Հայկական տնտեսություն. էշ մի սատկիր` գարուն կգա

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 3, 2011 11:24

2009-ին Հայաստան հասավ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, իսկ 2010-ին անբարենպաստ կլիմայական պայմանները Հայաստանում ոչնչացրին բերքի մեծ մասը: Դրա հետեւանքով արագացավ գնաճի տեմպը: Սակայն ընթացիկ տարին պաշտոնյաները որակում են որպես դրական:

Իսկապես, տնտեսական ակտիվության աճը մոտենում է երկնիշի, տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում գրանցվում է աճ: Բացառություն է միայն շինարարությունը, որտեղ անկումը կարելի է, նույնիսկ, դրական գործընթաց համարել` հարուստ քաղաքացիների ավելորդ ֆինանսական միջոցների ներդրումների տեսանկյունից:

Այդ դրական թվերը պետք է արտացոլվեին օրինակ` ներմուծման եւ տեղական արտադրության հարաբերակցության վրա: Սակայն Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներն այդ դրական միտումների մասին լռում են: Մեկ տարում տավարի միսը թանկացել է 21,4 տոկոսով: Նվազագույն սպառողական զամբյուղում մսի օրական նորման 52,8 գրամից նվազել է մինչեւ 48,3 գրամ: Տարեկան դա կազմում է ավելի քան 1,5 կգ նվազում:

Սակայն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի բալանսում տավարի մսի աճը կազմել է 4 հազար տոննա կամ 14,8 տոկոս: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է նաեւ տավարի մսի ներմուծումը: Տավարի մսի ընդհանուր ռեսուրսներում ներմուծածի տեսակարար կշիռը 16,6 տոկոսից աճել է մինչեւ 19,2 տոկոս:

Խոզի եւ թռչնի մսի ռեսուրսներում համապատասխանաբար 2,6 եւ 2,3 տոկոսով աճել է տեղական արտադրության մասնաբաժինը:

Ձկան ռեսուրսներում եւս նվազել է ներմուծման բաժինը: Թեեւ ձկան տեղական արտադրությունը աճել է 0,5 հազար տոննայով կամ 11,8 տոկոսով, սակայն ընդհանուր ռեսուրսները նվազել են 0,3 հազար տոննայով կամ 11,8 տոկոսով: Ձկան ներմուծումը 1,5 հազար տոննայից նվազել է մինչեը 1,3 հազար տոննա:

Ցնցումներ են նկատվում օղու տեղական արտադրությունում: Ներմուծվող օղին արդեն կազմում է ընդհանուր ռեսուրսների 46,2 տոկոսը: Անցած տարվա հունվար-սեպտեմբերին այդ ցուցանիշը 37,1 տոկոս էր:

28,6 տոկոսով կրճատվել են ծխախոտի ընդհանուր ռեսուրսները` 194,1 միլիոն տուփից մինչեւ 138,5 միլիոն տուփ: Ներմուծման բաժինը 48,3 տոկոսից հասել է 62,9 տոկոսի: Ահա այսպիսի նվաճումներ ունենք հայրենի տնտեսությունում…

News.am

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply