ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է զոհված ազատամարտիկ Սամվել Վարդանյանի կիսանդրու բացման արարողությանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 2, 2011 17:41

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 2-ին Բյուրեղավան քաղաքի` Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում մասնակցել է զոհված ազատամարտիկ, «Արցախ» գնդի հրամանատար Սամվել Վարդանյանի ծննդյան 60-ամյա հոբելյանի և կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են նաև ազատամարտիկի հարազատները, մարտական ընկերները, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվը:

Սամվել Վարդանյանի կիսանդրու բացումից հետո ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես Սրբազան Աբրահամյանը կատարել է հոգեհանգստյան կարգ:

Իր խոնարհումը բերելով արցախյան ազատամարտի հերոսի հիշատակին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Այս օրը մեզ համար մի քանի խորհուրդ ունի, որոնցից երկուսին կցանկանայի անդրադառնալ: Առաջին խորհուրդը արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնելն է: Այսօր մենք հիշում ենք ոչ միայն Սամվել Վարդանյանին, այլ բոլոր զոհված ազատամարտիկներին և հավերժ փառք տալիս նրանց: Սփոփանքի խոսքեր ասելով նրանց հարազատներին` միաժամանակ պետք է բոլորս հպարտ լինենք մեր ընկերների օրինակով: Եթե նրանք չլինեին, մենք չէինք ունենա այսօրվա հաջողությունները, իսկ եթե նրանք էլ լինեին մեր կողքին, մեր հաջողությունները բազմապատիկ ավել կլինեին: Երկրորդ խորհուրդը` Սամվելի որակները մեր մատաղ սերնդին հաղորդելն է: Պետք է կրկնեմ, որ այս դպրոցի մուտքը արդեն դարձել  է ռազմահայրենասիրական դաստիարակության բաց դասարան: Մտնելով դպրոց` աշակերտները ամեն օր տեսնելու են Սամվելին և փորձելու են նմանվել նրան: Յուրաքանչյուր մայիս ամսին այս դպրոցից պետք է կյանք ճանապարհվեն նոր Սամվել Վարդանյաններ, իսկ սեպտեմբերի 1-ին այս դպրոց պետք է մուտք գործի նոր Սամվել Վարդանյան»:


 

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply