Ինքնազգացողությունը լավացնելու համար օրը սկսեք մեկ գդալ մեղրից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 6, 2011 7:00

Դեռևս մեր թվարկությունից հարզարամյակներ առաջ մեծն Հոմերոսը գովերգել է մեղրի օգտակար հատկությունները: Իլիականում նա պատմում է, թե ինչպես Լեմնոս կղզու թագավորի դուստրը հույն ռազմիկների համար թարմացնող մեղրահյութ էր պատրաստում, որպեսզի նրանք լինեն առույգ, պահպանեն ուժն ու առողջությունը: Մեղրի բուժիչ հատկությունները լուրջ ստուգում են անցել ժամանակով ու դարերի քննությունը գերազանցով «հանձնել»:

Եգիպտական բժշկության հնագույն «Գիրք դեղամիջոցների պատրաստման մարդկային մարմնի համար» հուշարձանում, որը գրվել է ավելի քան 3,5 հազար տարի առաջ, շատ տողեր են նվիրված մեղրին: Մեծ տաջիկ գիտնական Աբու Ալի Իբն Սինան, որ  առավել հայտնի է Ավիցեննա անունով, լայնորեն ու հաջողությամբ էր կիրառում մեղրը զանազան հիվանդությունների բուժման նպատակով: Պյութագորասը հավատացնում էր, որ խոր ծերության   է հասել    անընդհատ մեղր օգտագործելու շնորհիվ: Մեղրը եգիպտական փարավոնների գանձարաններում հայտնաբերված «Հրաշագործ բարիքներ» դեղամիջոցների շարքն է դասվել:  Հին ռուսական  բժշկարանների ձեռագրերում մեղրի օգտակարությանը նույնպես պատվավոր տեղ է հատկացված: Այն բազմաթիվ դարմանների բաղադրիչ է եղել: Դրա դերի ու նշանակության մասին խոսում է նաև այն փաստը, որ Եկատերինա  II-ի անձնական կնիքի վրա նույնպես մեղու է պատկերված:

Մեղրի բուժիչ հատկությունների գաղտնիքը

Գիտությունն ապացուցել է, որ մեղրի յուրաքանչյուր կաթիլի մեջ մարդու օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեցող   ավելի քան 70 նյութ կա.  մեղրի հիմնական բաղադրիչը ածխաջրերն են, գլյուկոզան (խաղողաշաքարը) և ֆրուկտոզան (մրգաշաքարը): Սովորական շաքարի համեմատությամբ` սրանք ավելի հեշտ են յուրացվում, նպաստում մկանային ուժին ու նորմալ աճին, ինչը շատ կարևոր է երեխայի աճման համար: Մեղրի պարբերաբար կիրառումը նպաստում է իմունիտետի բարձրացմանը` օրգանիզմը զանազան վարակների նկատմամբ դարձնելով ավելի ամուր կամ ուղղակի նպաստում է հիվանդությունների թեթև ընթացքին ու երկարացնում  կյանքը:

Մեղրի կանխարգելիչ հատկությունները

– Առաջին` մեղրը հակաբորբոքային հատկություն ունի: Ուստի ամեն օր քաղցած փորին մեկ գդալ մեղրը կարող է կանխարգելել կամ չխորացնել գոյություն ունեցող գաստրիտը, ստամոքսի խոցը, խոլեցիստիտն ու պանկրեատիտը: Արագորեն անցնելով ստամոքսաղիքային տրակտով` մեղրը սպանում է բոլոր վնասակար մանրէները ու կարգի բերում ստամոքսի լորձաթաղանթը, ինչպես նաև սպիացնում վերքերը:

– Երկրորդ` մեղրը հակաօքսիդացնող հատկություն ունի, հետևաբար կարող է  արգելակել  ուռուցքների առաջացումը:

– Երրորդ` այն  հրաշալի բնական հակադեպրեսանտ է: Այդ հատկության շնորհիվ է, որ  այն մարդիկ, որոնք կանոնավոր կերպով  ամեն առավոտ մեղր են օգտագործում, կարող են հաղթահարել քրոնիկ հոգնածության համախտանիշը, ինչը վերջին տարիներին տարածված է խոշոր քաղաքների բնակչության շրջանում: Նրանք նվազ ագրեսիվ են դառնում ու սթրեսային իրավիճակների նկատմամբ` ոչ այնքան ընկալունակ:

– Եվ, վերջապես, չորրորդ` առավոտյան մեղրի չափաբաժինը հրաշալի սնունդ է ուղեղի համար: Սովորական դարձած հաց ու երշիկի կամ  պանրի փոխարեն մեկ գդալ մեղրը կարգի է բերում ուղեղը: Այն հավասարաչափ օգտակար է թե՛ մեծերին և թե՛ փոքրերին:

Մեղրը լինում է տարբեր տեսակի

Հնդկացորենի մեղր

Այն հեշտությամբ է տարբերվում իր գույնով:  Լինում է մուգ դեղնավունից կարմրավուն  և նույնիսկ մուգ շագանակագույն երանգների: Այն բյուրեղանում է: Ամինաթթուների ու վիտամինների պարունակությամբ գերազանցում է ակացիայի մեղրին: Նրանում մեծ քանակությամբ ֆերմենտներ կան: Բավական է մեկ անգամ օգտագործել հնդկացորենի մեղր,  ու այլևս չեք շփոթի այլ մեղրի հետ: Այն քիչ կծվություն ունի, հատուկ համ ու հոտ: Դրանից կոկորդում այրոցքի զգացում չի լինում, ու կոկորդն էլ չի քերում: Հիմնականում դա մեծ քանակությամբ  երկաթի ու  սպիտակուցների արդյունք է: Դրա շնորհիվ այն խթանում է արյունատար օրգանները, թարմացնում արյունը: Օգտագործվում է նաև մի քանի հիվանդությունների կանխարգելման նպատակով, ինպես, օրինակ` սակավարյունությունը, անեմիան, ավիտամինոզը, օգնում է հոդային հիվանդությունների դեպքում, քութեշի ժամանակ: Կիրառվում է նաև լեղա- և երիկամաքարային հիվանդությունների ժամանակ, նպաստում  լյարդի ու  սրտամկանի  աշխատանքի կանոնավորմանը:

Լորենու մեղր

Կիրառվում է կոկորդաբորբի, հարբուխի, բրոնխիտի, բրոնխիալ ասթմայի, սրտամկանի թուլության, ստամոքսաղիքային տրակտի բորբոքումների, երիկամների հիվանդության, լեղուղիների հիվանդությունների դեպքում: Տեղային հրաշալի ազդեցություն է ունենում թարախային վերքերի ու այրվածքների դեպքում: Այն ուժեղ հակամանրէային հատկություն ունի:

Դաշտային մեղր

Առաջարկվում է գլխացավի, անքնության, հաճախասրտության դեպքում: Վառ դեղնավուն է, երբեմն` դեղնադարչնագույն: Այն առանց վարանելու կարելի է  բարձր կարգի մեղրերի շարքը դասել,  ստացվում է  երեքնուկից, հնդկացորենից, վայրի ճակնդեղից: Դաշտային բազմախոտ մեղրը հանգստացնող ազդեցություն է ունենում նյարդային համակարգի   արևահյուսակի վրա:

Մեղր կերեք ու առողջ եղեք:

 

Դիտվել է 3743 անգամ:
Print Friendly

Leave a Reply