Շարմազանովի խորհուրդը. «Թեթև նայեք պաշտոններին…»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 3, 2011 13:46

Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով վերջին շրջանում իրար ետևից տեղի ունեցող հրաժարականներին, լրագրողներին ասաց. «Իշխանությունը կենդանի օրգանիզմ է, և ինչպես ցանկացած օրգանիզմ, այստեղ էլ բնականոն պրոցեսներ են ընթանում: Ես չեմ կիսում այն մտահոգություններն ու սենսացիոն հայտարարությունները, որ հաճախ հանդիպում են ԶԼՄ-ներում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի նախագահի հրաժարականին, ապա նա հաստատեց պաշտոնական վարկածը, թե դա կապված է Հովիկ Աբրահամյանի կողմից նախընտրական շտաբը գլխավորելու հետ:

Շարմազանովը հայտնեց, թե չի կիսում այն տեսակետը, որ պաշտոններից հեռանում են Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունեցող մարդիկ. «Այդ երևակայությանը նույնիսկ երանի կտար Թոմաս Մորն իր «Ուտոպիա» աշխատության մեջ,-ասաց նա,-դա անհեթեթություն է»:

Շարմազանովը «Թոմաս Մորի» ոլորտից համարեց նաև  հարցը, թե արդյո՞ք հավանական համարում է իր թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում. «Բացառողն ու չբացառողը ես չեմ, համենայնդեպս ես նման հավակնություններ չունեմ և կարծում եմ, որ շատ ավելի արժանի գործիչներ կան մեր կուսակցության մեջ»,-ասաց նա:

Ի դեպ, Շարմազանովը խորհուրդ տվեց մի քիչ թեթև նայել պաշտոններին. «Մենք կոմունիստական ժամանակաշրջանում չենք ապրում, և շատ նորմալ է, որ բարձր պաշտոնյան հրաժարական է տալիս և հետո հայտնվում է այլ գործի»,-ասաց նա` օրինակ բերելով եվրոպական երկրների, Իսրայելի օրինակները, որտեղ նախկին նախագահները կամ վարչապետները հետո սովորական պատգամավորներ, նախարարներ են դարձել կամ անցել լրիվ այլ աշխատանքի:

 

Դիտվել է 722 անգամ:
Print Friendly

Leave a Reply