Օլիմպիական ռինգը ձգում է հայուհիներին

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 8, 2011 7:00

Վերջին շրջանում հայուհիները փայլատակում են ռինգում, և  դա հպարտություն է առաջացնում: Խոսքը 24-ամյա Սյուզի Քենտիկյանի մասին է, որը բնակվում և մրցելույթներ է ունենում Գերմանիայում, և  Շվեդիայում ապրող 26-ամյա Արմինե Սինաբյանի մասին: Երևանում ծնված այս մարզուհիները օրերս իրենց հերթական լուրջ հաջողությանը հասան:

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի մարզապալատի ռինգում կայացած մրցամարտում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Քենտիկյանը  վստահորեն պարտության մատնեց թաիլանդցի Թերափորն Փաննիմիթիին և պաշտպանեց WIBF, WBA և WBO վարկածներով չեմպիոնական գոտիները: Ամբողջ հանդիպման ընթացքում մեր հայրենակցուհու առավելությունն ակնհայտ էր: Ի վերջո, կողային երեք մրցավարներն էլ նախապատվությունը նրան տվեցին: Սյուզին  29 հանդիպում է անցկացրել և միայն հաղթանակներ է տարել:

Ի դեպ, նրա երազանքն է դառնալ օլիմպիական խաղերի չեմպիոն: Ցավոք, պրոֆեսիոնալներին չեն թույլատրում մասնակցել  օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարին: Բայց հնարավոր է, որ  դա վերանայվի: Ինչպես հայտնի է, ներկայումս պրոֆեսիոնալ բասկետբոլիստները, թենիսիստները, հոկեյիստները մասնակցում են օլիմպիական խաղերին: Խոսակցություններ կան, որ 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերից առաջ սահմանափակումները հանվելու են նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար: «Եթե հնարավորություն ունենան մասնակցելու օլիմպիական խաղերին, աշխարհի չեմպիոնի իմ տիտղոսն անմիջապես վայր կդնեմ»,- ասել է Քենտիկյանը:

Սինաբյանն էլ Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձավ 64 կգ քաշայինների պայքարում:

«Նպատակս է աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալ և օլիմպիական խաղերին մասնակցել»,- Եվրոպայի առաջնության մրցանակակիր դառնալուց հետո ասել է Սինաբյանը:

Ինչ վերաբերում է նրա առաջիկա օլիմպիական խաղերի մասնակցությանը, ապա  որոշ դժվարություններ կան: Բանն այն է, որ «Լոնդոն 2012»-ի խաղերում կանայք հանդես են գալու միայն երեք` 51, 60 և 75 կգ քաշային կարգերում: 2012-ի  մայիսին կայանալիք աշխարհի առաջնությունում վիճարկվելու են օլիմպիական ուղեգրեր: Իսկ վարկանիշ լրացնելու համար նա պետք է փոխի իր քաշային կարգը: Հավելենք, որ Սինաբյանը պարապում է հոր` Գասպարի գլխավորությամբ և Հայաստանի հավաքականում է այն պատճառով, որ նրան Շվեդիայի հավաքական այդպես էլ չեն հրավիրել: Թերևս շվեդներն արդեն զղջացել են, բայց ուշ է:

 

 

 

 

 

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply