Հովիկ Աբրահամյանը հաստատել է իր հրաժարականի լուրը. ամսի 14-ին կներկայացնեմ հրաժարական

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական | | November 2, 2011 0:27

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը: «Այո, կուսակցությունն ինձ առաջարկել է լինել ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետ, ես էլ առաջարկել եմ թողնել ԱԺ նախագահի պաշտոնը եւ զբաղվել նախընտրական շտաբը ձեւավորելով»,- այս մասին, այսօր` նոյեմբերի 1-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե շուտ չի՞ նման գործերի համար, նա արձագանքել է. «Շուտը ո՞րն է, 5 ամիս ժամանակ է մնացել»:

Հարցին, թե չի՞ քննարկվել ԱԺ հաջորդ նախագահի թեկնածությունը, Հ. Աբրահամյանը բացասական պատասխան է տվել: «Նման հարց չենք քննարկել, դա պրոցես է: Ամսի 14-ին կլինի ԱԺ նիստ, ես կներկայացնեմ իմ հրաժարականը, որը կանոնակարգի համաձայն, ուժի մեջ կմտնի ամսի 20-ին»

Նա բացառել է, որ իր հրաժարականը կապ ունի Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի հետ. «Հիմա գոնե Գագիկ Ծառուկյանը եւ ՀՀԿ-ն ջերմ հարաբերությունների մեջ են»:

Հովիկ Աբրահամյանը հերքեց նաեւ, որ ՀՀԿ խորհրդում քննարկվել է նաեւ Արմեն Գեւորգյանի հրաժարականի հարցը: «Ոչ մի հարց չկա, որեւէ նման բան չի քննարկվել: Խոսել ենք նախընտրական շտաբի մասին: Որոշվել է, որ ես զբաղվեմ շտաբով, քանի որ մենք շատ ենք կարեւորում 2012-ի մայիսի ընտրությունները, որպեսզի մեն կուսակցությունը հաղթի»:

Լրացուցիչ հարցին, թե բացառո՞ւմ եք փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հրաժարականը, ԱԺ նախագահն արձագանքել է. «Ոչ մի բան աշխարհում մի բացառեք, ես էլ չեմ բացառում»:

NEWS.am

 

Դիտվել է 1655 անգամ:
Print Friendly

Leave a Reply