Քննարկվել են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի հարցեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 2, 2011 15:06

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում միջազգային փորձագետ Ուիլիամ Կովաչիկին: Վերջինս հակամենաշնորհային և սպառողների շահերի պաշտպանության բնագավառներում խորհրդատվություն է տրամադրել Հայաստանի, Բենինի, Եգիպտոսի, Էլ Սալվադորի, Վրաստանի, Գայանայի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Մարոկկոյի, Նեպալի, Պանամայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վիետնամի և Զիմբաբվեյի կառավարություններին:

Վարչապետը նշել է, որ մրցակցային դաշտի ամբողջական ապահովումը մեր երկրի համար դեռևս մնում է խնդրահարույց մի շարք օբյեկտիվ պատճառներով, սակայն կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ազատ և արդար մրցակցության ապահովման համար: Այդ տեսակետից, կառավարության ղեկավարը կարևորել է Ուիլիամ Կովաչիկի՝ հակամենաշնորհային քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ներկայացման շուրջ հետագա համագործակցությունը:
Ուիլիամ Կովաչիկն ընդգծել է, որ տպավորված է Հայաստանի հակամենաշնորհային քաղաքականությամբ և դրա շրջանակում իրականացված օրենսդրական փոփոխություններով: Միջազգային փորձագետի գնահատմամբ՝ կառավարության այս քաղաքականությունը միջազգային ասպարեզում համարվում է լավագույններից մեկը: Ուիլիամ Կովաչիկը վարչապետ Սարգսյանին առաջարկել է մշակել համապատասխան ռազմավարություն, որով էլ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կկառուցի իր հետագա քաղաքականությունը:
Այս առումով կառավարության ղեկավարը կոչ է արել Ուիլիամ Կովաչիկին և Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ աշխատել վերոնշյալ ռազմավարության և նոր առաջարկությունների ներդրման ուղղությամբ, որոնք կնպաստեն մեր երկրում հակամենաշնորհային քաղաքականության ամրապնդմանն ու զարգացմանը:

 

 

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply