Ծեծից սպանված բժշկին կամենում են արտաշիրմում կազմակերպել` պարզելու, թե ինչից է նա մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 2, 2011 10:34

4 ամիս առաջ Գյումրիում տեղի ունեցած շտապօգնության բժշկի աղմկոտ սպանությունից հետո իրադարձություները զարգացել են նորովի: Հիվանդի տանը, նրա 28-ամյա որդին` Արտակ Կարապետյանը ծեծելով սպանել էր «Շտապօգնության» 65-ամյա  բժիշկ Աշոտ Գրիգորյանին: Այս մասին փաստել էին դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

Սակայն հիմա, դեպքից 4 ամիս անց, բժշկի կնոջը` Ջուլիետա Գրիգորյանին հայտնի է դարձել, որ Արտակ Կարապետյանի հարազատներն ու փաստաբանը պահանջում են բժշկին անդրշիրիմում կազմակերպել` նոր փորձաքննություն անցկացնելու համար: Նրանք համաձայն չեն փորձաքննության տվյալների հետ, որի պատճառով գործը չի մտնում դատարան:

«Ես թույլ չեմ տա, որ նրան շիրիմից հանեն: Ինչի՞ համար հանեն, որ տեսնեն լավ են ծեծել, թե` ոչ: Տնից գնացել է ողջ-առողջ, նրան դիահերձել են, ոչ մի առողջական խնդիր չի ունեցել: Այդ օրն էլ սպասում էինք, որ ծնունդ գնանք, թոռնիկիս ծնունդն էր: Ինչ անդրշիրիմում, ինչ նոր փորձաքննություն, ես թույլ չեմ տա նրան մահվանից հետո էլ անարգեն»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է սպանված բժշկի կինը` Ջուլիետա Գրիգորյանը:

Վիրաբույժի կինն անհանգստանում է, թե ինչու գործը չի մտնում դատարան: Ըստ նրա, նախաքննական մարմինները գործը միտումնավոր ձգձգում են: «Փոխանակ գործը դատարան մտցնեն, ասում են անդրշիրիմում, ինչու՞ գործը դատարան չի մտնում, ի՞նչ են հետաքննում, ամեն ինչ պարզից էլ պարզ է: Եւ տուժողն է հայտնի, եւ սպանողը, եւ վկաները կան, հո ավտովթար չէ՞, որ ասեմ տուժողը պարզ չէ, կամ հետաքննում են հայտարարել: Հենց երկրորդ օրն էլ, եթե ուզեին կարող էին գործը դատարան մտցնել»,-դժգոհել է Ջուլիետա Գրիգորյանը:

Նոր փորձաքննություն անցկացնելու մասին խոսակցությունները տարածվել են նաեւ բժիշկների շրջապատում: Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով` դրա անհրաժեշտությունը պարզապես չկա: «Ինչ-որ փաստաբան ունեն, ես զարմանում այդ փաստաբանի հնարքների ու գիտելիքների վրա: Միթե կարելի է նման բան անել, հասկանում եմ, որ նրա գործը պաշտպանելն է, բայց թող պաշտպանի մարդկային բանականության սահմաններում: Ես իմ աչքերով առաջինն եմ տեսել մեր կոլեգային, նրա գանգը կապտած, հյուսվածքները վնասված, ինչի՞ մասին է խոսքը…»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նաեւ  անդրադարձել է նախաքննության երկարատեւ ընթացքին:

«Այդտեղ առանձնակի հետաքննություն անցկացնելու բան չկա: Երեւի գործը շուտով կմտի դատարան, կամ գուցե արդեն մտել է, ես չգիտեմ: Բայց ասեմ, որ նախաքննական մարմինները չեն կարող գործ սարքել, քանի որ սա էն դեպքը չէ, սա պարզապես սարքել հնարավոր չէ»,-նշեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը:

Նշենք, որ քրգործը մինչեւ այժմ Շիրակի մարզի քննչական գլխավոր վարչությունում է: Վարույթն իրականացնող ավագ քննիչ Վահրամ Բեյբությանի խոսքով՝ գործը կհանձնվի դատարան, երբ փորձաքննությունն ավարտված համարեն, իսկ դրա համար անգամ մոտավոր ժամկետներ նշել հնարավոր չէ: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ դեպքից 2 օր անց նախաքննական մարմինները հիմք ընդունեցին  դատաբժշկական փորձաքնության եզրակացությունը` այն մասին, որ բժշկի մահը վրա է հասել ծեծի արդյունքում, ինչի հետեւանքով նախապատրաստվեց քրեական գործ սպանության հատկանիշներով, իսկ Արտակ Կարապետյանը կալանավորվել էր: Իսկ ՀՀ առողջապահության նախարարության ամենաբարձր ամբիոնից խոստացան անել ամեն ինչ, նախ որ մեղավորն իր արժանի պատիժը գտնի եւ հետո հասկանան, որ բժշկին արժանի չէ նման վերաբերմունքի: Տեղական մակարդակով էլ բազում խոստումներ տվեցին, հատկապես, երբ լրատվամիջոցները անդրադարձան այն փաստին, որ երկրաշարժին տուն կորցրած բժշկին հուղարկավորում են հանրակացարանից:

Աշոտ Գրիգորյանի նկարը այսօր էլ հանրակացարանի նույն սենյակի պատին է, որտեղ վիրաբույժն անցկացրել է կյանքի վերջին տարիները եւ ուր հիմա նրա կինն է բնակվում: Ջուլիետա Գրիգորյանը դժգոհ է նաեւ հանրության վերաբերմունքից: Նրա խոսքով` շատ հեշտությամբ ու արագորեն մոռացության մատնվեց մի մարդ, ով տարիներ շարունակ ծառայել էր ժողովրդին ու մեծ ավանդ ուներ թողած առողջապահության ոլորտում:

«Նրան պիտի հետմահու պարգեւատրեին, որպես իր գործը բարեխղճորեն կատարած մարդու, ով մահվան ճիրաններում անգամ կատարել է իր պարտականությունը, սակայն գոնե փոխհատուցում չեն տվել: Միայն թաղման ծախսերը հոգացին, խոստացան, որ գերեզմանը կկառուցեն, բայց դա էլ չարեցին: Միայն թաղումը կազմակերպեցին, այն էլ բժիշկների, իր կոլեգաների հանգանակությունների հաշվին, իսկ պետական մակարդակով ոչինչ չարվեց»,-NEWS.am-ի թղթակցին պատմել է սպանված վիրաբույժի կինը:

Մահացած վիարբույժի ընտանիքին դուրս են թողել նաեւ բնակարանի հերթացուցակներից: Այն դեպքում երբ վիրաբույժը երկրաշարժին 4 սենյականոց բնակարան է կորցրել քաղաքի կենտրոնում: Արթիկում նրան հատկացված ծառայողական բնակարանը համարել են փոխհատուցում:

 

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply