Հայաստանի «միջին» քաղաքացու կյանքը զգալիորեն թանկացել է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 2, 2011 12:40

Գնաճի տեմպերը Հայաստանում թեեւ դանդաղել են, սակայն կյանքը զգալիորեն թանկացել է: Սպառողական զամբյուղի արժեքն այս տարվա երրորդ եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 7,4 հազար դրամով կամ 24,3%: Միջին ամսական աշխատավարձն այս տարվա սեպտեմբերին 114,5 հազար դրամ էր: Անցած տարվա նույն ամսվա համամեմատ այն աճել է 7,6 հազար դրամով:

Սպառողական զամբյուղի 56,5%-ը կազմում են հիմնական սննդամթերքները: Զամբյուղի պարենային մասի 61%-ն էլ հացամթերքն է` 461 գրամ: Այդ ֆոնին մյուս մթերքների օրական նորման բավական համեստ է. միսը անցած տարվա երրորդ եռամսյակի օրական 52,8 գրամից այս տարի նվազել է մինչեւ 48,3 գրամ: Ծիծաղելի թիվ է կազմում ձկան օրական նորման` 8,2 գրամից հասել է 2,5 գրամի: Ստացվում է տարեկան 3 կգ ձուկ:

Նվազագույն սպառողական զամբյուղի պարենային մասի չափազանց ցածր մակարդակի շնորհիվ պետությունը տարիներ շարունակ ձեւականորեն պայքարում է աղքատության դեմ: Համաշխարհային բանկի մեթոդոլոգիայով մշակած հայկական զամբյուղի շնորհիվ ՀԲ տեղի գրասենյակի պաշտոնյաները կենտրոնական գրասենյակ էին ուղարկում աղքատության դեմ պայքարում գրանցված դրական արդյունքները: Սակայն այդ բոլոր դրական միտումներն ընդամենը զամբյուղի հաշվարկի մեթոդոլոգիայի աճպարարություն էին: Համաշխարհային ճգնաժամից հետո Հայաստանի տասնյակ հազարավոր ընտանիքներ «ոչ աղքատների» խավից հայտնվեցին «աղքատների» մեջ:

Վերջին շրջանում Հայաստանում տեղի է ունենում արժեքների վերագնահատում: Երկար տարիներ անց դարձյալ կառավարության ուշադրության կենտրոնում մոռացված գյուղատնտեսությունն է: Վարչապետը խոսեց նաեւ եկամտահարկի պրոգրեսիվ բնույթի օգտին` հարուստների հարկային բեռը մեծացնելու համար: Ժամանակն է նաեւ վերանայել նվազագույն սպառողական զամբյուղը` աղքատության իրական պատկերը տեսնելու համար:

 

News.am

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply