Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինին` ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (UNESCO) անդամի կարգավիճակ շնորհելուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2011 22:50

Ըստ UNESCO-ի տվյալների, Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներից կողմ են քվեարկել նաեւ Թուրքիան, Իրանը եւ Ադրբեջանը: Վրաստանը ձեռնպահ է մնացել:

Իսկ ահա ԱՄՆ-ը, ի պատասխան Պաղեստինին UNESCO-ի անդամի կարգավիճակ շնորհելուն, դադարեցրել է UNESCO-ի ֆինանսավորումը:

Այս որոշման պատճառ է հանդիսացել 90-ականներին ԱՄՆ-ում ընդունված օրենքը, որը պարտադրում է Վաշինգտոնին դադարեցնել ՄԱԿ-ի ցանկացած մարմնի ֆինանսավորումը, եթե այն համաձայնի Պաղեստինին որպես անդամ ընդունել նախքան Իսրայելի հետ բանակցային ճանապարհով խաղաղ կարգավորման հասնելը։

Երեկ Փարիզում անցկացված UNESCO-ի 36-րդ Գլխավոր համաժողովում ձայների 107 կողմ, 14 դեմ, 52 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշում կայացվեց Պաղեստինին որպես 195-րդ պետություն կազմակերպությունում ընդգրկելու վերաբերյալ։

Իսրայելը, Գերմանիան, Նիդեռլանդները, Շվեդիան եւ Միացյալ Նահանգները որոշման դեմ քվեարկող երկրների շարքում էին։

Միացյալ Նահանգները տարեկան շուրջ 70 միլիոն դոլար է նվիրաբերում  UNESCO-ին, ինչը կազմում է այդ կազմակերպության ընդհանուր բյուջեի շուրջ մեկ քառորդ մասը։ Նոյեմբերին ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության համար նախատեսված գումարների մի զգալի մասը՝ շուրջ 60 միլիոն դոլար, փաստորեն չի փոխանցվի, հաղորդում է «Ազատությունը»:

Հիշեցնենք, մոտ 1 ամիս առաջ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը պաշտոնապես դիմել էր ՄԱԿ-ին՝ անդամություն ստանալու հարցով, թեեւ ԱՄՆ-ը եւ Իսրայելի դաշնակից մի շարք զարգացած երկրներ նրան կոչ էին անում չգնալ այդ քայլին։ Նոյեմբերի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկելու է Պաղեստինի անդամության դիմումը։ Միացյալ Նահանգները սպառնացել է կիրառել վետոյի իր իրավունքը՝ Պաղեստինի անդամության հարցը արգելափակելու համար:

NEWS.am

 

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply