Հրաժարականները PR քայլ էին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 3, 2011 15:17

Վերջին օրերին Հասարակական լայն քննարկումների առիթ դարձած հրաժարականների թեման այսօր քննարկման առիթ դարձավ նաև սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի և ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համար: Նրանք Հայելի մամուլի ակումբում անդրադարձան հրաժարականների հետևանքներին և փորձեցին պարզել այդ հրաժարականների պատճառները:

“Կան երևույթներ, որոնք ունեն պատճառներ, պատճառների մեկնաբանություններ և հետևանքներ: Կադրային փոփոխությունները հետաքրքիր են իրենց հետևանքներով, քանի որ պատճառները պարզելը լինում է անհնար, կամ մի 50-100 տարի հետո պարզվում է, որ իրական պատճառն այս կամ այն էր, բայց արդեն ժամանակն անցած է լինում: Հետևաբար մենք պետք է քննարկենք ոչ թե ինչու են մեկին հանել կամ տեղափոխել, այլ դրա հետևանքներն ինչ ազդեցություն կարող են ունենալ իշխանական թևի կարողությունների նվազեցման կամ հզորացման վրա, և հանրային կարծիքը դա ինչպես կարող է գնհատել: ՀԱԿ-ից հեռացան մի քանի կարևոր դեմքեր, բայց ոչ մի լուրջ արձագանք չեղավ` գնացին` գնացին: Որովհետև ՀԱԿ-ն ունի մի դեմք, ով մի քանի աստիճան բարձր է, քան մյուսները, դրա համար մյուսների այդ հեռացումը ՀԱԿ-ի վարկանիշի վրա չազդեց”,- ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգի տեսանկյունից երևում է, որ երկու Կարեն Կարապետյանների հրաժարականները ինչ-որ ներքին կապ ունեն: Ըստ Ահարոն Ադիբեկյանի` հասկանալի է, որ այն մարդիկ, ովքեր արդեն ընդդիմադիր են դառնում գործող նախագահին, բայց դա հրապարակայնորեն չեն ներկայացնում, փորձում են թուլացնել իշխանության և Հանրապետական կուսակցության թիկունքը աննկատ եղանակներով: Այսինքն` թուլացնել այն մարդկանց, որոնք աջակցում են կուսակցության հեղինակության բարձրացմանը: Որպես փաստարկ սոցիոլոգը նշեց, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանի աշխատանքը հիմնականում դրական արձագանք թողեց բնակչության շրջանում, թեպետ այդ կրպակների տեղափոխումը կամ ոչնչացումը որոշ սոցիալական շերտերի շահերի վրա բավականին ազդեց: Բոլոր դեպքերում` կա մի  ներքին հատված իշխանության թևում, որը դեմ է գործող իշխանություններին: Որպես լայն արձագանք ստացած հրաժարականների երկրորդը հիմնապատճառ դիտարկվում է, որ կա երիտասարդական թև, որ կրթություն է ստացել Հայաստանում կամ Հայաստանից դուրս, ունի այլ արժեքային համակարգ, ու կա հին, փորձի վրա հիմնված, կյանքի իմաստությունը ձեռք բերած դեմքեր, և այս երկու թևերը ներքին պայքարի մեջ են իշխանության հասնելու համար: Բացի այդ, Ահարոն Ադիբեկյանը նշեց նաև, որ ընտրություններից առաջ և հետո միշտ էլ լինում են կադրային տեղափոխություններ: Մեր կադրային մշակույթի մեջ այդ երկու երևույթները դարձել են ավանդական և դրա տակ փնտրել ավելին, կլինի խոհանոցային ասեկոսեներ:

Իսկ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծիք հայտնեց, որ արժե ուշադրություն դարձնել, որ թե’ պաշտոնափոխությունները և թե’ հրաժարականները, ճիշտ է` այս վերջին 10 օրվա մեջ մի քիչ ակտիվ են,բայց սկվել են դեռևս 1.5 տարի առաջ` տարբեր նախարարների, փոխնախարարների փոփոխության տեսքով:

ՙԿարծում եմ, որ հանրությունը երբեք իր ակնկալություններում պատասխան չի ստացել, որովհետև այս նախարարենրի փոփոխության ժամանակ հանրությունը չիմացավ նախորդ նախարարների ինչ պրոբլեմների հետ էր կապված այդ փոփոխությունները` չնայած միշտ այն ակնկալիքը կար և հարցը միշտ ձևակերպված էր այդպես: Վերջին հաշվով ստացվում էր այնպես, որ կառավարության գլուխը գալիս էր շնորհակալություն էր հայտնում կատարված լավ աշխատանքի համար և առաջարկում նոր աշխատանք`անհասկանալի` ինչու, անհասկանալի լրատվամիջոցների և հասարակական տարբեր խմբերի համար: Թվում էր, թե կառավարությունը և, մեծ չափով, իշխանությունները, շատ անհաղորդ է հասարակության գնհատականներին ու ակնկալիքներին: Այդ թվում ոչ միայն լայն հասարակության, այլև փորձագիտական գնհատականներին ու վերլուծություններին՚,- ասաց Հրանուշ Խառատյանը:

Հիմա, ըստ ազգագրագետի, նույն բանն եղավ, ըստ էության, և որևէ անակնկալ տեղի չունեցավ: Հրանուշ Խառատյանը  չի համարում, որ սա որևէ կուսակցության հեղինակության բարձրացման խնդիր է և որ մեզ մոտ հեղինակությունները դժվար են բարձրացվում այս կարգի հարցերով` մեզ մոտ կուսակցությունների հեղինակությունները, եթե դրանք իշխող կուսակցություններ են, սովորաբար պարտադրվում են հասարակությանը, ոչ թե դրա համար ջանքեր են գործադրվում: ՙՄեզ մոտ կոալիցիոն իշխանություն է օրենսդիր մարմնում, և դա համապատասխանաբար արտացոլված է գործադիր մարմնում, և մենք այդպես էլ չգիտենք` այս կամ այն նախարարի համար կոալիցիոն մարմի՞նն է պատասխանատու, թե՞ տվյալ կուսակցությունը: Ես կարծում եմ, որ այս կադրային փոփոխություններից հանրությունը որևէ դրական սպասելիք չպետք է ունենա, բայց կարծում եմ նաև, որ ավելի վատ փոփոխությունների վախ էլ պետք է չունենա: Չեմ կարծում որ այս փոփոխությունները որևէ հեղափոխական փոփոխություն այս կամ այն ոլորտում պետք է արձանագրեն՚,- նշեց ազգագրագետը:

Ահարոն Ադիբեկյանն այս վերջին հրաժարականները մեկնաբանեց մեկ այլ ձևով ևս, որ ՀԱԿ-Հանրապետական ամբողջ այս  ութ ամիսների ընդդիմադիր պայքարը դարձավ երկրորդական: ՙՀիմա բոլորը խոսում են այս հրաժարականների մասին: Սա շատ կարևոր մի միջոց է հանրային կարծիքը շեղել մի խնդրից մեկ այլ խնդրի: Եվ եթե շարունակվեն կադրային փոփոխությունները, ՀԱԿ-ը դաշտից դուրս կմնա: Սա կարելի է PR քայլ գնհատել, սա հետևանքներից մեկն է: Իհարկե, սովորական քաղաքացու կամ գյուղացու վիճակը դրանից չի փոխվի, մարդիկ մնացել են նույն աշխատանքին երկրորդական պաշտոններում, բայց մարդկանց խոսակցության թեման կփոխվի: Դա առաջին դրական բանն է, որ կոալիցիան կարող է իր համար արձանագրել՚,- պարզաբանեց սոցիոլոգը:

 

Պատրաստեց` Գևորգ ԱՎՉՅԱՆԸ

 

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply