Ադրբեջանական կայքում տեղադրված սպանված զինվորի լուսանկարը հայի չէ. Ադրբեջանն «էժանագին խաղ է տանում»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 11, 2009 13:22

Երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին հաղորդագրություն` իբր թե հայկական ԶՈՒ ստորաբաժանումներն անհաջող գրոհ են ձեռնարկել Աղդամի ուղղությամբ, որի հետևանքով 5 հայ զինծառայող զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել: Դեպքի առնչությամբ պաշտոնական հերքումով երեկ հանդես է եկել նաև ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը:

Նույն օրը երեկոյան ադրբեջանական «vesti.az» կայքը հարցազրույց է տպագրել ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի հետ, ով, չկարողանալով պատասխանել հարցին, թե դիակների բացակայության պայմաններում ինչպե՞ս կարելի է խոսել զոհերի կոնկրետ թվի մասին, ասել է, թե «ցանկացած հարձակում ուղեկցվում է անձնակազմի կորուստներով՝ անկախ նրանից՝ հայկական կողմը կհրապարակի կորուստների թիվը, թե ոչ»:

ՀՀ ՊՆ-ն, հակադարձելով ադրբեջանական ստահոդ լուրերին, այսօր նշել է, որ ««Ռազմական փորձագետ» Ջաֆարովի և ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվական այս էժանագին խաղը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը փորձում է հերթական անգամ բարձրացնել իր բանակի և հասարակության «մարտական ոգին»՝ միաժամանակ ապակայունացնելով իրավիճակը: Ասվածի ապացույցը նաև «vesti.az» կայքում տեղադրված սպանված մեկ զինվորի լուսանկարն է՝ մակագրված որպես «զոհված հայ զինվորներ»: Սակայն զավեշտալին այն է, որ լուսանկարում պատկերված է 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմի ժամանակ սպանված վրացի զինվորի դիակ, որն արդեն տեղադրված է եղել www.kprf.ru ՌԴ կոմունիստական կուսակցության կայքում (http://kprf.ru/international/59203.html)»:

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply