«Կոտրված սիրտ». բժիշկների նոր ախտորոշումը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 10, 2011 7:00

Բրիտանացի գիտնականները վստահեցնում են, որ խոր ապրումները, հոգեկան ցավը, մտերիմների կորուստը, բառիս բուն իմաստով, կարող են «կոտրել սիրտը»: Սրտաբանների բառապաշարում նույնիսկ նոր եզրույթ է  հայտնվել` «կոտրված սրտի համախտանիշ», որի գիտական անվանումը կարդիոմիոպաթիա տակոտսուբո է: Հիվանդության էությունն այն է, որ սուր սթրեսի հետևանքով տեղի է ունենում սրտամկանի հանկարծակի կծկում: Եթե «կոտրված սիրտը» չբուժվի, ապա  դա կարող է հանգեցնել սրտամկանի կաթվածի ու  սրտային վաղ անբավարարության:

Գոյություն ունի համապատասխան վիճակագրություն. այն ծնողների շրջանում, որոնք կորցրել են իրենց երեխաներին, կորստին հետևած առաջին 10 տարում մահացությունը 4 անգամ ավելի հաճախ է պատահում, քան հասակակից  «բարեկեցիկ» մարդկանց դեպքում: Պատճառը միայն հոգեբանական չէ: «Կոտրված սրտի» համախտանիշը թուլացնում է օրգանիզմի իմունային համակարգը: Այդ համախտանիշով տառապող մարդիկ հաճախ են հիվանդանում բորբոքային հիվանդություններով. թոքերի բորբոքում, սովորական մրսածություն: Եվ նույնիսկ հաճախակի են վթարի ենթարկվում ուշադրության կենտրոնացման խախտման պատճառով: Բժիշկներն ասում են, որ «կոտրված սրտով» մարդիկ կարող են լրիվ նորմալ տեսք ունենալ, ինչը, սակայն, խաբուսիկ է: Նա շարունակում է աշխատանքի գնալ, խոսում ու կատակում է: Իսկ իրականում,  այսպես կոչված` «ժպտացող դեպրեսիայի» մեջ է: Սա շատ դժվար է ախտորոշվում ու բուժվում. արտաքին բարեկեցության տակ թաքնվում է ծանր կորուստն ու կարոտը,  երբեմն էլ` ինքնասպանության մտքերը:

Ուստի բժիշկները կարծում են, որ այս մարդիկ գոնե ողբերգությանը հաջորդած մեկ տարում պետք է  լինեն սրտաբանների ու հոգեբանների հսկողության տակ:

 

 

 

Դիտվել է 1773 անգամ:
Print Friendly

Leave a Reply