Մթին կասկածներ, կամ ինչո՞ւ են պատժվել մեր ծանրորդները

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 5, 2011 7:00

2008-ից հետո կրկին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար որակազրկել է Հայաստանի երկու ներկայացուցչի` Եվրոպայի փոխչեմպիոն Էլեն Գրիգորյանին և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գևորիկ Պողոսյանին:  Եվ քանի որ հատկապես այս մարզաձևի ներկայացուցիչների նկատմամբ  շատ զգուշավորություն է դրսևորվում,  մեր երկրի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարության պահանջով նրանք պարբերաբար ստուգումների են ենթարկվում: Հայաստանի սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հակադոպինգային բաժնի պետ, պրոֆեսոր  Արեգ Հովհաննիսյանին հարցրինք, թե սպասելի՞ էր կատարվածը:

– Անակնկալ է, որովհետև այդպիսի բան մտքներովս անգամ չէր անցնում: Պողոսյանը ստուգվել էր փետրվարի 8-ին, ապրիլի 2-ին, մայիսի 13-ին: Ընդ որում, Հայաստանի մասնագետները պաշտոնապես համատեղ են աշխատում հակադոպինգային «Վադա» միջազգային կազմակերպության հետ և ստուգումներ կատարում ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պատվերով` առաջին երկու ստուգումները կատարել են մեր մասնագետները: Մեկ անգամ էլ փորձաքննություն է իրականացրել  «Վադան»: Միջանկյալ ստուգում է կատարվել նաև Եվրոպայի առաջնության ժամանակ, որի արդյունքն էլ դրական է եղել: Գրիգորյանն էլ ստուգվել է ապրիլի 2-ին` Եվրոպայի առաջնությունից առաջ: Եվ մեկ անգամ էլ օտար մասնագետները ստուգել են նրան Եվրոպայի առաջնության մրցանակակիր դառնալուց հետո, որն էլ տխուր հետևանք է ունեցել:

Արգելված ի՞նչ դեղամիջոցների օգտագործման մասին է խոսքը:

– Չգիտեմ, այդ մասին առայժմ ոչինչ չի ասվել:

Հնարավո՞ր է, որ կատարվածը թյուրիմացություն լինի:

– Չի բացառվում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 5 հազար եվրո է մուծել, այսինքն` յուրաքանչյուրի համար` 2500, որպեսզի միջազգային հակադոպինգային կազմակերպությունը ևս մեկ անգամ, նաև երկրորդ փորձանմուշների ստուգում կատարի: Մինչև դեկտեմբերի 10-ը կհրապարակվեն երկրորդ փորձանմուշների ստուգումների պատասխանները, այն ժամանակ էլ ամեն բան ավելի պարզ կդառնա:

– Հնարավո՞ր է, որ մարզիկներն ինքնագլուխ այդպիսի քայլերի դիմած լինեն:

– Թերևս, հենց այդպես էլ լինում է, երբ այս առումով որևէ անցանկալի միջադեպ է պատահում: Ըստ «Վադայի» կոդեքսի` նման բոլոր պարագաներում մեղավորը մարզիկներն են:

Նախադեպ կա, որ որակազրկված որևէ մարզիկի երկրորդ փորձանմուշի ստուգումից հետո բացահայտվել է, որ նա ոչնչով մեղավոր չէ, և կատարվածը թյուրիմացություն է:

– Այդպիսի բան արձանագրվել է: Օրինակ` այս տարի պուերտոռիկացի մեկ մարզիկի առաջին փորձանմուշը համարվել է «կեղտոտ», սակայն երկրորդ փորձանմուշում ոչ մի բան չի հայտնաբերվել, և նրա պատիժը հանվել է:

Հայաստանի հակադոպինգային ծառայության անելիքն առաջիկայում ի՞նչ է լինելու, ի՞նչ հետևություններ պետք է արվեն:

– Պետք է ավելի հաճախակի ստուգումներ անցկացնել: Մենք դա էլ անում ենք:

Ի՞նչն է պատճառը, որ մեր մասնագետները և նրանց արտասահմանյան գործընկերները ստուգումներ են կատարում, փորձանմուշներն ուղարկում են ուսումնասիրությունների նույն լաբորատորիաները, բայց, ի վիրջո, պարզվում է, որ մեր մասնագետների ստուգումը ոչ մի խախտում չի հայտնաբերում, մինչդեռ արտասահմանայն գործընկերների ուսումնասիրության արդյունքը հակառակն է վկայում:

– Ասածս մեր մասնագետների և արտասահմանցիների աշխատանքի տարբերությանը չի առնչվում, սակայն մի ստուգումից մինչև մյուսը տևական ժամանակ է անցնում: Եվ այդ ընթացքում հնարավոր է` ամեն բան էլ պատահի: Բացի այդ,  հաճախակի ուրիշ մարզիկներ տարբեր դեղանյութեր են ավելացնում մարզիկների ուտելիքին կամ ըմպելիքին: Հնարավոր է` մարզիկի հետ որևէ մեկը սրճարան այցելի և նրա ուտելիքին բան խառնի: Այդպիսի դեպքերը շատ հաճախակի  են: Այդ է պատճառը, որ մարզիկներին խորհուրդ ենք տալիս խուսափել պատահական մարդկանց հետ սեղանի շուրջ ընկերակցությունից:

Գաղտնիք չէ, որ մեր ծանրորդներն ուժերը վերականգնելու համար սննդային տարբեր հավելումներ են օգտագործում: Հնարավո՞ր է, որ դրանցից որևէ մեկի բաղադրությունում արգելված դեղամիջոցներ են եղել:

– Պաշտոնապես բոլոր սննդային հավելումները ստուգվում են և նոր են մարզիկներին տրվում:

Կասկածներ եղե՞լ են որակազրկված մեր երկու ծանրորդների նկատմամբ: Ինչո՞ւ նրանք նախապես չէին ընդգրկվել այն մարզիկների թվում, ովքեր նախապատրաստվում են նոյեմբերի 5-13-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի համար:

– Հավաքականի մարզիկների ընտրության հարցի հետ  ինքս չեմ առնչվում:

Հակադոպինգային աշխատանքներում նորամուծություններ կա՞ն:

– Ներկայումս շտապ կարգով լրացնում ենք մեր մարզիկների հետ կապված մի շարք տվյալներ, որպեսզի նրանց թույլատրեն մասնակցել աշխարհի առաջնությանը: Եթե այդ տվյալները չլինեն, մերոնց պարզապես կարգելեն մրցահարթակ դուրս գալ աշխարհի առաջնությունում: Խոսքն այն մասին է, թե որտեղ, երբ են նրանք նախապատրաստական պարապմունքներ անցկացնում, հետո ինչ են անելու և այլն: Ընդ որում, հետաքրքրում են աշխարհի առաջնությունից առաջ և դրանից հետո մարզիկների անելիքները: Ժամանակը կարճ է, աշխատում ենք հասցնել, որ տվյալներն ուղարկենք:

Այդ խստապահանջությունը մեր մարզիկների որակազրկման հե՞տ է կապված:

– Ամենևին: Ինչպես նշվեց, սա նորույթ է, որը վերաբերում է աշխարհի առաջնության մասնակից բոլոր երկրների հավաքականներին:

Իսկ աշխարհի առաջնությունից առաջ հնարավո՞ր է, որ «Վադան» մասնագետներ ուղարկի, որպեսզի մեր ծանրորդներին ստուգեն:

– Փորձաքննություն կատարվելու է, սակայն այն մեր մասնագետներն են իրականացնելու:  Արդեն Տիգրան Մարտիրոսյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը ստուգվել են, մյուս մարզիկներն էլ պետք է մինչև աշխարհի առաջնությունը պարտադիր ստուգվեն:

Ստուգումների պատասխանները կա՞ն:

– Դեռևս ոչ:

Որպես կանոն, նախկինում, ուսումնասիրությունները կատարվել են Մոսկվայի կամ Քյոլնի լաբորատորիաներում: Այս անգա՞մ էլ:

– Ոչ: Փորձանմուշներն ուղարկվել են Ավստրիայի Զիլբերդորֆ քաղաքի լաբորատորիա: «Վադան» է դա պատվիրել: Ծանրորդներին այս առումով սպասարկում է գերմանական լաբորատորիան, իսկ ավստրիական լաբորատորիան ոչ միայն ծանրորդների, այլև աթլետների, հեծանվորդների, ձյուդոյիստների փորձանմուշներ է ուսումնասիրում:

Աշխարհի առաջնությունից հետո մերոնք էլի ստուգվելո՞ւ են:

– Ովքեր մրցանակակիր դառնան, անպայման կստուգվեն:

Գաղտնիք չէ, որ արգելված դեղամիջոցների օգնությանը դիմողների հիմնական հույսն այն է, որ որոշ ժամանակ անց «մաքրվում են», այսինքն` ոչ մի բանի հետք չի մնում: Դա ինչքանո՞վ է օգնում մերկացվելուց խուսափելու համար:

– Ցանկացած դեղամիջոց էլ իր ժամկետն ունի  մարդու օրգանիզմում չերևալու համար: Հնարավոր է, որ օգտագործելուց հետո մարզիկը չբռնվի, եթե ստուգումներ չեն կատարվում: «Վադան» դրսից քիչ մասնագետներ է ուղարկում այն երկրները, որոնցում փորձառու դոպինգի սպաներ կան: Դրանց թվում է նաև Հայաստանը: Վերջին երկու տարում այլ երկրների դոպինգի սպաներ միայն երկու անգամ են Հայաստանում ստուգումներ անցկացրել: Ընդ որում, նրանց հիմնական խնդիրն է եղել Ծաղկաձորում պարապող Ռուսաստանի հավաքականի լողորդներին ստուգելը:

Եվ մեր խնդրանքով փորձաքննության են ենթարկել նաև ծանրորդներ Տիգրան Մարտիրոսյանը և Գևորիկ Պողոսյանը: Ընդ որում, վերջինիս  դեպքում ամեն բան նորմալ է եղել:

Հնարավոր է, որ մերոնց որակազրկած լինեն միայն այն բանի համար, որ երկար ժամանակ Հայաստանից պատժվող չի եղել:

– Կրկնում եմ, ավելի հավանական է, որ նրանց ուտելիքին որևէ մեկը բան է խառնել, ասենք` էքստազի, որն արգելված դեղամիջոց է:

Որակազրկված ամեն մարզիկի փորձանմուշի ստուգման համար 2500 եվրո վճարելը թանկ հաճույք չէ՞:

– Բանն այն է, որ երկրորդ ստուգումը շատ մանրակրկիտ է կատարվում: Դրա համար մեծ աշխատանք է պահանջվում:

Մեր մասնագետների իրականացրած ստուգումների արդյունքով Հայաստանի մարզիկներից դոպինգ օգտագործելու համար բռնվողներ եղե՞լ են:

– Ոչ: Հայաստանի մարզիկներ չեն եղել, այլ երկրի ներկայացուցիչ` այո:

Իսկ համագործակցո՞ւմ եք Հայաստանի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների հետ:

– Հատկապես համագործակցում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ: Մասնավորապես, Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամները ցանկացած դեղամիջոց օգտագործելուց առաջ մեզ են հարցնում, թե կարո՞ղ են այն կիրառել, եթե նույնիսկ խոսքն ասպիրինին է վերաբերում:

Աստիճանաբար ավելանո՞ւմ է արգելված դեղամիջոցների ցուցակը:

– Վերջին տարիներին` ոչ, ընդակառակը` նվազում է: Շուրջ 3 հազար  արգելված դեղամիջոց կա: Իսկ պակասում է, քանի որ հաստատվում է, որ որոշ դեղամիջոցներ ամենևին էլ չեն նպաստում, որ մարզիկները բարձր արդյունքներ ցույց տան: Հիմնականում արգելվածների ցանկից հանվում են այն դեղամիջոցները, որոնք բուժումների համար հաճախակի են օգտագործվում:

Բայց տրամաբանությունը հակառակն է հուշում, որ աստիճանաբար այնպիսի դեղամիջոցներ պետք է ստեղծվեին, որոնք պետք է նպաստեին մարզիկների արդյունքների բարելավմանը, և դրանք էլ հետագայում կասկածելի դառնային և արգելվեին:

– Աշխարհում երեք լաբորատորիա կա, որոնք համագործակցում են դեղագործական  խոշոր ֆիրմաների հետ: Եվ դոպինգի առումով կասկածելի դեղամիջոցները մինչև վաճառքի հանելն արդեն լաբորատորիաները համապատասխան քայլեր են ձեռնարկում: Դրանք են նորաստեղծ  Փարիզի, Մոսկվայի, Քյոլնի լաբորատորիաները: Ընդ որում, Քյոլնում վերջերս եղել եմ, այն շատ հզոր է:

 

 

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply