Հայ գործարարների միության նախագահը հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսապես նպաստավոր է համարում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 11, 2009 14:07
Արսեն Ղազարյան

Արսեն Ղազարյան

Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Թուրքիայի հետ սահմանի բացումը տնտեսական առումով շատ դրական է գնահատում. «Տնտեսական հնարավորությունները մեծանում են, մենք դեռ նրանց հետ շփման փորձը չունենք, Սովետի ժամանակ ինքնուրույն չենք եղել: Իսկ տարածաշրջանում լարվածությունը կթուլանա»:

«Պազապես չպետք է միանգամից ակնկալել տնտեսական բում, տարածաշրջանին ինտեգրվելը`թե քաղաքական և թե տնտեսական առումով, աստիճանաբար է լինում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ղազարյանը:

Նա  ասում է, որ չպետք է վախենալ սահմանի բացումից  ու թե  թուրքական կապիտալը կնվաճի մեր տնտեսությունը,  ու մենք կդառնանք դրանից ածանցված տնտեսություն: «Մեր պատմական հողերի` Իգդիր, Էրզրում, Կարս կամ Արդահան, զարգացվածության մակարդակն այնպես չէ, ինչպես Ստամբուլում,- ասում է Ղազարյանը,- Եվ այդ շրջաններում ռեալ զարգացման հնարավորություն եմ տեսնում: Կմեծանա նաև սահմանային առևտուրը, տրանսպորտային ճանապարհածախսը 20-25 տոկոսով կնվազի»:

Ի տարբերություն ԱԺ նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանի, ով ասում է, թե թուրաքական ապրանքների ներմուծման ծավալների մեծացման ու դրանց գնի անկման պարագայում տեղական արտադրողը կտուժի, Ղազարյանը դրա մեջ վտանգ չի տեսնում. «Եթե թուրքերը ցանկանան, ոչ թե օրական 100, այլ 500 մեքենա կգա Հայաստան ,- ասում է Ղազարյանը,- իսկ Հայաստանում բազմաթիվ ձեռնարկություններ կան, որոնց արտադրատեսակները պատրաստվում են Թուրքիայից ներկրված հումքով. այդ դեպքում դրանց գինն էլ կէժանանա: Եվ ես չեմ կարծում, որ հայկական տնտեսությունում կոլապս (անկում, փլուզում) կլինի»:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply