելական եկեղեցուն: «Սա խտրական վերաբերմունք է»,- կարծում է իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է նախագծով եկեղեցու նկատմամբ հարգանքի հավաստմանն ու հասարակության մեջ եկեղեցու դերի բարձրացմանը, ապա նրա կարծիքով` դա կախված է եկեղեցու սպասավորների անձնական, բարոյական կերպարից և նրանց հավատի աստիճանից. «Արտոնություններ տալն ու մյուսների նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելը չեն նպաստի այդ գործին: Ուժային մեթոդները լավագույն դեպքում կարող են ժամանակավոր լինել, բայց հետագայում շատ բացասական հետևանքներ կունենան կրոնական դաշտի վրա»:

Իշխանյանին  համամիտ չէ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Մանուչարյանը: Նրա կարծիքով` անգամ ամոթ, է, որ անկախ Հայաստանի օրոք Հայ առաքելական եկեղեցին հարկերից ազատված չլինի: «Հայ եկեղեցին, սկսած 301 թվականից, ոչ մի անգամ չի հարկվել,-ասում է նա,- հասարակության մեջ պետք է արմատավորվի այն գաղափարը, որ մեր եկեղեցին անգամ օտար տիրապետության ժամանակ է ազատ է եղել հարկերից»:

Ինչ վերաբերում է մյուս կրոնական կազմակերպությունների կողմից նույն պահանջը ներկայացնելուն, ապա Մանուչարյանն այս հարցում ավելի քան կոշտ է. «Մյուսները նման պահանջ ներկայացնելու իրավունք անգամ չունեն: եթե Վրաստանի նման երկիրը, որը շարժվում է արևմտամետ ուղղությամբ, բայց այդ հարցում խիստ անհանդուրժող է, մե՞զ ով կարող է նման բան պարտադրել»:

Ինչ վերաբերում է այսպես կոչված աղանդներին, ապա Մանուչարյանը կողմ է նրանց գործունեությունն առհասարակ արգելելուն: Նա հիշեցնում է,  թե ինչ է գրել դեռևս XI դարում Գրիգոր Մագիստրոսը. «Թագավորների, իշխանների անտարբերության և կաթողիկոսների ու եպիսկոպոսների ծուլության պատճառով աղանդները զարգացան երկրում»: Մանուչարյանը, սակայն, զերծ մնաց մեկնաբանելուց, թե XI դարում գրված այս խոսքերը որքանով են համապատասխանում այսօրվա իրականությանը:

 

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply